Թուրք-ադրբեջանական տանդեմը կանգնած է Նիկոլ Փաշինյանի մեջքին, պատրաստ են նույնիսկ բռնի ուժով պահել Նիկոլի իշխանությունը. Տիրան Լոքմագոզյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խիստ անհանգստացրել է Թուրքիային և Ադրբեջանին, որտեղից ներկա և նախկին պաշտոնյաները, լրատվամիջոցների ներկայացուցիչներն արդեն բացահայտ իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին։

Այսօր թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ մեծ լսարան ունեցող թուրքական «Independent Türkçe»-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը երեկ իր հարցազրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»։

Ավելի վաղ Թուրքիայից կրկին հայտարարություններ էին հնչել, մասնավորապես,  եթե անհրաժեշտություն լինի, Թուրքիան և Ադրբեջանը պետք է համատեղ զորք ուղարկեն՝ Հայաստանում իրավիճակը հսկելու համար։

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագոզյանն անդրադառնալով Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող այս և նույնաբովանդակ այլ  հայտարարություններին, նկատեց՝ զարմանալի որևէ բան չկա։

Կարդացեք նաև

«Այս հայտարարություններն այն մասին են, որոնց մասին բազմիցս մենք խոսել ենք՝ Նիկոլ Փաշինյանն ընդունելի է Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Մենք արդեն 5 տարուց ավելի ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանն ով է, ում համար է աշխատում ու ինչ է անելու, այդ պատճառով զարմանալի բան չկա։

Իսկ այսօր, երբ Ադրբեջանում ու Թուրքիայում տեսնում են, որ հայ ժողովուրդը փողոցում է, դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը, անհանգստացած են, մտածում են, եթե նա հեռանա՝ իրենց ծրագրերը չեն կարողանալու մինչև վերջ իրականացնել։  Թուրք-ադրբեջանական տանդեմը կանգնած է Նիկոլ Փաշինյանի մեջքին, ինչպես արդեն տեսնում եք Թուրքիայից հնչող հայտարարություններից, նրանք պատրաստ են նույնիսկ միջամտել ու բռնի ուժով ՀՀ-ում պահել Նիկոլի իշխանությունը»,- նշեց Տիրան Լոքմագոզյանը։

Նա ընդգծեց՝ Թուրքիան ու Ադրբեջանը բազմիցս հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը բխում է իրենց շահերից, ի վնաս ՀՀ շահերի։ Այդ երկու երկրներն ամեն կերպ փորձում են պահել Փաշինյանին, քանի որ դեռևս ավարտին չեն հասցրել իրենց ծրագրերը։

«Նիկոլ Փաշինյանը ստում է հայ ժողովրդին, ասում է՝ խաղաղություն ստանալու համար պետք է տարածքներ զիջենք, իսկ Ալիևն էլ դրան զուգահեռ՝ Հայաստանին նոր պահանջներ է ներկայացնում։

Լավ իմանալով թշնամու դիվանագիտությունը, արդեն քանի տարի է՝ ասում եմ, որ չի կարելի թշնամուն որևէ թիզ հող զիջել, քանի որ թշնամին բնավորություն ունի, որքան նրան զիջում են, այնքան նա ցանկանում է շատ ստանալ, քանի տալիս են, կփորձեն ավելին ստանալ»,- շեշտեց Տիրան Լոքմագոզյանը։

Թուրքագետը միաժամանակ նշեց՝ Հայաստանում կերազեին, որ Թուրքիայում ու Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար լիներ, ինչ ուզեին՝ կստանային։ Ավելին՝ Թուրքիայում ու Ադրբեջանում արդեն խոսում են Երևան մտնելու մասին, եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ աստիճանաբար դրան էլ հասնեն։

«Հայոց պատմության ողջ ընթացքում ՀՀ-ն չի ունեցել այնպիսի ղեկավար, որն այսքան ընդունելի լինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, ինչպես Փաշինյանն է ընդունվում։ Իհարկե, եղել են դրածոներ, բայց նրանք էլ այսքան շատ ընդունելի չեն եղել։ Շատ կասկածելի է՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հայ է, նույնը կարող եմ ասել իշխանության մի քանի ներկայացուցիչների մասին։ Այնպես որ, այս ամենից հայ ժողովուրդը պետք է հետևություն անի»,- եզրափակեց Տիրան Լոքմագոզյանը։

Տեսանյութեր

Լրահոս