
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը սկսել է ջրհեղեղից հետո Հայաստանի երկաթուղու վերականգման աշխատանքները

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հեղեղումից հետո օպերատիվ կերպով սկսել են վերականգնել Հայաստանի երկաթուղիները, դրանց վերականգնման համար գումար է հատկացնում Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը:
«Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ մասնագետները օպերատիվ կերպով սկսել են Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի տարածքում մայիսի 25-26-ը տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով խաթարված Վրաստանի հետ Հայաստանի ներքին և միակ միջազգային երկաթուղային հաղորդակցության վերականգնման աշխատանքները»,-ասված է Մատվեևի հաղորդագրության մեջ:
Նա հավելել է, որ երկաթուղու վերականգման համար ֆինանսական միջոցները հատկացնում է Ռուսաստանի Դաշնությունը՝ հաշվի առնելով երկաթուղու կարևորությունը Հայաստանի ժողովրդին կենսական անհրաժեշտ բեռներով ապահովելու համար։
Ավելի վաղ, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասված երկաթուղու կառուցման հարցում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։