Նիկոլ Փաշինյանը պատմում է՝ ինչո՞ւ են ստեղծել, ինչո՞ւ են հեղափոխություն արել

Մարզահամերգային համալիրում, լրագրողների մուտքի արգելմամբ, փակ սկզբունքով տեղի է ունենում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համագումարը։

Նիկոլ Փաշինյանը հանդես գալով համագումարում՝ նախ հիշեցրեց, թե ինչո՞ւ ստեղծեցին կուսակցությունը, և, ըստ նրա, նպատակը Հայաստանը փրկելն էր։

«Սա մեր կուսակցության 6-րդ համաժողովն է, և մեր օրակարգի առանցքային հարցերը, ինչպես նշվեց, հետևյալներն են՝ կուսակցության նոր ծրագրի և կանոնադրության ընդունումը, մշտապես գործող ղեկավար մարմնի՝ վարչության նոր կազմի ու վարչության նոր նախագահի ընտրությունը։ Սրանք բոլորը կարևոր հարցեր են, որովհետև որոշիչ նշանակություն են ունենալու ոչ միայն մեր կուսակցության, այլև մեր երկրի հետագա ընթացի համար՝ այն պարզ պատճառով, որ այս վեհաշուք դահլիճում տեղի է ունենում կառավարող կուսակցության համաժողովը։ Սա մեր երրորդ համաժողովն է, որն անցկացնում ենք կառավարող կուսակցության կարգավիճակում, ևս երեք համաժողով մենք անցկացրել ենք՝ որպես ընդդիմադիր կուսակցություն։ Իսկ դրանից առաջ ամեն շաբաթ գրեթե ամենօրյա քննարկումներ էինք ունենում ՀՀ մի խումբ քաղաքացիների շրջանում, նախ՝ այդ քաղաքացիներից որևէ մեկի աշխատավայրում, սրճարաններում, մեզանից որևէ մեկի տանը, ապա՝ Երևանի Սայաթ-Նովա փողոցում տեղակայված մեզ համար այնքան սիրելի և այնքան հիշարժան գրասենյակում, որը վարձակալում էինք, որն արդեն, ցավոք, վաղուց մեր տիրապետության տակ չէ»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, հարկ է, որ այն մարդիկ, ովքեր չգիտեն, իմանան մեկ շատ կարևոր հարցի պատասխան, թե ինչո՞ւ և ինչպե՞ս ստեղծվեց այս ամենը։

Կարդացեք նաև

«Սկսվեց, որովհետև ՀՀ մի խումբ քաղաքացիներ պարզապես չէին կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ ՀՀ-ում ընտրությունները շարունակաբար կեղծվում էին, որ մարդիկ հետապնդվում էին կարծիք արտահայտելու իրենց իրավունքն օգտագործելու համար, որ հեռուստատեսային եթերը վերահսկվում էր, որ միջոցներ էին ձեռնարկվում համացանցային բովանդակությունը նույնպես վերահսկելու համար, որ կոռուպցիան դարձել էր հանրային հարաբերությունների առանցքային համակարգ, կարճ ասած՝ մարդիկ ազատ չէին, և մարդկանց ազատությունն ապահովված չէր։ Մարդանց իրավունքները ոտնահարվում էին պետական մակարդակում, իսկ տեղական մակարդակում՝ քրեական խմբավորումների և լծակների գործադրմամբ։ Այդ անազատությունն արտահայտվում էր ոչ միայն հանրային, քաղաքական, այլև տնտեսական գործունեության մեջ, որովհետև տնտեսությունը խիստ քվոտավորված էր, մարդիկ ներմուծում, արտահանում և ներդրումներ իրականացնում էին իշխանության վերնախավի թույլտվությամբ։ ՔՊ հիմնադիրները որոշեցին, որ այդպես չպետք է լինի և այդ իրողությունների հետ չպետք է համակերպվել, որ դրա դեմ պետք է պայքարել»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով, նա ընդգծեց՝ տեսնում էին, որ իրենց աչքի առաջ քայքայվում էին մարզերն ու բնակավայրերը, փակվում էին դպրոցները, երեխաների շրջանում անգրագիտությունը մեծ տեմպերով ծավալվում էր, մարդիկ զրկվում էին կրթություն ստանալու իրավունքից, որ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունն ու սուվերենությունը՝ հետևողականորեն և շարունակաբար դառնալով միջազգային իզգոյ։

«Պիտի ասեմ, որ մենք այսպես մտածող միակ խումբը չէինք Հայաստանում, իրականում մենք այդպես մտածող ավելի մեծ խմբի մաս էինք, որովհետև մեր մասնակցությունն էինք ունեցել Երրորդ Հանրապետության գրեթե բոլոր ընդդիմադիր ժողովրդական շարժումներին։ Կրկնում եմ՝ այդ առումով մենք բացառիկը չէինք ու առաջինը չէինք։ Մենք առաջինն էինք նրանում, որ հարց բարձրացրեցինք՝ եթե ընդդիմադիր շարժումներն ամեն անգամ ձախողում են, գուցե ինչ-որ բան սխալ են անում, գուցե ժողովրդին առաջնորդելու, ընդդիմադիր առաջնորդության գործելու մեր մեթոդաբանության ու գաղափարաբանության մեջ է խնդիրը։ ՔՊ-ն այս հարցն է դրել իր գործունեության հիմքում, և սրճարաններում, աշխատավայրերում, ապա Սայաթ-Նովայի մեր լեգենդար գրասենյակում երկու հարց էինք քննարկում՝ ի՞նչ երկիր ենք մենք ուզում ունենալ և ի՞նչ սխալ ենք մենք անում՝ որպես ընդդիմադիր թիմի անդամներ»,- շեշտեց նա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ ամենը հաշվի առնելով՝ ՔՊ-ն ժողովրդի առջև հանդես եկավ մի ծրագրով, որը հաստատվեց կուսակցության հիմնադիր համագումարում՝ 2015 թվականի մայիսի 30-ին։

«Ընդունված ծրագրում ասվում էր, որ ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդավարության հաստատումն է՝ համաձայն ձևակերպման, որ ժողովրդավարությունն իշխանության խաղաղ, անարյուն, ընտրական ճանապարհով փոփոխությունն է՝ փոփոխության իրական հնարավորությունը։ Կուսակցության անդամները համարում են, որ «թավշյա հեղափոխության» տրամաբանությունը չի հակասում ընտրական իշխանափոխության տրամաբանությանը, երբ ընտրական իշխանափոխության ճանապարհը չի գործում, թավշյա հեղափոխությունը դառնում է ընտրական իշխանափոխության մեխանիզմը կենդանացնելու եղանակ։ Սա արձանագրվել է կուսակցության հիմնադիր համագումարում՝ 2015 թվականին, սա ճշգրիտ այն է, ինչ տեղի է ունեցել 2018 թվականին՝ հեղափոխությամբ և դրանից հետո»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անտեսելով իր կառավարման ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր ընտրությունների աղաղակող և ժողովրդավարության հետ որևէ աղերս չունեցող կեղծիքները, վարչական ռեսուրսների գործադրումը, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական լրջագույն ճգնաժամը, աղքատության ավելացման տեմպերը, արտաքին պարտքի սրընթաց աճը, կոռուպցիան, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքական լրջագույն խնդիրները, ձախողված կառավարումը և, ի վերջո, իր կողմից պատերազմի հրահրումն ու արտաքին քաղաքականության տապալումը, որի հետևանքներն ամեն օր իրենց ամենօրյա կյանքում ապրում են ՀՀ քաղաքացիները:

Տեսանյութեր

Լրահոս