«Այս ամենով Ռուսաստանը մարտավարական խնդիր է լուծում». Գրիգոր Բալասանյան
Նոյեմբերի 9-ին Ուկրաինայում ռուսական զորքերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինը հայտարարեց, որ ռուսական զորքը դուրս է գալիս Խերսոնի մարզի աջ ափից, այդ թվում՝ Խերսոն քաղաքից։
Ըստ նրա, ավելի արդյունավետ է «պաշտպանություն կազմակերպել» Դնեպր գետի ձախ կողմում։ Այս քայլին իր համաձայնությունն է տվել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Երեկվանից կարծիքներ են հնչում, որ Ուկրաինայում Ռուսաստանի «գործերն այդքան էլ լավ չեն ընթանում, և եթե այսպես շարունակվի, ապա որոշ ժամանակ հետո էլ կարող է իր խաղաղապահների զորախումբը դուրս բերել Արցախից»։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն ասաց, որ ռուսական զորքերի դուրսբերումը Խերսոնից զուտ մարտավարություն է և այդ զորքերի դուրսբերումը չպետք է կապել Արցախից էլ զորքերի դուրսբերման հետ։
«Այս ամենով Ռուսաստանը մարտավարական խնդիր է լուծում, քանի որ երեկ գեներալ Սուրովիկինի զեկույցը բավականին հանգիստ ընդունվեց ՌԴ ՊՆ նախարարի կողմից, ինչին նա տվեց իր համաձայնությունը։ Այս ամենին նաև բավականին դրական արձագանքեցին երկու մարդիկ, որոնք շատ կտրուկ են արձագանքել նահանջի տարբեր հրահանգներին։ Խոսքը Չեչնիայի նախագահի և «Վագներ» ռազմականացված կազմակերպության ղեկավարի մասին է, նրանք զորքերի դուրսբերմանը հանգիստ տվեցին իրենց համաձայնությունը՝ նշելով, որ ճիշտ է արվում։
Այս պահին Ուկրաինան իր ամբողջ հրետանին կենտրոնացրել է Կախովի ՀԷԿ-ի վրա, որպեսզի ամբարտակը փլուզեն, իսկ փլուզման դեպքում առաջանալու է շրջափակման վտանգ, քանի որ ըստ էության Խերսոնը բաժանված է երկու մասի, հիմնական քաղաքը գտնվում է աջ ափին։ Դնեպր գետի մակարդակն այդ դեպքում արագ բարձրանալու էր և հնարավոր չէր լինի այնտեղ օգնություն հասցնել։ Նաև հաշվի առնելով ձմռան խնդիրները՝ որոշում է կայացվել վերախմբավորվել»,- նշեց Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով՝ սակայն, այս ամենը չի նշանակում, որ գարնանը ռուսական կողմը հակառակ որոշումը չի կայացնելու։ Սրան զուգահեռ՝ ուկրաինական և եվրոպական տարբեր հեռուստաալիքներ թերահավատորեն են մոտենում ռուսական կողմի այդ որոշմանը, նշելով, որ գուցե «լուրջ խաղ է ընթանում, և այդ ամենը կարող է ծուղակ լինել»։
«Այս ամենը կապել Արցախի հետ ու ասել, թե եթե Խերսոնից ռուսական զորքը դուրս բերվեց, ապա խաղաղապահներին էլ կհանեն Արցախից՝ տեղին չէ։ Հիմա նույն հաջողությամբ այդ ամենը պետք է կապեին Սիրիայի հետ։
Այս աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է, մի օր հարցերն ամեն դեպքում լուծվում են և մի օր զորքերը հանվում են, բայց ես սա չէի կապի նաև Արցախի հետ։ Սա ավելի շատ ոչ թե հաջողության կամ անհաջողության խնդիր է, այլ ուղղակի մարտավարության, վերախմբավորվելու, թիկունքային ապահովությունն ավելի ամրապնդելու խնդիր է, որպեսզի գարնանը սա արդեն վերածվի հակահարձակման։
Տրամաբանության մեջ չէ, որ ռուսական կողմը զորքը դուրս բերի այնտեղից, այն դեպքում, երբ Խերսոնը Ռուսաստանի մաս է արդեն կազմում, այսինքն՝ ինքն իր տարածքից դո՞ւրս է գալիս։ Կարծում եմ՝ այստեղ մարտավարական խնդիր է»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։