ՔՊ-ական պատգամավորների և նախարարների միջև սև կատու է անցել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո լարվել են հարաբերությունները ՔՊ-ական պատգամավորների եւ նախարարների միջեւ, հատկապես նրանց, որոնք տեղ չեն գտել կուսակցության նորընտիր վարչության կազմում:

Երեկ մինչ սոցցանցերում քննարկվում էր, թե ինչպես է գործարարի համբավ ունեցող ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ասել, որ իրեն հաճելի չէ «այս կարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ» եւ դժգոհել է, որ ոչ մի թիվ ու ծավալ չլսեցի, մինչդեռ այդքան հարց տվեց», մեկ այլ միջադեպ էլ ծագեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի միջեւ:

ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արսենյանն ասաց, որ իրեն չի գոհացնում ու դուր չի գալիս այն բյուջեն, որն ունի հիմա ԱԳՆ-ն, ապա դժգոհեց նաեւ, որ շատ քիչ է ԱԳՆ-ի աշխատակիցների աշխատավարձը: Այնուհետեւ մի քանի գովեստի խոսքեր շռայլելուց հետո հեգնեց Միրզոյանին. «Ձեր գլոբուսում բացակայում է մի մայրցամաք՝ Աֆրիկան չկա: Այդ երկրների վրա էլ ուշադրություն դարձրեք, կարեւոր են, դրա համար ռեսուրս պահանջեք: Նաեւ հետեւություններ արեք, թե վերջին 10-15 տարվա ընթացքում ինչ աշխատանք տարան մեր հարեւանները, մասնավորապես՝ Ադրբեջանը, որով միջազգային երկրներում հանրային գիտակցությունը Ադրբեջանի նկատմամբ սարքեցին դրական»:

Տեսանյութեր

Լրահոս