Էդ փաստաթղթերը թող հրապարակեն, ասեն՝ ժողովուրդ, սենց ենք անում. ինչի՞ են գաղտնի պահում. Սերժ Սարգսյան

Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց իր բազմիցս ասված տեսակետը, որ Հայաստանի իշխանությունների կողմից անմտություն է՝ առանց միջնորդների բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։

«Ախր շատ պարզ լուծվելիք խնդիր է, կա միջազգային փորձ, միջազգային ատյաններ։ Եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու հանգամանքից, ապա ամեն ինչ բոլորովին այլ կերպ կլիներ։ Եվրոպայի խորհուրդը կամ  Եվրոպական միությունը չի կարող իր նշած ստանդարտներից կա՛մ ցած իջնել, կա՛մ վեր բարձրանալ։ Եթե հիշում եք, ես ասել եմ, որ անմտություն է առանց միջնորդների վարել բանակցություններ։ Բայց երբ արդեն մտել են այդտեղ, ես այլևս ի՞նչ կարող եմ ասել»,- նշեց Սերժ Սարգսյանը։

Իսկ եթե լինեին միջնորդները, ապա, Երրորդ նախագահը վստահություն հայտնեց, որ Տավուշում սկսված սահմանազատումն այլ կերպ կընթանար, նախ Հայաստանը կունենար հստակ դիրքորոշում, հանրությունն էլ կունենար տեղեկություն, թե ինչի հիման վրա է տեղի ունենում սահմանազատումն ու սահմանագծումը:  ՀՀ օրվա իշխանությունը մեկ ասում էր, որ 1976 թվականի քարտեզով է սահմանազատում լինելու, հետո հերքեցին, ապա կրկին հաստատեցին։

«Որևէ մեկը տեսե՞լ է այդ քարտեզը, որի հիման վրա անում են։ Եթե իրենց արարքի մեջ անընդունելի բան չկա, ապա ինչո՞ւ ամեն ինչ բաց չեն անում։ Ես մեզ չեմ գովում, բայց մենք նույնիսկ բանակցային գործընթացի մասին 90 տոկոսով ասում էինք, թե ինչը ինչպես է, եթե դա չէր խանգարում մեր բանակցությունների հետագա փուլերին, այն, ինչը խանգարում էր, դրա մասին չէինք խոսում։ Հիմա իրենք ինչո՞ւ են գաղտագողի անում»,- շեշտեց Սերժ Սարգսյանը։

Կարդացեք նաև

Երրորդ նախագահը նաև ասաց, որ 4 թե 5 տարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ընթանում էին բանակցություններ, սահմանազատման աշխատանքներ, թեև դա չէր համարվում սահմանազատում կամ սահմանագծում, որովհետև Գերագույն խորհուրդների մակարդակով չէր դա արվում, քանի որ այդպիսի կարգ կար։

«Մեր կողմից այդ գործընթացը ղեկավարում էր Վլադիմիր Մովսիսյանը, և այդ փաստաթղթերը կան։ Թեև մեր պատգամավորների հարցումներին, մեկ ասում են՝ կա, մեկ ասում են՝ չկա, ասում են՝ գաղտնիության գրիֆն ավելի է խստացել և այլն։ Բայց այնտեղ ի՞նչ գաղտնիք կարող է լինել, ո՞ր պետական գաղտնիքը պետք է բացահայտվի, միակ գաղտնիքն այն կարող է լինել, որ այդ փաստաթղթերից շեղում կա, որը մեզ օգուտ չէ։ Մենք ունեինք և այսօր էլ ունենք օրենք, որ գաղտնիության մակարդակ սահմանում է և դեպի վեր, և դեպի ցած այն մարմինը, ով պատասխանատու է այդ հանգամանքի համար։ Լավ, բա ինչո՞ւ են բարձրացրել գաղտնիության մակարդակը, թող հրապարակեն, մի հատ էլ ասեն՝ ժողովուրդ, մեզանից ի՞նչ եք ուզում, տեսեք, 1988 թվականին այսպես է եղել, ինչո՞ւ չեն անում»,- հարցով ավարտեց միտքը Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս