Բաժիններ՝

Ուկրաինան Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ ստորագրել է անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագրեր

Ստոկհոլմում տեղի է ունեցել Ուկրաինայի և Հյուսիսային Եվրոպայի երկրների գագաթնաժողովը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ գագաթնաժողովին մասնակցել են Շվեդիայի, Դանիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները։ Երկրները համատեղ հայտարարություն են տարածել։

Համատեղ հայտարարությունը հրապարակված է Շվեդիայի կառավարության կայքում։

Գագաթնաժողովի ընթացքում Զելենսկին անվտանգության շուրջ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Շվեդիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի հետ։ Այսպիսով, Ուկրաինան արդեն նման համաձայնագրեր ունի Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրների հետ։

Ըստ հայտարարության տեքստի՝ Հյուսիսային Եվրոպայի երկրները մինչ օրս Ուկրաինային տրամադրել են ավելի քան 17 միլիարդ եվրոյի ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցություն։ Նրանք խոստացել են շարունակել երկարաժամկետ աջակցությունն Ուկրաինային, ինչը կարևոր է «եվրոպական, եվրաատլանտյան և համաշխարհային անվտանգության համար»։

«Մենք առանձին և համատեղ կշարունակենք ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը, ծովային և ցամաքային պատերազմի կարողությունները։ Մենք կշարունակենք նպաստել ուսուցմանը, սարքավորումներ տրամադրել, աջակցել համատեղ գնումներին և ֆինանսական ներդրումներ կատարել՝ մեղմելու Ուկրաինայի սուր կարիքները և նպաստելու Ուկրաինայի ապագա պաշտպանական ուժերի կառուցմանը», – նշված է հայտարարության մեջ:

Մեծ յոթնյակի երկրները 2023 թվականի ամռանը Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել էին Կիևի հետ անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագրեր կնքելու մտադրության մասին։ Ավելի վաղ Ուկրաինան նման համաձայնագրեր է ստորագրել Պորտուգալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Լատվիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս