Պետությանն է մնում ընտրել մեկը երկու ուղիներից՝ կռիվ կամ համագործակցություն. Արարատ քահանա Պողոսյանը Եկեղեցին հարկելու՝ ՔՊ-ի նոր նախաձեռնությանն ի պատասխան

Եկեղեցին իրական հարկատուի և քաղաքական հաշվեհարդարի և անարդարության զոհի դերում

Հարկատվությունը՝ որպես պետության բնականոն զարգացման օրինաչափություն, բարոյական պարտավորվածություն է յուրաքանչյուր ինքնահարգ և պետականամետ անձի կամ ընկերության համար։ Պետության գոյաբանության ապահովման գործում առաջնահերթություն է ֆինանսական հսկայական միջոցների առկայությունը՝ երկրի անվտանգային, առողջապահական, գիտակրթական, մշակութային, շինարարական, սոցիալական և այլ ոլորտների կարիքները հոգալու և առաջընթաց արձանագրելու նպատակով։
Պատմականորեն, դեռևս Հին Հունաստանում և Հռոմում անձնական հարկերի վճարումը հավասարեցվում էր ստրկությանը, և ազատ քաղաքացիների մի ստվար մաս նվաստացուցիչ էր համարում հարկ վճարելը։ Հին աշխարհի բնակիչները պատրաստ էին կամավոր վճարումներ կատարել, սակայն չէին ցանկանում պարտադիր հարկեր վճարել․ նրանց համար առավել ընդունելի և հարգի էր հարկեր հավաքագրել պարտված թշնամիներից։

Հայոց պատմությունից հայտնի է, թե ինչքան ծանր, իսկ որոշ դեպքերում նաև նվաստացուցիչ հարկեր էին սահմանված հայ ժողովրդի համար՝ հատկապես պարսկական, արաբական և թուրքական տիրապետությունների շրջանում։ Հայ ժողովրդին, նաև Եկեղեցուն անմարդկային կերպով հարկելու բազմաթիվ պատմություններ և դրվագներ են պահպանվել։

Եկեղեցին ներկայումս ընկերային կարևոր դեր ունի հանրության մեջ, որի անտեսումը կարող է հանգեցնել պետության համար անցանկալի բացասական հետևանքների։ Այսօր պետության և Եկեղեցու փոխհարաբերությունների ուսումնասիրությունն օրախնդիր է, առավել քան արդիական, քանի որ հարկերի բարեխիղճ վճարման բարոյական դրդապատճառները ոչ պակաս կարևոր են, քան հարկային վարչարարության հրամայական մեթոդները։

Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչներ, փորձելով հասարակության շրջանում ձևավորել սուտ և թյուր տեսակետներ, իրար հերթ չտալով՝ ճամարտակում են Եկեղեցուն հարկելու մասին․ իբրև թե Եկեղեցին հարկեր չի վճարել առ այսօր։ Ի լուր ամենքի պետք է վկայել, որ Եկեղեցին օրենքով սահմանված կարգով պետությանը հարկեր է մուծել և շարունակում է մուծել։ Դա անժխտելի փաստ է, և այդ մասին են վկայում նույնիսկ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ցուցակները։ Եկեղեցին խոր գիտակցությամբ ու մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում հայրենի երկրին հարկ վճարելուն, այդ եղանակով ևս նրա անվտանգությունն ապահովելուն, սակայն օրվա քաղաքական իշխանությունը խոհեմություն պետք է դրսևորի՝ այդ հարկային եկամուտները նպատակաուղղելու հայերնաշինությանը, ոչ թե անհիմն, չվաստակված պարգևավճարների։

Միաժամանակ, Եկեղեցին չի մոռացել ոչ միայն կամավոր տասնորդի, այլև իր անշարժ և շարժական գույքերի մասին։ Բավարար է թերթել Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Ջամբռ» աշխատությունը և պահպանված վավերագրերը՝ պատկերացում կազմելու այն նյութական գույքերի և մշակութային արժեքների վերաբերյալ, որոնք պատկանել են Եկեղեցուն և բռնագրավվել ոչ վաղ անցյալում՝ աթեիստական հասարակարգի օրոք։ Տպավորություն է՝ նույնական են այդ օրերի և այսօրվա իշխանությունների մոտեցումները ազգային արժեքների և Եկեղեցու հանդեպ։ Իշխանությունների՝ Եկեղեցին հարկված տեսնելու կեղծ օրակարգն առաջ մղելու անիմաստ մարմաջը ոչ այլ ինչ է, քան քինախնդրության և հաշվեհարդարի դրսևորում ազգապահպանության հիմնասյուների՝ Հայրենի հողի, Մայրենի լեզվի և Ազգային Եկեղեցու նկատմամբ։

Ասվածն ամփոփելու համար արդիական են հնչում Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի խոսքերը․ «Հայ եկեղեցին միշտ մերկացնելու է իշխողի կամայականությունը, խարազանելու է կեղծիքն ու սուտը, ցավակցելու է տառապյալներին ու վշտակիրներին, պաշտպանելու է աշխարհի թույլերին՝ ամենուր քարոզելով և տարածելով աստվածային մնայուն ճշմարտություններ։ Հայ եկեղեցին մի նշանաբան ունի՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ, և գործելու մի կերպ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ։ Ով դավանում է նրա նշանաբանին՝ լինի պետություն, թե կուսակցություն, թե անհատ, կունենա Եկեղեցու համագործակցությունը։ Ով հակառակ կգնա այս մեծ նշանաբանին՝ կլինի ժողովրդի թշնամի, որի դեմ եկեղեցին կռիվ կհայտարարի։

Պետությանն է մնում ընտրել մեկը երկու ուղիներից՝ կռիվ կամ համագործակցություն»։

Արարատ քահանա Պողոսյան

Տեսանյութեր

Լրահոս