Բաժիններ՝

Վիճակագրական կոմիտեն 2023 թվականին պլանավորում է իրականացնել «Գյուղատնտեսական մարդահամար». Վահան Քերոբյան

Բյուջետային քննարկումների համատեղ նիստերի վերջին օրը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի  և Էկոնոմիկայի նախարարությունների՝ Գյուղատնտեսության բնագավառի 2023 թ. բյուջետային հատկացումներին:

Ըստ այդմ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2023 թվականի բյուջեով նախատեսվում է հատկացնել 298,6 միլիարդ դրամ,  2022 թվականին ճշտված բյուջեով այն կազմում էր 268 միլիարդ 300 միլիոն դրամ:

Նախարարը նշեց, որ գումարից 135 միլիարդ դրամը ՏԿ ոլորտին վերաբերող ծրագրերի հանրագումարն է, իսկ 49 միլիարդ 560 միլիոն դրամը՝ ջրային ոլորտին:

Շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թ. պետական բյուջեի նախագծով իրականացնելու է 8 միլիարդ 142 միլիոն դրամի ծրագրեր, այս տարվա ճշտված բյուջեով նախատեսված էր, որ ծրագրերի հանրագումար արժեքը պետք է կազմի 8 միլիարդ 353 միլիոն դրամ:

Կարդացեք նաև

Իսկ գյուղատնտեսության աջակցության ծրագրերը պետք է ունենան 37 միլիարդ  935 միլիոն դրամ ֆինանսավորում: 2022 թվականի համար այդ ուղղությամբ ճշտված բյուջեով նախատեսված ֆինանսավորման հանրագումարը այս պահին կազմում է  31 միլիարդ 905 միլիոն դրամ:

Գյուղոլորտին առնչվող հարցերին առավել մանրամասն իր հերթին անդրադարձավ Վահան Քերոբյանը՝ նկատելով, որ գյուղատնտեսության ռազմավարությունը  հենց այդ ռազմավարության կայացման մեջ է, որում գլխավոր դերակատարումը վերապահված է արտադրողականության բարձրացմանը:

Նա շեշտեց՝ Հայաստանում զբաղվածների շուրջ 22 տոկոսն ընդգրկված է գյուղատնտեսությունում, և, որ սպասվող տարում նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1,2 տրիլիոն դրամ (նախորդ տարի այն կազմել էր 933 միլիարդ դրամ):

«Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով՝ մեր պլանը՝ 2026 թվականին այն հասցնել 1,4 տրիլիոն դրամի, որը ակնհայտորեն կգերազանցենք»,- հավելեց Վահան Քերոբյանը:

Նախարարը նշեց նաև, որ ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը 2022 թվականի 9 ամիսների տվյալներով կազմել է 879 միլիոն ԱՄՆ դոլար:

Ի դեպ, Վահան Քերոբյանի տեղեկացմամբ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն հաջորդ տարի պլանավորում է իրականացնել «գյուղատնտեսական մարդահամար», որի ընթացքում պետք է ճշգրտվեն գյուղացիական տնտեսությունների քանակը, ունեցվածքը, ընդհանուր գյուղատնտեսական իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս