«Խնդիրը սխալ ուտելու մեջ է, այլ ոչ թե քիչ ուտելու. պետությունը կներկայացնի ճիշտ սնվելու քարտեզ». Վահան Քերոբյան

Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, այսօր պարենային անվտանգության հարցն անվտանգության երեք կարևոր բաղադրիչներից մեկն է։

Այս համատեքստում նա կարևորեց ոչ միայն պարենային անվտանգությունը, այլև ճիշտ սնվելը։

«Մենք տեսնում ենք, որ փոքր երեխաների պարագայում խնդիրը ոչ միայն թերսնումն է, այլև սխալ սնվելը, որի արդյունքում երեխաների մեծ մասը՝ ավելի քան 40 տոկոսը, ունեն թերսնվածություն։ Սա և՛ քիչ, և՛ սխալ սնվելուց է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ նրա, ճիշտ սնվել ասելով՝ հասկանում է անհրաժեշտ կալորիաների ու վիտամինների առկայությունը։

Կարդացեք նաև

«Իրականում մենք տեսնում ենք, որ խնդիրը  սխալ ուտելու մեջ է, այլ ոչ թե քիչ ուտելու։ Թերսնված երեխաներ հաճախ լինում են նաև բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքներում։ Պետությունը կներկայացնի ճիշտ սնվելու քարտեզ, պարենային ռազմավարությունը կազմվում է, ըստ իս, մինչև տարեվերջ կունենանք ընդունված ռազմավարություն։ Այնտեղ նշված կլինի, թե ինչը երբ պետք է ուտեն, կենտրոնանալու ենք միայն փոքր տարիքի երեխաների վրա»,- ընդգծեց Վ. Քերոբյանը։

Անդրադառնալով Հայաստանի ցորենի պաշարներին և դրա հետ կապված խնդիրներին, Վահան Քերոբյանը նշեց, որ այս տարի կառավարությունը ներկայացրել է աշնանացան ցորենի կարևոր նախագիծ, որի շրջանակներում համայնքների միջոցով մարդկանց, ֆերմերներին խրախուսել են աշնանացան ցորեն ցանել։

«Ծրագրի վերջնական տվյալները դեռ ամփոփված չեն, որովհետև մինչև սեպտեմբերի 15-ն էր սկզբնական ժամկետը։ Սեպտեմբերի 13-ին թշնամու ագրեսիայի հետևանքով որոշ համայնքներում չկարողացան ամփոփել տվյալները։ Կարծում եմ՝ մենք էական բարելավում այնուամենայնիվ կունենանք աշնանացանի հետ կապված, որը պետք է թույլ տա լավացնելու մեր ցորենի պաշարները հաջորդ տարվա համար։ Բայց պետք է հիշել, որ Հայաստանում արտադրված ցորենը հիմնականում մարդկանց համար չէ, այն օգտագործվում է՝ որպես կոմբինացված կերի բաղադրիչ»,- եզրափակեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս