«Այլ իշխանության պարագայում մենք կհաղթեինք»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստացել է ուսումնասիրել ադրբեջանցի գնդապետ Բաբեգ Սեմիդլիի ձայնագրությունը, որը փաստում է՝ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն եղել 44-օրյա պատերազմին, և, որ հայկական կողմը 30 տարիների ընթացքում կարողացել է ստեղծել պաշտպանական հզոր համակարգ, ձեռք բերել անհրաժեշտ սպառազինություն:
«Գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովը մեզ շատ էր ճնշում։ Նա մեզ ստիպում էր թշնամու վերաբերյալ ստացած տեղեկությունների քանակը քիչ ցույց տալ. միայն թե զեկուցեն Գերագույն հրամանատարին, որ մենք (քանակային) գերակայությունը ապահովել ենք և պատրաստ ենք պատերազմի։ Սակայն կորպուսի հրամանատարներն ասացին, որ՝ այ մարդ, մենք չենք կարող 140 տանկի դեմ 140 տանկով գնալ։ 140 տանկի դեմ ես պետք է 250 տանկով գնամ։ Նրանք էլ ասում էին, որ քանակը քիչ ցույց տանք»,- «Մեյդան թիվի»-ի հրապարակած ձայնագրության մեջ Ադրբեջանի ԳՇ պետի տեղակալի ու ադրբեջանական բանակի բարոյահոգեբանական խնդիրների մասին է նշում Ադրբեջանի զինված ուժերի գնդապետ, ԶՈւ 1-ին բանակային կորպուսի գաղափարական աշխատանքի և բարոյահոգեբանական աջակցության հրամանատարի տեղակալ Բաբեկ Մաթլաբ օղլու Սեմիդլին, ապա շեշտում՝ միայն բայրաքթարներից հետո են սկսել առավելություն ապահովել:
Սեմիդլիի բացահայտումներից հետո Ադրբեջանում պրոիշխանական շրջանակների քարոզիչները հանգիստ չեն քնում. այս ու այն տեղից հայթայթում են մարդկանց, որոնք վարժեցրած տեքստերով պատմում են, թե ինչ վատն էր երբեմնի հերոս, շեհիդ Սեմիդլին:
Բաքվի բռնապետի ազդեցությունից դուրս գտնվող մարգինալ տարրերը սակայն գնդապետի ձայնագրությունից հետո կոչ են արել չպարտակել Ադրբեջանի բանակի խնդիրները, անգամ սկսել են կասկածել, արդյո՞ք պատահականություն էր պատերազմից հետո Սեմիդլիի՝ ականի վրա պայթելը:
«Բաբեկ Սեմիդլիի ձայնային գրառումը լսելուց հետո ես արդեն խորհրդավոր եմ համարում նրա մահը»,- Ֆեյսբուքում գրել է Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերըմլին և կոչ արել դատախազությանը կատարել իր պարտականությունը, ուսումնասիրել գնդապետի հանրայնացրած բոլոր ապացույցները:
Հայկական տարբեր շրջանակներում այս աղմկահարույց ձայնագրությունը վերահաստատեց մարտունակ բանակի մասին հանրային համոզումը և պարտության քաղաքական պատճառների մասին արձանագրումները:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի կարծիքով, սակայն, այս արտահոսքը չէ, որ մտածելու ունակ և Զինված ուժերին ինչ-որ չափով տիրապետող անձանց պետք է դրդեր՝ հասկանալ, թե ինչպիսի բանակ է եղել մինչև 2018 թվականը:
«Ադրբեջանն այս ողջ տարիների ընթացքում գտել էր հարվածի՝ իր համար լավագույն ժամանակահատվածը. հաշվի առնելով ՀՀ-ում եկած իշխանությունը, որն ի սկզբանե սկսել էր քանդել պետական ինստիտուտները, հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, իսկ ԶՈՒ առումով՝ վարում էր քաղաքականություն, որը բխում էր Ադրբեջանի շահերից»,- հավելեց պատգամավորը:
Թե ինչո՞վ էր պայմանավորված 44-օրյա պատերազմում մեր պարտությունը՝ հարցի պատասխանը՝ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հակիրճ է ձևակերպում. «Կառավարման բացակայությամբ»:
Բարձրաստիճան զինվորականը վստահեցնում է՝ ճիշտ կառավարման դեպքում Ադրբեջանն այլևս չէր ցանկանա Ղարաբացի հարցը ռազմական ճանապարհով լուծել․
«Ոչ թե մենք կխնդրեինք զինադադար, այլ ինքը կխնդրեր: Ադրբեջանը 2011 թվականից լուրջ պատրաստվել է պատերազմի, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է պարտվեինք»:
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գնահատմամբ՝ պատերազմի նման ելքի պատճառն իշխանությունների կողմից ռազմական գործողությունները սաբոտաժի ենթարկելու հանգամանքն էր.
«Եթե ուշադիր հետևեիք ռազմական գործողություններին՝ զորքերը, բացի նահանջից, ոչ մի այլ հրաման չեն ստացել. բերել են, զորքերը հասցրել են ՀՀ սահման ու կնքել կապիտուլյացիա: Այսինքն՝ դա ՀՀ իշխանությունների խնդիրն էր՝ արնահեղեղ անել Հայաստանը և Արցախը նվիրել թշնամուն: Այլ իշխանության պարագայում մենք կհաղթեինք»:
Ի դեպ, ըստ համացանցում տարածվող տեղեկությունների՝ Սեմիդլիին ձայնագրել է Ադրբեջանի ԱԱԾ-ն, և հենց այդ կառույցի կողմից էլ սպանվել է:
Մանրամասները՝ տեսանյութում