Ռազմական գործողություններից շուրջ 40 օր անց իշխանությունը գաղտնի է պահում զոհվածների ամբողջական անվանացանկը

Թշնամու կողմից սանձազերծված ռազմական վերջին ագրեսիայից շուրջ 40 օր է անցել, սակայն պաշտպանության նախարարությունը դեռ չի հրապարակում զոհված զինծառայողների անվանացանկը։

Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, թշնամու սադրանքի հետևանքով ևս 3 զինծառայող զոհվել է սեպտեմբերի 18-ին։

168.am ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից դեռ սեպտեմբերի 15-ին էր հետաքրքրվել, թե ինչո՞ւ չեն հրապարակվում զոհված զինծառայողների անունները։ Ի պատասխան՝ ՊՆ խոսնակն ասել էր․

«Այս պահին նույնականացման որոշակի աշխատանքներ են կատարվում, երբ ճշգրտված ցուցակներ կլինեն, այդ ժամանակ ՊՆ-ն կհրապարակի դրանք»։

Կարդացեք նաև

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը երեկ՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների մասին հարցին՝ նշել էր, որ անհետ կորածների թիվը 29 է, իսկ զոհվածների մասին ՄԻՊ-ն ասել էր, որ 201 մարմին է նույնականացվել, և, որ ռազմական վերջին գործողությունների հետևանքով չնույնականացված մարմիններ չկան։

Հարց է առաջանում, եթե չնույնականացված մարմիններ չկան, ապա ինչո՞ւ մինչ այս պահը չեն հրապարակվում զոհված զինծառայողների անունները։

Այսօր այս հարցի պատասխանը 168.am-ը փորձեց ստանալ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից։

«Ինչպես հայտնեց վարչապետը՝ անվանացուցակը կհրապարակվի գործող կարգի համաձայն, ինստիտուցիոնալ մեխանիզմով՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում։ Այս պահի դրությամբ միայն այսքանը կարող եմ հայտնել»,- ասաց Թորոսյանը։

Ճշտող հարցին՝ նույնականացումն ավարտվե՞լ է, թե՞ դեռ ճշգրտումների կարիք կա, քանի որ նախորդ զրույցում նշել էիք, որ նույնականացման գործընթաց է տարվում և, երբ ճշգրտված ցուցակներ կլինեն, այդ ժամանակ ՊՆ-ն կհրապարակի դրանք, ՊՆ խոսնակն այսպես արձագանքեց․

«Երբ լիարժեք տեղեկատվությունը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, այնտեղ կզետեղվի անվանացուցակը, ինչպես հայտնեց վարչապետը»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ի առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով թշնամու կողմից սանձազերծված վերջին ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների անունները չհրապարակելուն՝ ասել էր, թե ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում․

«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը, մենք եկել ենք եզրակացության, որ զոհվածների, մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել։ Դա «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել է այնտեղ, և մենք կարծում ենք՝ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը։ Զոհերի ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա․․․»։

Այս երկարաշունչ ու անբովանդակ տեքստն ասելու փոխարեն՝ գուցե ՊՆ–ն, ի վերջո, հրապարակի՞ զոհված զինծառայողների անունները, գոնե հանուն նրա, որ նահատակված տղաներին ոչ թե «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն է տարել ծառայության, այլ ՊՆ–ն։ Կամ՝ նաև ՊՆ-ն։

Եվ հենց այս պարզագույն հարցերն են նաև, որ հաստատում են այն խոսակցությունները, որ իրականում այսկերպ իշխանությունները ցանկանում են թաքցնել իրական զոհերի թիվը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31