Թյուրքական աշխարհն ու հովանավորները՝ ի աջակցություն Փաշինյանի․ Բագրատ սրբազանի պայքարը լրջորեն անհանգստացնում է Թուրքիային, Ադրբեջանին ու Իսրայելին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրեցօր աճող շարժումը լուրջ անհանգստություն է առաջացրել թյուրքական աշխարհում և նրանց հովանավոր երկրներում։

Առաջին անգամը չէ, որ ինչպես համապատասխան վերլուծաբանները, այնպես էլ 168am-ը ուշադրություն է հրավիրում այն հրապարակումների ու մեկնաբանությունների վրա, որոնք տեղ են գտնում թյուրքական երկրների մամուլի էջերում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի և ընդդեմ ՀՀ-ում գեներացվող ժողովրդական շարժման։

Փոքրիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է՝ հասկանալու համար, որ մինչ ռուսական, արևմտյան՝ եվրոպական կամ ամերիկյան մամուլը լուսաբանում են իրադարձությունները ամենաքիչ ու չեզոք մեկնաբանությամբ, ապա թուրք և ադրբեջանցի վերլուծաբանները, դիվանագետներն ու դեսպաններն օրուգիշեր ՀՀ ներքին կյանքն են քննարկում և սցենարներ հյուսում, թե ինչպես Թուրքիան կարող է աջակցել Փաշինյանին իշխանությունը պահելու գործում։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու է այդպես։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այսօր իր հերթական հրապարակման մեջ ներկայացրեց, թե ինչպես է Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներից մեկի՝ Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքն իր հարցազրույցում ասել, որ Փաշինյանին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը։ Ի դեպ, Չիչեքի հարցազրույցի այս հատվածն այժմ ադրբեջանական մամուլի գլխագրերում է, որտեղ ամենօրյա ռեժիմով աջակցություն են հայտնում Փաշինյանին, իսկ մի փոքր ավելի վաղ կրկին հանդես են եկել նույն առաջարկով, ինչ վերոնշյալ թուրք խմբագիրը։

Կարդացեք նաև

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը ևս գովել է Նիկոլ Փաշինյանին։

«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրները թողնել ապագա սերունդներին»,- ասել է թուրք դիվանագետը, որի խոսքը մեջբերում է «Ենի Մուսավաթ» հրատարակությունը:

Ըստ Քըլըչի՝ Փաշինյանը տեսել է, որ պատմական հայկական հողերի գաղափարը սխալ է, և ընդունել է իրականությունը։ «Փաշինյանը հասկացել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հիմնված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա: Նա գիտակցում է, որ խաղաղության հասնելու դեպքում հայ ժողովուրդը կշահի տարածաշրջանի հարստություններից և կբարգավաճի։ Ակնկալում ենք, որ այս գործընթացը շուտով կավարտվի։ Խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և կծառայի տարածաշրջանի ժողովուրդների բարեկամությանը։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և սատարի նրան՝ այսպիսով այսօրվանից նախապատրաստելով իր ապագան»,- նշել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը։

«The Jerusalem Post» պարբերականում իսրայելցի գիտաշխատող վերլուծաբան Մորդեչայ Քեդարը վերլուծում է ԻԻՀ նախկին նախագահ Իբրահիմ Ռաիսիի մահվան հետևանքը հայ-իրանական և իրանա-ադրբեջանական հարաբերությունների և հարավկովկասյան զարգացումների վրա։ Հոդվածագիրը մտավախություն է հայտնում, որ եկեղեցու առաջնորդությամբ զարգացող շարժումը կարող է հաջողության հասնել, թուլացնել Փաշինյանի դիրքերը, որը, իսրայելցի վերլուծաբանի որակմամբ, հաշտարար քաղաքականություն է իրականացնում և ձգտում հանդարտեցնել իրավիճակը, կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ։

«Հայ Եկեղեցին բորբոքում է կրոնական և ազգային զգացմունքները և ամրապնդում Լեռնային Ղարաբաղի լիակատար բռնակցման կոչի ձայնը։ Եկեղեցին հրապարակավ հանդես է գալիս կառավարության որոշումների դեմ և հօգուտ ընդդիմության և ծրագրում է ցույցեր և երթեր ընդդեմ կառավարության»,- գրում է Մորդեչայ Քեդարը։ Իհարկե, հոդվածն ամբողջությամբ կառուցված է ադրբեջանա-իսրայելական հակաիրանական և հակառուսական բոլորին հայտնի թեզերի վրա, ստվերային համակրանք ներկայացնելով Փաշինյանի և նրա քաղաքականության հանդեպ։

Երկու օր առաջ էլ Ալիևը, որը կնոջ և կրտսեր դստեր հետ Արցախի Իվանյանում էր, ոգևորությամբ խոսեց Հայաստանում ընթացող շարժման մասին, համարելով այն «ռևանշիստական», որը, եթե «սպառնա Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը՝ անմիջապես պատասխան հարված կստանա»։

Միևնույն ժամանակ նոր պահանջներ դնելով ՀՀ իշխանությունների վրա՝ Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունները, որպես Ցեղասպանություն ճանաչելու տեսքով, Ալիևը փաստորեն հերթական անգամ հաստատեց, որ Փաշինյանի կառավարությունն ունի իր անվերապահ աջակցությունը։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստն օրերս իր օրակարգում ներառել էր հայ-ադրբեջանական թեման, և որոշ փորձագետների վստահեցմամբ՝ այս թեմայից դուրս չէր կարող մնալ Սրբազան պայքարի հեռանկարները քննարկելու հարցը։

Caliber.az-ի հոդվածագիրն օրինակ գրում է, որ «չնայած Հայաստանի ներքաղաքական ծանր իրավիճակին՝ կապված սահմանագծման գործընթացի և Ղազախի շրջանի չորս գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված բողոքի ցույցերի հետ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ներկայումս պատրաստակամություն է ցուցաբերում ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։ Գոնե բառերով»։

Այս պարբերականի՝ հոդվածագիրը, թեև արձանագրում է, որ իրավիճակը ծանր է, սակայն նշում է, որ շարժումն ամենայն հավանականությամբ չի հաջողի, քանի որ իբրև թե հասարակությունն աջակցում է Նիկոլ Փաշինյանի՝ սահմանազատման և եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությանը։ Թեև հոդվածում նաև արձանագրվում է, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Եվրամիության թեման՝ իր քաղաքական ընտրազանգվածին և քաղաքական դաշնակիցներին մոբիլիզացնելու համար։

Թուրքիան, Ադրբեջանը, արդեն իսրայելական որոշ շրջանակներում չեն թաքցնում, որ ՀՀ-ում հնարավոր իշխանափոխությունը խնդիր է Թուրքիայի և Ադրբեջանի ռեգիոնալ ծրագրերի տեսանկյունից, ուստի հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման ընթանում են թե պաշտոնական կուլիսային քննարկումներ, թե հրապարակային՝ թյուրքական երկրների մամուլում։

Տեսանյութեր

Լրահոս