Իսկ եթե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ չես, կարո՞ղ ես ակնկալել ՄԻՊ պաշտպանությունը

Օրեր առաջ՝ «Հրապարակի» հետ զրույցում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը նշել էր, որ որպես ՄԻՊ՝ ինքը պարտավոր է ստանձնել բոլոր խոցելի խմբերի, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց պաշտպանությունը:

«Ակնհայտ է, որ ԼԳԲՏ անձինք ենթարկվում են կոնկրետ հետապնդումների… Որևէ խոցելի խումբ չի կարող դուրս մնալ մարդու իրավունքների՝ Սահմանադրությամբ երաշխավորված պաշտպանության շրջանակից»,- ասել էր նա՝ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում ԼԳԲՏ անձինք հարձակվել էին Ոստիկանության Կենտրոնի բաժնի վրա, ծեծել ոստիկաններին ու իրենց այնտեղ զգացել այնպես, ինչպես իրենց տանը:

ՄԻՊ-ը նաև վստահեցրել էր՝ Սահմանադրությամբ երաշխավորված պաշտպանությունը երաշխավորված է բոլորի համար։

Կարդացեք նաև

Պաշտպանը, սակայն, մոռացել էր ասել, որ իր մանդատի շրջանակներում երաշխավորված պաշտպանությունն ինքը կիրառում է ընտրովի:

Նույն Քրիստիննե Գրիգորյանը, օրինակ, օրեր առաջ, երբ թե՛ կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները, թե՛ Փաստաբանների պալատը, թե՛ բազմաթիվ այլ իրավաբաններ հայտարարել էին, որ փաստաբանի կալանավորումն ապօրինի է, ասել էր, որ Էրիկ Ալեքսանյանն իրենց չի բողոքել, որ իր ձերբակալումն ապօրինի է:

Թեմայի մասնագիտական կողմին 168.am-ը հանգամանորեն անդրադարձել էր, նշել էինք, որ երբ փաստաբան է կալանավորվել, ինչն ըստ էության արտառոց իրավիճակ է մեր իրականության համար, Քրիստիննե Գրիգորյանը հատկապես այն դեպքում չպետք է սպասի բողոքին, այլ ինքը պետք է նախաձեռնի իր մանդատից բխող գործողություններ և վստահ լինի կալանքի հիմքերի առկայության մեջ:

Բայց սա դեռ մի կողմ թողնենք:

Հոկտեմբերի 21-ին նույն Էրիկ Ալեքսանյանի և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործի շրջանակներում «կալանք տվող» դատավոր Դավիթ Արղամանյանը կալանավորեց դատավորի՝ 22-ամյա օգնական երիտասարդ աղջկան, հայեցողական պաշտոն զբաղեցնող մեկի, որը միայն Դավիթ Արղամանյանի, գործը հսկող դատախազի և կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչի վառ երևակայության պարագայում կարող էր աջակցել դատավորի լիազորությունների վերազանցմանը: Երեք տղամարդ քրեակատարողական հիմնարկ են ուղարկում երիտասարդ աղջկա, ում պաշտոնապես առաջադրված մեղադրանքը մինչ այժմ հրապարակված չէ:

Ըստ երիտասարդ աղջկա փաստաբան Գարիկ Գալիկյանի՝ դատավորի օգնականի վճռի հրապարակման ժամը 3 անգամ փոխելուց հետո Դավիթ Արղամանյանը խրոխտ կեցվածքով է հրապարակել նրան կալանավորելու ու քրեակատարողական հիմնարկ ուղարկելու վճիռը:

Արուսյակ Ալեքսանյանն ու Դավիթ Արղամանյանն աշխատում են նույն Աջափնյակ-1 դատարանում, նույն դատարանում է, բնականաբար, աշխատում նաև դատավորի օգնականը, և Դավիթ Արղամանյանը առանց աչք թարթելու՝ կալանավորում է մեկին, ում ճանաչել է, շփվել հետը, միգուցե եփած սուրճը խմել…

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, ով լինելով փաստաբան և «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու, ցույց էր անում՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման, և մեծ եռանդով թմբուկ էր խփում՝ Նիկոլ Փաշինյանի կողքից քայլելով, ու «դըմփ-դըմփ-հու» կանչում, հիմա «կալանք տվող» դատավոր է, ու ինքը խնդիր չի տեսնում կալանքը ֆետիշացնելու մեջ:

Բայց դա էլ ամենաէականը չէ:

ՀՀ-ում գործում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, և Պաշտպանը, ով ՄԻՊ-ում գլխավոր քարտուղար է նշանակել մեկին, ով որպես մեղադրյալ՝ անցնում է մանկավաճառության գործով, որևէ բառ չի արտաբերել դատավորի օգնականին կալանավորելու դեպքով:

Նրան ըստ ամենայնի չի հետաքրքրում, որ միգուցե երիտասարդ աղջկան կալանավորել են ցուցմունք կորզելու համար, որ իր՝ քրեական գործով ու դատախազի մեղադրական եզրակացությամբ՝ մանկավաճառության մեջ մեղադրվող գլխավոր քարտուղար Անի Մխիթարյանն ազատության մեջ է, իսկ դատավորի օգնականը՝ կալանավորված:

168.am-ի հետ զրույցում, ի դեպ, դատավորի օգնականի պաշտպան Գարիկ Գալիկյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց՝ Քրիստիննե Գրիգորյանն իր հետ կապ չի հաստատել:

Պաշտպանին փաստացի միայն որոշակի խմբի խնդիրներն են հետաքրքրում, իսկ երիտասարդ աղջիկը կարող է և կալանավորվել, եթե անգամ այդ կալանքը ցուցմունք կորզելու համար է:

Տեսանյութեր

Լրահոս