«Խոսակցությունները, թե 2016թ․ բանակում զինամթերք չի եղել՝ աբսուրդի ժանրից է. ծիծաղելի էր, որ երկրի առաջին դեմքը հայտարարեց, թե բանակում սնունդ չի եղել». Ապրիլյան պատերազմի մասնակից
2018 թվականից հետո օրվա իշխանությունները տարբեր առիթներով հայտարարում են, թե 2016 թվականի ապրիլյան պատերազմում Հայաստանը հաղթանակ չի տարել։ Նաև հայտարարում են, թե բանակը մարտունակ չի եղել, զենք չի ունեցել, զինվորները սոված են մնացել։
Նույնիսկ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե զինվորները «էնքան սոված էին, որ կոնֆետ էին նետում, ճանկռտելով իրար ձեռից խլում էին»։
Օրերս էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, թե միֆ է եղել 30 տարիների այն հայտարարությունները, թե հայկական բանակը մարտունակ է եղել, միաժամանակ ընդգծելով, թե չի կարծում, որ հայկական բանակն ապրիլյան պատերազմում հաղթանակ է տարել։
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մադաթ Սադոյանն այս հայտարարությունները զավեշտալի է համարում․ նա պնդում է՝ 2016 թվականին հայկական կողմը միանշանակ հաղթանակ է տարել, բանակը զենք ունեցել է, զինվորն էլ երբեք սոված չի մնացել։
168.am-ի հետ զրույցում Մադաթ Սադոյանը ոչ միայն վերհիշեց պատերազմի որոշ մանրամասներ, այլև պատմեց այդ օրերին զինվորների մարտական ոգու, տրամադրությունների մասին, և, թե ինչպես կարողացան կազմակերպված հաղթանակ տանել։
«Տանեցիներն իմացել են, թե ես անհետ կորած եմ, ինձ տեսել են հեռուստատեսությամբ՝ ուրախ, ժպիտով»
«Ծառայել եմ Արցախի հյուսիսային շրջանում՝ «Եղնիկներում», 2016թ․պատերազմի ժամանակ գրեթե մեկ տարվա ծառայող էի, մինչ պատերազմի սկսվելը մենք անգամ մեկ կրակոցի ձայն չէինք լսել։ Ծառայելով նման պայմաններում, մեզ համար ինչ-որ տեղ նաև հետաքրքիր էր, որ լսեինք կրակոցի ձայներ՝ ամեն դեպքում, բանակում էինք, ծառայում էինք։
Այդ օրն ընկերոջս հետ մարտական հերթապահություն էինք իրականացնում, լսեցինք հրետանու ձայներ, մեզ համար անսովոր էր, ավելի ճիշտ՝ չգիտեինք, թե ինչ է տեղի ունենում։ Բոլորին արթնացրեցինք, և ով իրականացնում էր հակաօդայինի դիտարկումը, միասին բարձրացանք խրամատ և Գյուլիստանի մատույցներից բարձրացող ուղղաթիռը խոցեցինք, այն խոցեց Գևորգ Մանուկյանը։ Հակառակորդը հրետանիով կապի հանգույցին էր կրակել, վնասվել էին բոլոր լարերը, կապ չունեինք, բայց ունեինք ռացիաներ։ Պատերազմը սկսվելուց 3 ժամ հետո մեզ տրամադրեցին հակաօդային զենք՝ «Իգլա»։
Եթե այդ զենքով խոցում ես հակառակորդի օդուժը, և այն նշանակետին չի հասնում քո մեղավորությամբ, դրա համար քեզ ենթարկում են պատասխանատվության։ Ուղղաթիռը, որը խոցվեց՝ ընկավ Գյուլիստանի մատույցներում, մենք այն չտեսանք, հետո մեզ ասացին, որ, եթե նույնիսկ չկպնեիք ուղղաթիռին, ապա դրա համար որևէ պատասխանատվություն չէիք կրելու, բայց շնորհավորում ենք, դուք խոցել եք հակառակորդի ուղղաթիռը։
Դրանից մեր ոգևորվածությունը կրկնապատկվեց։
Պատերազմի հաջորդ օրը մեզ այցելեցին Հայաստանի խոշոր լրատվականները։ Նրանք հիմնականում մեր գումարտակ էին այցելում, քանի որ մենք չունեինք կապի միջոց, մենք էլ առիթից օգտվելով՝ հայտնվում էինք տեսախցիկների առջև, որպեսզի մեր տանեցիներն իմանան, որ ողջ ենք։
Ի դեպ, մեկ շաբաթ մեր տանեցիներն իմացել են, թե ես անհետ կորած եմ, ինձ տեսել են հեռուստատեսությամբ՝ ուրախ, ժպիտով, հետո, երբ զանգահարեցի տուն, ինձ ասացին. «տղա ջան, ինչո՞ւ ես այդպես ուրախ, այդ վիդեոն տեսել ենք ու չգիտենք, թե մեզ հետ ինչ է կատարվում, իսկ դուք ժպիտով ներկայացնում եք, թե ինչ է տեղի ունեցել ձեր դիրքում»։ Մեր մարտական ոգին այնքան բարձր էր, որ նույնիսկ տանեցիների հետ կապ չհաստատելու դեպքում էլ այդ մարտական ոգին պահում էինք»։
Ըստ Մադաթի, քառօրյա պատերազմի ժամանակ իրենց գումարտակից ունեցել են միայն մեկ զոհ, ով զոհվել է թշնամու հրետանու հարվածից։ Պատերազմից հետո տեղի ունեցածն ավելի լավ դիտարկելով՝ եկել են այն եզրահանգման, որ իսկապես հայկական բանակն ուժեղ է։
«Մտածում էինք, որ ֆիլմում ենք գտնվում, որը կավարտվի, չենք մտածել, որ մենք պետք է պարտվենք»
«Պատերազմական բուն գործողությունները տևել են 4 օր, բայց այնպես՝ 10 օր, քանի որ կրակոցներ լինում էին։ Մինչև պատերազմի ավարտը, մեզ համար կարծես ֆիլմից ինչ-որ հատված լիներ։ Օրինակ, ներքևի դիրքից կապի էինք դուրս գալիս վերևի դիրք, հումորներ էինք անում, երգում էինք։ Մտածում էինք, որ ֆիլմում ենք գտնվում, որը կավարտվի, չենք մտածել, որ մենք պետք է պարտվենք։ Զորացրվելուց հետո այդ կադրերը, լրատվականների ռեպորտաժները տեսնելով, ասում եմ՝ սա ե՞ս եմ, այս ինչ ուրախ է անցել պատերազմը։ Եթե կրկին լինեի 18 տարեկան, նորից կընտրեի «Եղնիկները», որովհետև այն ինձ համար ֆիլմ էր, որը տևեց 1,5 տարի։
Նրա պատմելով՝ պատերազմի 2-րդ օրն իրենց միացել են մոբիլիզացիոն ուժերը, առաջին մոբիլիզացիոն խումբն ամբողջությամբ Արցախից է եղել։
«Խոսակցությունները, թե բանակում զինամթերք չի եղել՝ աբսուրդի ժանրից է»
«Որքան էլ հիմա տարաձայնություններ կան, ինչն իմ ուղեղում անընդունելի է՝ կապված արցախցի-հայաստանցի տարանջատումների հետ, պետք է ասեմ, որ պատերազմի 2-րդ օրը մեզ միացան արցախցիները։ Բնականաբար, մեզ միացավ նաև Հայաստանից եկած մոբիլիզացիոն խումբը։ Կար համախմբվածություն, բարձրանում էինք դիրք, մեզ հետ բարձրանում էին մեր հայրերի կամ հորեղբայրների տարիքի մարդիկ, սա ուժ էր տալիս մեզ։ Նույնիսկ մեզ ասում էին՝ իջեք ներքև, մենք ինչի՞ համար ենք եկել, դուք իջեք, հանգստացեք։ ՄՈԲ-ի գալուց հետո մեր դիրք բարձրացավ բեռնատար, որի մեջ ամբողջությամբ զենք էր, փռեցինք զինվորական «կամուֆլյաժը», զենքերը դատարկեցին դրա վրա, և մեր հրամանատարը մոբիլիզացիոն ուժերին ասում էր՝ որն ուզում եք՝ ընտրեք։ Այդ զենքերը՝ АКМ-ները, լրիվ նոր էին, դե որ նոր են, յուղոտ են լինում։
Մի երկու ժամ այդ զենքի վրայից պետք է յուղը մաքրես, կամավորներն ունեին լայն հնարավորություն, ամեն մեկն իր սրտով զենք էր ընտրում։ Այս ամենը փաստում է այն մասին, որ երեք ժամում այդ զենքն արտերկրից չբերեցին, մենք դրանք մեր զինապահեստում ունեինք։ Նույնը նաև մեքենաների հետ կապված, մեր դիրքում կար շտապօգնության երկու մեքենա, պլյուս՝ գումարտակում։ Եթե նույնիսկ դրանք չէին էլ օգտագործվում, ասում էին՝ այդ մեքենայով վերևի դիրք հաց բարձրացրեք»,- հիշում է նա։
«Բավականին ծիծաղելի էր, որ երկրի առաջին դեմքը հայտարարեց, թե բանակում սնունդ չի եղել»
Զորացրվելուց հետո Մադաթը շատ է լսել խոսակցություններ նաև այն մասին, որ 2016 թվականի պատերազմն ուղղակի մարտական գործողություններ էին, պատերազմ չէր կարող լինել, որովհետև զոհերը քիչ էին։
«Պատերազմը մենք նրանով հաղթահարեցինք, որ մարտական ոգին, անկեղծ, շատ մեծ էր, որովհետև հրամանատարությունը մշտապես մեր կողքին էր։ Հիշում եմ, որ ապրիլի 3-ն էր, ու մեր դիրք այցելեցին օրվա իշխանությունների առաջին դեմքերը, նրանք եկել էին առանց զրահաբաճկոնի, ինչի՞ համար էին եկել առանց զրահաբաճկոն, այդպես էին եկել, ոչ թե նրա համար, որ չունեին, այլ այդկերպ մեզ տրամադրելու, որ վախենալու որևէ բան չկա։
Ինձ համար բավականին ծիծաղելի էր, որ երկրի այսօրվա առաջին դեմքը հայտարարեց, թե բանակում սնունդ չի եղել, լինելով այդ ամենի ներսում և տեսնելով, թե ինչ է կատարվում՝ իսկապես ծիծաղելի է։ Ես այդ ամենը կարող էի լսել զինվորականից, այլ մարդկանցից, բայց լսել երկրի առաջին դեմքից՝ աբսուրդային է։ Աբսուրդային է նրանով, որ ինչքան էլ քո բանակը ծայրահեղ վիճակում լինի, նույնիսկ զինվորները չոր հաց ուտեն, պետք է որևէ մեկը չիմանա, բայց այդ ամենը դարձրին հանրության «մատի փաթաթան»։ Մեզ մոտ սնունդն այնքան շատ էր, որ չէինք հասցնում իրացնել, սնունդը փչանում էր, այնքան շատ էր լինում, որ քնելու տեղ չէր լինում, հանում արկղերով դնում ենք դուրս՝ բաց երկնքի տակ։ Կամ ասում են, որ կոնֆետը նետում էին, զինվորը «ճանկռելով» վերցնում էր, սա ինձ համար կարող է լինել դարի անեկդոտը, այն էլ լսել այն մարդուց, որն իրավունք չուներ այդ ամենն ասելու»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում