Հայաստանն իզոլացվելու է և հայտնվի տարածաշրջանի մայթեզրին. Խոսրով Հարությունյան

Օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե երկիրը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը։ Երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է Հայաստանի դիրքորոշումից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Մեղրիով երկաթգծի բացումը համարեց Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան իրար կապող օղակ, որից, սակայն, Հայաստանը չունի որևէ տնտեսական շահ։

«Ավելին, Հայաստանն այդ երկաթգծի գործարկման արդյունքում ավելի է իզոլացվելու և հայտնվի տարածաշրջանի մայթեզրին նստած՝ ինչպես նստած էր, որովհետև Մեղրիով երկաթգծի գործարկումը միայն ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին. ստացվում է՝ Հայաստանը պետք է 150 միլիոն դոլար ծախսի, որ Ադրբեջանից բեռնափոխադրումներն անխափան հասնեն Թուրքիայի հետ, հետևապես՝ այդ երկագծի շահագործման մասին խոսող Օվերչուկին հարց ունեմ, եթե Հայաստանն իր միջոցներով կառուցի այդ երկաթուղին, ի՞նչ է դրանից շահելու, երբ ճանապարհի 800 կմ-ն Ադրբեջանի տարածքում է, ընդամենը 47-ը՝ Հայաստանի»,- ասաց Հարությունյանը։

ՀՀ նախկին վարչապետը շեշտեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի թշնամական հարաբերություններ ունեցող Հայաստանի և Ադրբեջանի միջև ապահովել այնպիսի տնտեսական փոխշահավետ հարաբերություններ, ինչը ժամանակի ընթացքում աստիճանաբար կձևավորի երկու երկրների միջև վստահության մթնոլորտ, ինչն էլ իր հերթին՝ հետին պլան կմղի թշնամանքը։

Կարդացեք նաև

«Հետևապես՝ հարց ունեմ Օվերչուկին. Ենթադրենք՝ Հայաստանին Ռուսաստանը վարկ է տալիս, և այդ միջոցներով մենք այդ երկաթգիծը բացում ենք. այդ դեպքում ի՞նչ է տալու Հայաստանին 800 կմ երկարություն ունեցող ճանապարհը, երբ այդ 800 կմ-ից ընդամենը 47 կմ երկաթգիծն է Հայաստանի տարածքով անցնելու։

Ենթադրենք՝ Ադրբեջանը փոխադրումների համար գինը ամեն մի կմ-ի համար թանկացնում է 50 ցենտով՝ 800 կմ-ի համար, մենք էլ մեր 47 կմ-ի վրա ենք ավելացնում գինը՝ նույն 50 ցենտով, ի՞նչ է դա մեզ տալու, երբ մենք հայտնվելու ենք տնտեսապես ծանր վիճակում, ուստի ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի նկարագրած երկաթգծի շահագործումը մեզ որևէ բան չի տալիս, մինչդեռ մեզ համար տնտեսապես շահեկան է Բաքու-Ղազախ-Իջևան-Երևան երկաթգծի շահագործումը, որի 361 կմ-ն անցնում է Բաքվի տարածքով, 300 կմ-ն՝ Հայաստանի, ինչը բերում է համարժեք փոխհարաբերությունների և բալանսավորման»,- խոսելով Հայաստանի ընտրած երկաթգծի շահագործման խնդիրների ու հասցվող տնտեսական վտանգների մասին՝ ասաց Խոսրով Հարությունյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս