«Ադրբեջանի հետ խաղաղություն չի կարող լինել՝ սա աքսիոմ է». Արմինե Ադիբեկյան

Նոյեմբերի 3-ին Բրյուսելում  պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի  և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.

«Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և երկու երկրների պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը»։

Տեղեկատվության մեջ որևէ խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի  այն տարածքներից, որոնք օկուպացրել են 2021 թվականի մայիսին, ինչպես նաև սեպտեմբերի 13-ի զինված հարձակման ժամանակ։ Ինչո՞ւ այս մասին չի բարձրաձայնվել Եվրոպայում այդ հանդիպման շրջանակներում, համենայն դեպս, հաղորդագրության մեջ դրա մասին ակնարկ անգամ չկա:

168.am հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով այս հարցին՝ նկատեց՝ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպես է կատարվելու սահմանազատման գործընթացը, այսինքն՝ ի՞նչ սահմաններով է ընթանալու, գուցե՞ այդ տարածքներն արդեն մտնեն Ադրբեջանի կազմ։

Կարդացեք նաև

«Կրկնում եմ՝ գուցե, որովհետև ինքս տեղյակ չեմ, թե ինչպես են գծելու սահմանները։ Եթե նշածս ճանապարհով են գնալու, ապա այդ դեպքում անիմաստ է խոսել ադրբեջանական զորքի դուրսբերման մասին։ Այդ պատճառով էլ նախ պետք է հասկանանք, թե սահմանագիծն ինչպես է գնալու։

Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքը դուրս բերելու մասին խոսել են ՀՀ ներկայացուցիչները՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր տարբեր հարթակներից, այսինքն՝ այդ թեման այս կամ այն ձևով արծարծվել է։ Թեման շրջանառության մեջ է և իր ակտուալությունը պահպանում է»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջ քաշած 1919-1920 թվականի քարտեզներին և պնդումներին, որ պետք է սահմանազատումը տեղի ունենա այդ քարտեզներով, Արմինե Ադիբեկյանը նշեց, որ սահմանազատման համար այդ քարտեզները չեն կարող հիմք հանդիսանալ, քանի որ այդ ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ԽՍՀՄ կազմում չկային։

«Այդ դեպքում մենք էլ կարող ենք, օրինակ, Բյուզանդիայի կամ հռոմեական քարտեզներն առաջ քաշենք ու ասենք՝ գնացեք Կասպից ծովում խորտակվեք, որովհետև այստեղ առհասարակ չեք եղել։ Գոյություն ունեն ստարտիզացված քարտեզներ, որոնցով Հայաստանը ճանաչվել է՝ որպես ԽՍՀՄ հանրապետություն, ինչպես նաև Ադրբեջանը, և այդ քարտեզներով է պետք առաջնորդվել։ Այլ բան է, որ Խորհրդային Միության ժամանակահատվածում անգամ այդ սահմանները բավականին փոփոխվել են։ Ժամանակին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը մտան ԽՍՀՄ կազմ, Հայաստանն ու Արցախն ունեին ընդհանուր սահման։ Ստեղծվեց արհեստածին Կարմիր Քուրդիստան՝ որպես բուֆերային հատված, որն արագ լուծարվեց և փոխանցվեց Ադրբեջանին, որի արդյունքում Արցախը կտրվեց Հայաստանից»,- շեշտեց փորձագետը։

Ըստ նրա, այստեղ նաև պետք է հասկանալ՝ Արծվաշենի հարցը որևէ կերպ հայկական կողմը բարձրաձայնո՞ւմ է, թե՞ ոչ։ Որպես փորձագետ՝ չունի նման տեղեկատվություն, որ հանդիպումներում հայկական կողմն այդ հարցը բարձրաձայնած լինի, մինչդեռ ադրբեջանական կողմը խոսում է «անկլավներից»։

«Թող նստեն ու ուսումնասիրեն բոլոր սովետական քարտեզները, ու տեսնենք, թե դրանցից որն է նպատակահարմար հայկական կողմի համար, դրանով էլ սահմանազատում իրականացնեն։ Չեմ հիշում մեկ դեպք, որ հայկական կողմը հանդես գա առաջարկություներով՝ չհաշված այն անհեթեթությունները, որոնք անում է»,- հավելեց նա։

Ի դեպ, և Պրահայում, և Սոչիում ընդունված հայտարարություններում կողմերի ստորագրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իսկ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Հայաստանի տարածքի 29800 քառակուսի կիլոմետրի պահպանման մասին:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մյուս պնդումներին, որ Սոչիի հանդիպումը խաղաղության համար ևս մեկ դրական քայլ էր, Արմինե Ադիբեկյանն ասաց.

«Իմ հերթապահ խոսքը կասեմ՝ այդ խաղաղությունը թող սկսվի իրենց ընտանիքներից։ Ադրբեջանի հետ խաղաղություն չի կարող լինել՝ սա աքսիոմ է, ոչ թե ես խաղաղություն չեմ ուզում, այլ կան բաներ, որոնք հնարավոր չեն։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանը երբեք չի դառնա կիրթ ու գրագետ մարդ, ինչ ուզում ես արա, ուզում ես՝ պաշտոն տուր, փող ծախսիր, թանկանոց շոր հագցրու, միևնույն է՝ նա մնալու է տգետ։ Նույնն էլ սա է՝ Ադրբեջանի հետ խաղաղություն չի կարող լինել»։

Տեսանյութեր

Լրահոս