ԱՄՆ-ի Սենատի նկատմամբ վերահսկողության համար կարեւոր Ջորջիայի նահանգում լինելու է քվեարկության երկրորդ փուլ

ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերը հաստատել է, որ դեկտեմբերի 6-ին կկայանա Սենատի ընտրությունների երկրորդ փուլը: Այդ մասին հաղորդել Է Fox News-ը:

«Իրականացվում Է դեկտեմբերի 6-ին ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստություն այն բանից հետո, երբ թեկնածուներից ոչ մեկը նոյեմբերի 8-ին չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին»,-ասել է Ռաֆենսփերգերը՝ հանդես գալով նոյեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նահանգի օրենքներով՝ եթե Սենատի ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում ձայների 50 տոկոսից ավելին, ապա պետք Է անցկացվի երկրորդ փուլ:

Քվեաթերթիկների ավելի քան 98 տոկոսի մշակման արդյունքներով՝ դեմոկրատների թեկնածուն՝ գործող սենատոր Ռաֆայել Ուոռնոքը, հավաքել Է ձայների 49,42 տոկոսը, նրա հանրապետական մրցակից Հյորշել Ուոքերը՝ 48,52 տոկոսը: Եվս մեկ թեկնածու՝ Չեյս Օլիվերը, հավաքում Է չափազանց աննշան քանակությամբ ձայներ: Ընտրությունները Ջորջիայում հանգուցային դեր են խաղում, քանի որ հենց այստեղ կարող Է որոշվել, թե որ կուսակցությունը մեծամասնություն կստանա Սենատում:

Առայժմ դեմոկրատները 48 տեղ ունեն, հանրապետականները՝ 49: Հանրապետականների համար իրադարձությունների բարեհաջող զարգացման դեպքում նրանք կարող են Սենատում մեծամասնություն ստանալ նաեւ առանց Ջորջիայի:

Մեծամասնություն ստանալու համար դեմոկրատներին բավարար Է 50 տեղը, քանի որ երկու կուսակցություններից սենատորների հավասար քանակության դեպքում քվեարկությանն իրավունք ունի մասնակցել ԱՄՆ-ի փոխնախագահը:

Ներկայում նա դեմոկրատներին ներկայացնող Քամալա Հարիսն Է: Իսկ հանրապետականներին այս իրադրությունում անհրաժեշտ Է ստանալ 51 տեղ՝ Սենատի նկատմամբ վերահսկողության համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս