Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Գեղարքունիքում և Սյունիքում նկատվում է ցորենի մշակման ցածր ակտիվություն. նախարար

«2023 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր՝ 36 միջոցառումով, ընդհանուր՝ 37,9 միլիարդ դրամ գումարով, այդ թվում նաև՝ արտաքին աղբյուրներից ստացվող վարկային ու դրամաշնորհային միջոցներով երեք ծրագիր՝ 8 միջոցառումով՝ 2,4 միլիարդ դրամ գումարով»,- ԱԺ-ում Բյուջե 2023 նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ այս հատկացումները 2021-ի համար նախատեսած գումարից էապես մեծ են:

Նախարարը նկատեց, որ 2023 թվականից դադարեցվելու է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող 3-15 միլիոն դրամանոց վարկային ծրագիրը՝ նպատակ ունենալով ֆինանսական միջոցներն ուղղել գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման կոնկրետ ուղղություններով ծրագրերի իրականացմանը:

«2023 թվականի բյուջեով, այնուամենայնիվ, այս ծրագրին նախատեսվում է տրամադրել 8 միլիարդ դրամ՝ նախորդ տարիներ պարտավորությունների մարման համար: Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ այս ծրագրի շրջանակում մի քանի տարվա ընթացքում աջակցություն է ստացել 88 հազար 100 վարկառու,վարկային պորտֆելը կազմել է 223 միլիարդ դրամ,- պարզաբանեց նախարարը՝ մանրամասնելով ծրագրից հրաժարվելու պատճառները,- Մենք բավական լուրջ ուսումնասիրություն ենք արել մեր գործընկեր բանկերի հետ, որպեսզի հասկանանք՝ ինչպես էփոխվել մարդկանց կենսամակարդակն այն տարիների ընթացքում, երբ իրենք օգտվել են այս ծրագրից: Ընդհանուր առմամբ, թվերը ցույց են տալիս, որ շատ բան չի փոխվել մարդկանց կյանքում. ծրագիրը, այո, օգնում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին էժան ֆինանսական ռեսուրսներ ստանալ, բայց ասել, որ դա լուրջ ազդեցություն է ունեցել այս մարդկանց կյանքի որակի վրա, չի կարելի, որովհետև, այո, եկամուտները շատացել են, բայց պարտքերն էլ են շատացել և ինֆլյացիան է մեծացել»:

Վահան Քերոբյանը հավելեց, որ շարունակվելու է խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորումը:

«Այժմ կառավարությունը, ինտենսիվ այգեգործության ոլորտի, միայն գինեմետ սորտիխաղողի ինտենսիվ այգիների տնկումն է սուբսիդավորելու: Դա նպատակ ունի որոշակի ուղղորդում նաև իրականացնել՝ հաշվի առնելով այն, որ մենք այս տարի գինեմետ խաղողի սորտերի լուրջ դեֆիցիտ ունենք, և ինչպես միշտ՝ տեխնիկական սորտի խաղողի մթերման խնդիրներ,- ասաց Վահան Քերոբյանը, ապա անդրադառնալով հողերի խոշորացման անհրաժեշտությանը՝ տեղեկացրեց, որ այդ առնչությամբ երկու նոր ծրագրեր են մշակվել,- 1.38 միլիարդ դրամ կուղղվի ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագրին, իսկ 1 միլիարդ դրամը՝ հողային բարեփոխումների փորձնական ծրագրին:

Գյուղատնտեսության նշանակության հողերի ծրագրի ներքո մենք մասնավոր ընկերություններին առաջարկում ենք զբաղվել հողերի կոնսոլիդացիայով, և դրա դիմաց մենք խոստանում ենք ֆինանսավորել այդ հողի բարելավման ծախսերի 50 տոկոսը՝ 1 հեկտարի համար՝ մոտավորապես 1.4 միլիոն դրամի չափով»:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ պարենային անվտանգության տեսանկյունից կարևորվել է աշնանացան ցորենի սուբսիդավորումը, որի համար նախատեսվում է հատկացնել2.83 միլիարդ դրամ:

«Նախատեսվում է ցորենի ցանքատարածություններն ավելացնել մինչև 75 հազար հեկտար, սակայն Ադրբեջանի ագրեսիայի պատճառով որոշ տարածքներում անվտանգության նկատառումներով նկատում ենք ցորենի մշակման ցածր ակտիվություն՝ հիմնականում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որը խոչընդոտ է հանդիսանում նշված ցուցանիշի ապահովմանը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս