Բաժիններ՝

Ամերիկացի Ռապունցելների ողբերգական պատմությունը. ինչպես դասավորվեց Սաթերլենդ քույրերի ճակատագիրը

Դեռ այն ժամանակ, երբ ֆիլմեր չկային, մարդկանց այլ կերպ էին զվարճացնում։ Օրինակ՝ կրկեսում մարդիկ հիանում էին սիամական երկվորյակներով կամ ավելորդ վերջույթներով ծնված մարդկանցով։ Սաթերլենդ քույրերը կատարելապես առողջ աղջիկներ էին։ Նրանք աչքի էին ընկնում երկար, ջրահարսի նման մազերով։

Աղքատ ֆերներն ուներ յոթ դուստր: Նրանք էին Սարան, Վիկտորիան, Իզաբելլան, Գրեյսը, Նաոմին, Մերին և Դորան: Կենսագիր Բրենդոն Սթիքնին նրանց անվանել է ԱՄՆ-ի ամենասեքսուալ կին արտիստները։ Սակայն քույրերը հանդիսատեսին գրավում էին բացառապես իրենց մազերով:

Քույրերն ու նրանց միակ եղբայրը ծնվել են 1851-1865 թվականներին, Կամբրիայում։ Հայրը, փորձելով ընտանիքը դուրս բերել աղքատությունից, որոշում է աղջիկներին երգել սովորեցնել, որպեսզի նրանք գումար վաստակեն ելույթներով։

Կարդացեք նաև

Այսպիսով, քույրերը միանում են Բարնում և Բեյլի հանրահայտ կրկեսային ընկերությանը, որտեղ ճանաչվում են «աշխարհի յոթ ամենահմայիչ հրաշալիքները»: Քույրերը հանդիսատեսի մեծ բազմություն են հավաքում, որոնց, սակայն, աղջիկների երգելու տաղանդը չէ, որ հետաքրքրում էր: Նրանք հիանում էին վարսերով:

Լուրեր էին պտտվում, որ նրանց մայրը՝ Մերին, ով մահացել էր 1867 թվականին՝ կրտսեր դստեր ծնվելուց ընդամենը մի քանի տարի անց, նրանց մազերը պատում էր զզվելի հոտով քսուքով։ Շշուկների համաձայն՝ այդ կախարդական նյութն էր, որ խթանում էր անհավանական աճ:

Իհարկե, պարոն Սաթերլենդը չէր կարող բաց թողնել նման հնարավորությունը, և հենց որ լուրերը տարածվեցին, շուկայում հայտնվեց «Սաթերլենդ յոթ քույրերը» կախարդական տոնիկը։ Պիտակի վրա գրված էր.

«Այս բաղադրատոմսը պատրաստված է մեր կողմից, և մենք այն խորհուրդ ենք տալիս որպես լավագույնն աշխարհում»:

Նման էլիքսիրի մեկ շիշն արժեր 50 ցենտից մինչև 1.5 դոլար, ինչը 19-րդ դարում հավասար էր օրական կամ նույնիսկ շաբաթական միջին աշխատավարձին։ Լավ գովազդի շնորհիվ Սաթերլենդը վաճառեց 2.5 միլիոն շիշ և վաստակեց 3 միլիոն դոլար:

Շուտով Սաթերլենդներն այնքան հայտնի դարձան, որ նրանց լուսանկարները տպագրվեցին ժամանակի ամենահայտնի ամսագրերում՝ Cosmopolitan, The New Yorker, The New York Times և Time:

1888 թվականին, երբ ընտանիքի հայրը մահացավ, Սաթերլենդ քույրերը շքեղ առանձնատուն կառուցեցին իրենց հայրենի քաղաքում։ Տունն ուներ 14 սենյակ, սառը և տաք ջուր (այն ժամանակվա գերագույն շքեղություններից մեկը), մանրահատակ և ջահեր։

Խնդիրները սկսվեցին մոտ 1920 թվականին: Նորաձևությունն անողոք էր Սաթերլենդ քույրերի նկատմամբ. բոբ սանրվածքը դարձավ վերջին միտումը: Սաթերլենդ կայսրությունը սկսեց փլուզվել:

Քույրերը վարժվել էին շքեղ կենսակերպին և առանց տնտեսելու վատնում էին ունեցվածքը: Երբ ֆինանսական դրությունը վերջնականապես վատթարացավ, դրությունից միակ փրկությունը ամուսնությունն էր թվում: Սակայն աղջիկները չափազանց շատ ժամանակ էին ծախսում բիզնեսի վրա և այդպես էլ չէին սովորել շփվել տղամարդկանց հետ։ Նրանցից միայն երեքն են ամուսնանում։

Բացի բոլոր անախորժություններից, 1938 թվականին այրվեց նրանց տունը, իսկ նախկին փառքի բոլոր խորհրդանիշները անհետացան փլատակների տակ։

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս