Քերոբյանի ղեկավարած կառույցում զբաղված են Ֆեյսբուքի և Ինստագրամի համար տեսահոլովակների նկարահանումներով
Վահան Քերոբյանի ղեկավարած Էկոնոմիկայի նախարարությունը, որի ենթակայության տակ են բազմաթիվ խնդիրներ ունեցող գյուղատնտեսության ոլորտը, արդյունաբերության զարգացման և ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանն առնչվող այլ ոլորտներ, այսօր զբաղված է Ֆեյսբուքի և Ինստագրամի համար տեսահոլովակներ նկարահանելով, զբոսաշրջության զարգացմանը միտված լուսանկարների պատվերներ տալով և այդ նպատակի համար պետական բյուջեից հատկացվել է 16 միլիոն դրամ։
Ի դեպ, չմոռանանք նշել նաև, որ այս նախարարությունը մշակում է նաև զբոսաշրջության ոլորտի քաղաքականությունը, և հենց այդ ոլորտին են վերաբերում Էկոնոմիկայի նախարարության և «Սահակյան Հրանտ» ԱՁ-ի միջև կնքված մեկ անձից գնման պայմանագրերը, որոնցից առաջինով 8 միլիոն դրամով այս ընկերությունը երեք տեսահոլովակ է նկարահանելու՝ զբոսաշրջության զարգացման նպատակով, որոնք պետք է տեղադրվեն Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերում և դրանց համապատասխան սթորրի (պատմություն) բաժիններում։
Հաջորդ պայմանագրով 8 միլիոն դրամով «Սահակյան Հրանտ» ԱՁ-ն բնության և պատմամշակութային կոթողների լուսանկարներ է պատրաստելու, որոնք պետք են Էկոնոմիկայի նախարարությանը երկրում զբոսաշրջությունը զարգացնելու համար։