Ավարտվեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը
Երեկ, ինչպես 168.am-ը տեղեկացրել էր, ձերբակալվել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ում մեղադրանք է առաջադրված պաշտոնեական լիազորությունները վերազանցելուն աջակցելու համար: Այս գործով անցնում է նաև Ընդհանուր իրավասության դատարանի՝ «կալանք տվող» դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Վերջինիս վերաբերյալ դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ): Ժամեր տևած քննությունից հետո ԲԴԽ-ն բավարարեց դատախազության միջնորդությունն Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն տալու մասերով:
Էրիկ Ալեքսանյանի պաշտպանական թիմի անդամ Գայանե Պապոյանի տեղեկացմամբ՝ այսօր առավոտից տեղի է ունենում փաստաբանի նկատմամբ կալանք խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության քննությունը: Դատավորն է Արշակ Մաթևոսյանը:
Հատկանշական է, որ այն դեպքում, երբ աջակցության համար Էրիկ Ալեքսանյանին Աջափնյակ դատարանի մոտ «տալիս են պոլերին, փռում գետնին մասկի-շոուներով», ձերբակալում, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չի էլ ձերբակալվել անգամ այն ժամանակ, երբ ԲԴԽ-ն թույլատրել է նրան ազատությունից զրկել:
Վերջինիս կալանքի քննության միջնորդությունը, մեր տեղեկություններով, սկսել է քննվել ժամը 15:00-ից:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ավարտվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննությունը, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ որոշման հրապարակման ժամը դեռ հայտնի չէ: