Իրանը կարող է տապալել Ադրբեջանը՝ որպես քաղաքական միավոր, և վերցնել Նախիջևանը. Սերգեյ Մելքոնյան
Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. ՀՀ ԱԳՆ-ում նախատեսված է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանում կհանդիպի նաև Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, իսկ հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը վստահեցրեց՝ Իրանը արագացնում է Կապանում հյուպատոսության բացումը, որովհետև Վրաստանից Հայաստան են եկել ԵՄ քաղաքացիական դիտորդներ, որոնք ցանկացած պահի կարող են իրականացնել նաև հետախուզական գործունեություն՝ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի։
«ԵՄ-ի կողմից Հայաստան քաղաքացիական դիտորդներ ուղարկելը Իրանի համար կարմիր գիծ է, որին որևէ կերպ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը չի էլ արձագանքել։
Իրանը պատրաստ չէ իր սահմանին ունենալ այնպիսի դիտորդներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից են, ուստի Իրանը կոշտ է արձագանքում ԵՄ դիտորդների տեղակայմանը»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ ընդամենն ադրբեջանական կողմից Հայաստանի սահմանների ուղղությամբ արձակված կրակոցներն արձանագրող ԵՄ դիտորդները, որոնք, ի դեպ, տեղակայվել են միայն Հայաստանի սահմանին, քանի որ Ադրբեջանը դեմ է եղել իր տարածքում նրանց տեղակայմանը, անելու է մի բան, որը կարող էր Հայաստանն անել և ուղարկել Բրյուսել: Ուստի նախ պետք է փորձել հասկանալ, թե ինչու Հայաստանն այդ գրագրությունն իրականացնելու համար համաձայնեց և հետո՝ ի՞նչ է շահում դրանից մեր երկիրը, «շահում է» այն, որ այդ դիտորդների տեղակայմանը դեմ է ինչպես մեր բնական դաշնակից Իրանը, այնպես էլ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը։
«ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները պարտավոր են տիրապետել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազգային ռազմավարություններին և լինել ռուսական և ՆԱՏՕ-ական ռազմամթերքի մասնագետներ՝ իմանալ դրանց մասին տեղեկություններ, ինչը նշանակում է, որ ԵՄ դիտորդները կարող են իրականացնել հետախուզական գործառույթ, որը կարող է օգտագործվել ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի դեմ, դրա համար Իրանը բաց հայտարարեց՝ ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանի հետ սահմանին իրենց համար անընդունելի է»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ փոխարենը՝ այդ դիտորդների որևէ արձանագրում չի կարող դառնալ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմք, որովհետև ադրբեջանական նավթ ու գազն առավել կարևոր են այդ կառույցների համար։
Խոսելով Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին, Սերգեյ Մելքոնյանն ուշադրություն հրավիրեց դրա դեմ արտահայտվող ԱՄՆ-ի արձագանքին, որը վերջին շրջանում ակտիվացել է՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ջատագով։
Անդրադառնալով Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելի այն հայտարարությանը, ըստ որի, Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրները, այդ թվում և՝ Հայաստանը, «ռուս-իրանական դաշինքը» պետք է դիտարկեն որպես «խորքային սպառնալիք»՝ Սերգեյ Մելքոնյանն ասաց.
«Սա այն փակուղին է, որի մեջ մենք հայտնվել ենք 2018 թվականին, երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Բոլթոնը եկավ Հայաստան և կոչ արեց հրաժարվել կարծրատիպերից, իսկ ՀՀ իշխանությունը հակաիրանական քարոզչություն սկսեց, և դա այն դեպքում, երբ Իրանը մեր բնական դաշնակիցն է՝ Սյունիքը պահելու համար, հետևապես, եթե այս իշխանությունը չի ցանկանում Սյունիքը պահել, ինչն անելու է Իրանը, դա նշանակում է, որ այս դե ֆակտո իշխանությունն Իրանը դարձնելու է մեզ թշնամի, ավելին՝ թշնամի է դարձնում նաև Ռուսաստանը»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ ազգային իշխանություն ունենալու դեպքում Իրանի հետ աշխատանքը պետք էր խորացնել՝ հաշվի առնելով շատ կարևոր հանգամանք.
«Պետք է գիտակցել՝ Իրանը կարող է տապալել Ադրբեջանը՝ որպես քաղաքական միավոր, և վերցնել Նախիջևանը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում