«Իրանն այդ առաջարկը միայն Հայաստանին է արել, իսկ Ադրբեջանի հետ սպառնալիքներով են խոսում». Հարութ Արթին Առաքելյան

Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով՝ իրանական կողմը շատ լավ է հասկանում, որ եթե Հայաստանը կորցնի Սյունիքը, Իրանը կորցնելու է Հայաստանը:

«Դա Իրանի համար շատ լուրջ անվտանգային խնդիրներ և սպառնալիքներ կստեղծի, որովհետև արդեն ամբողջությամբ Իրանի բոլոր ճանապարհները՝ դեպի Եվրոպա ընթացող, կախված են լինելու թուրքական ալյանսի քմահաճույքից: Իրանը փորձում է դա կանխել, բայց նաև չսրել հարաբերությունները հարևանների հետ: Իրենք աշխատում են նաև Ադրբեջանի հետ՝ փորձելով մեսիջները տալ, որ տարածաշրջանում սրացումներ չլինեն: Այսօր հանդիպել եմ Իրանի արտգործնախարարի հետ, նա կրկին շեշտեց, որ Իրանը ցանկանում է ուղիղ ներկայություն ունենալ Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրների լուծման գործընթացներում: Թե որքանով դա կցանկանան հայկական և ադրբեջանական կողմերը, ամեն դեպքում Իրանը շատ ուղիղ ասում է, որ պատրաստ է աջակցել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հոկտեմբերի 21-ին Կապանում գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց. «Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին»:

Կարդացեք նաև

Հարութ Արթին Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա հայ-իրանական ռազմավարական դաշնակցության մեսիջ չէր:

Ի պատասխան՝ նա նշեց, որ մեսիջն իր բովանդակությամբ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բնույթ ունի.

«Բայց թե ինչքանով Հայաստանի իշխանություններն այդ պարզած ձեռքը կսեղմեն, այլ հարց է: Կոնկրետ այդ առաջարկը եղել է հայկական կողմին և ոչ թե ադրբեջանական կողմին: Եթե մենք հետևում ենք Իրանի պաշտոնյաների զրույցներին՝ ադրբեջանական պաշտոնյաների հետ, այդտեղ առհասարակ տեսնում ենք սպառնալիքի կամ կիսասպառնալիքի ոճ, երբ իրենք հայտարարում են, որ տարածաշրջանում չեն ընդունելու սահմանների փոփոխություն և Հայաստանի հանդեպ ոտնձգություն: Բայց հայկական կողմին, սկսած Իրանի առաջնորդից մինչև երկրի բոլոր կառույցները, առաջարկում են հարաբերությունների խորացում, ընդհուպ՝ մինչև ռազմավարական դաշնակցային մակարդակի: Ես կարծում եմ, որ այս պատմական իրավիճակում մենք օր առաջ պետք է փորձենք սեղմել Իրանի պարզած ձեռքը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս