Աննա Հակոբյանը չի ներում որդեկորույս մայրերին
Աննա Հակոբյանը հերթական գրառումն է արել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ անդրադառնում է պատերազմի շրջանում վարչապետի կնոջ, այսինքն՝ իր, գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի և գործողությունների պրոտոկոլ լինել-չլինելու, հայ կնոջ բարոյական կերպարի չափանիշներին և սրա համատեքստում իր անձի շուրջ քննադատություններին:
«Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում (բունկերներում), խրամատներում, զորամասերում, պոլիգոններում, գեներալների, սերժանտների, շարքայինների, ՄՈԲ–ի հետ նույն վայրերում։
Երկու տարի է` Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի և բարոյական ընկալումների սահմաններում այս հարցերի շուրջ ինձ խոշտանգումների են ենթարկում, ամենապիղծ պիտակավորումներով նվաստացնում:
Անկեղծ չգիտեմ, ո՞րն է նախընտրելի՝ մեռնելուց հետո կենդանիները անշունչ մարմինդ հոշոտեն-պղծե՞ն, թե՞ հայրենակիցներդ ողջ-ողջ հոգիդ հոշոտեն, անունդ պղծեն։
Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի և գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Գուցե գոյություն ունի, և գուցե ըստ այդ պրոտոկոլի վարչապետի կինը պետք է սահմանափակվեր բացառապես թիկունքային աշխատանքներով։ Տրամաբանական է։
Պարզապես, թիկունքում այդ ժամանակ տեղ չկար, մեծ խցանում էր առաջացել. 10 միլիոն մարդ թիկունքից աջակցում էր կրակի տակ ընկած 100-200 հազարին։
Դեռ կարելի է հասկանալ մեր գյուղերում ապրող տատիկների տարակուսանքը՝ այ բալա, ճիշտ են ասում, բա կինարմատը զինվորականների հետ նույն սենյակում կլինի՞: Բայց ես չեմ կարող հասկանալ այն լայն համահայկական կրավորական դիրքորոշումը, որ երկու տարի է հարմար միջավայր է ընձեռում իմ դեմ այդ պիղծ արշավն անարգել տանելու համար»,- մասնավորապես գրել է Աննա Հակոբյանը:
Քաղաքացի Աննա Հակոբյանի և վարչապետի կին Աննա Հակոբյանի տարբերությունների մասին, կամ՝ հրամկետ մուտքը կողմնակի անձանց խստիվ արգելվում է
Նախքան գրառման մյուս հատվածներին անդրադառնալը, մի քանի դիտարկում նշված հատվածում արված ձևակերպումների վերաբերյալ.
Առաջին- Երկրի ղեկավարի կին լինելը ենթադրում է արարողակարգային, բարոյաէթիկական որոշակի նորմերի և կանոնների, օրենքների պահպանում, քանի որ նման կարգավիճակում մենք առաջին հերթին պետություն ենք ներկայացնում: Այսինքն, այս դեպքում մենք գործ ունենք ոչ թե ՀՀ քաղաքացի, «Հայկական ժամանակի» խմբագիր, Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանի, այլ ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանի հետ, և ցանկացած շեղում պետությունն է թիրախի տակ դնում:
Առհասարակ, ցանկացած քաղաքացու, մարդու պարագայում ինչ-ինչ սահմանների, կանոնների, օրենքների առկայություն պիտի լինի, առանց դրա կյանքը, առավելևս՝ երկիրը քաոսի կվերածվի, հատկապես, երբ խոսքը պատերազմի մեջ լինող երկրի մասին է, բանակի, զինված ուժերի, որտեղ կարգապահությունն ու հստակ կանոնների պահպանումը հաղթանակի առաջնային գործոններից մեկն է, ինչի հետ կապված խնդիրներ կային 44-օրյա պատերազմի ընթացքում: Սա, իհարկե, առանձին խոսակցության թեմա է:
Երկրորդ- Աննա Հակոբյանն ասում է, թե իրեն քարկոծում են՝ «պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում (բունկերներում), խրամատներում, զորամասերում, պոլիգոններում, գեներալների, սերժանտների, շարքայինների, ՄՈԲ–ի հետ նույն վայրերում»:
Վարչապետի կինը կարող է պատեհ առիթի, կամ առիթից առիթ այցելել զորամասեր, խրամատներ, զորավարժարաններ, այնպես, ինչպես, օրինակ, լրագրողները, որոնց ամեն ինչ չէ, որ թույլատրվում է նկարահանել, ինչը ճիշտ է:
Եվ լավ կլիներ, որ երկրի ղեկավարությունը գաղտնիության տարրեր պարունակող ռազմական տեղեկությունների պահպանման հարցում նույնքան խստապահանջ լիներ:
Վարչապետի կինը կարող է գնալ նշված վայրեր, բայց նշված վայրերը չեն կարող ֆոտոսեսիայի և ինքնագովազդի հարթակի վերածվել, իսկ նա չի կարող բարձրաստիճան զինվորականի ցուցումներ տալ, հրամանատարն էլ՝ նրան պատվի առնել: Հստակ կանոնադրություն գոյություն ունի:
Ինչ վերաբերում է հրամանատարական կետերին, ապա այդտեղ կողմնակի անձանց՝ ոչ զինվորականների, բարձր մակարդակով առանձին հրամանով սահմանված կազմից դուրս մարդկանց (որոշում ընդունողներ, զեկուցողներ, այսինքն՝ բարձր վերադաս և նրանց ենթականեր) մուտքը խստիվ արգելվում է: Եվ, այո, վարչապետի կինը այդտեղ չի կարող լինել, և այստեղ խնդիրը, բնավ, տղամարդկանց, գեներալների առկայությունը չէ, ոչ էլ նրանց քանակը:
Կնոջ՝ զինվորականների հետ նույն սենյակում գտնվելու հանգամանքն ամենևին էլ քննարկման ենթակա չէ, կան բազմաթիվ կին զինվորականներ:
Եվ եթե հայ հասարակությունը ողջամիտ չլիներ, ապա կին զինվորականների թվի աճ չէինք ունենա, դեռ առաջին պատերազմից կանանց ջոկատներ չէին լինի:
Այստեղ խոսքը պատերազմի ընթացքում ռազմական օբյեկտում հստակ արգելքների մասին է, ոչ թե սենյակում կին-տղամարդ թվաքանակային հարաբերակցության, սա կենցաղային հարց չէ:
Երբ խնդիրը երկրի անվտանգությունն է, հենց վարչապետի կինը պիտի խոսի այս արգելքների և դրանց պահպանման անհրաժեշտության ու կարևորության մասին:
Ինչ վերաբերում է վարչապետի կնոջ թիկունքային կամ ոչ թիկունքային աշխատանքներում պատերազմի ժամանակ ներգրավված լինելուն, այստեղ ևս խնդիր չկա: Հարցն այն է, որ չափազանց ուշ որոշեցին մարտական առաջադրանքի գնալ, և մինչ այժմ հայտնի չէ՝ որտեղ, ինչ օպերացիաներում:
Սրանք բովանդակային հարցեր են, պետք չէ ձևի համատեքստում քննարկել: Այո, ՀՀ-ում կարելի է ձևական բարոյականության հանդիպել, ինչը միշտ է եղել: Այլապես Թումանյանը չէր գրի իր՝ «Ձևն ու հոգին», որտեղ, մասնավորապես, նկատում էր.
«Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը- եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։
Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ»:
Աննա Հակոբյանը չի ներում որդեկորույս մայրերին
Աննա Հակոբյանն իր այսօրվա գրառման մեջ ևս չի շրջանցել 44-օրյա պատերազմում և դրանից հետո որդի կորցրած մայրերին, որոնք շարունակում են սևազգեստ մնալ: Ընդ որում, նա իր այդ անդրադարձում հեգնում է, ցավեցնում:
«Իսկ ո՞ւր մնացին «հայ ընտանիքը սուրբ է, հայ կինը/մայրը՝ սրբություն» հավատամքները։ Սրանք ո՞ւմ և ո՞ր օրերի համար են հռչակված: Հա, կներեք, հիշեցի, սուրբ են որդեկորույս հայ կանայք, որ հերոսներ են ծնել և տվել հայրենիքին: Եվ մեր կյանքում միշտ պետք է նման կանայք ունենանք, հենց այդպես՝ սևազգեստ կենդանի հուշարձաններ, որպեսզի «հայ կինը սրբություն է» ասելով, իմանանք, թե ո՛ւմ նկատի ունենք»,– գրել է նա և շարունակել իր ցինիկ հեգնանքը, թե «սրբություն են նաև մեր մայրերը, եթե բոլորել են արդեն 70 տարին. ամբողջ կյանքում հալածվելուց հետո, մեռնելուց առաջ մի քանի տարի նրանք գուցե այդքան բախտ ունենան արժանանալու այս բարձր տիտղոսին»:
«Մնացած բոլոր կանայք՝ հարևանի կինը, բարեկամի կինը, ընկերոջ կինը, մահացած ընկերոջ կինը, պաշտոնյայի կինը, պաշտոնյա կինը, անմարդ կինը, մարդով կինը, կայացած կինը, չկայացած կինը, գեղեցիկ կինը, տգեղ կինը, հաճելի կինը, տհաճ կինը, հարուստ կինը, աղքատ կինը, կրթված կինը, անկիրթ կինը, խոպանչու կինը, չխոպանչու կինը, հղի կինը, չբեր կինը նրանք բոլորը, անխտի՛ր բոլորը ըստ անհրաժեշտության կամ արդեն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականներ են։
Կարևորը՝ միշտ կան հերոսածին հայ մայրերը, որոնք բարձր են պահում հայ կնոջ սուրբ կերպարը՝ կին, որ դարեր շարունակ հերոսներ է ծնել, և դարեր շարունակ հայրենիք կորցրել:
Բայց եթե այս մայրերն էլ, հանկարծ, դուրս գան իրենց վերապահված «նիստուկացի» պրոտոկոլից, հանդգնեն դիրքորոշում արտահայտել, հանրային-հասարակական գործունեությամբ զբաղվել, կամ պարզապես ապրել, այլ ոչ կենդանի հուշարձաններ լինել, ապա նրանք նույնպես զերծ չեն մնա ամենապիղծ վիրավորանքներից: Ընդ որում, իրե՛նք անգամ չեն խնայի իրար»,- շարունակել է Հակոբյանը:
Նախ՝ մարդը չի կարող լինել սուրբ, եթե հավատանք աստվածաշնչյան ճշմարտություններին, երկրորդ՝ եթե որևէ մեկի համար իր մայրը 40 տարեկանում իր համար սուրբ չէ, 70 տարեկանում էլ չի լինելու, երրորդ՝ մեր ծնողները ոչ թե մեռնում են, այլ որպես հայ քրիստոնյա՝ ննջում, չորրորդ՝ ինչու է Աննա Հակոբյանը՝ լինելով կին, մայր, այդքան ատում մայրերին, ինչո՞ւ նա չի ներում որդեկորույս այն մայրերին, որոնք չեն կիսում իրենց բերած խաղաղության գաղափարը, իրականում պիտի հակառակը լիներ:
Աննա Հակոբյանն ասում է, թե մարդիկ 2020-ի պատերազմից հետո էլ հրապարակային խոսք են հնչեցնում ընդդեմ խաղաղության, հօգուտ պատերազմի, և ցինիկաբար հիմնավորում․ «Դե իհարկե, եթե չլինի պատերազմ, չեն լինի նաև սևազգեստ մայրեր, ասել է թե՝ կմնան միայն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականները, և մենք կզրկվենք մեր ներշնչանքի աղբյուր, մեր մեղքերի թողություն, մեր բոլոր հոգևոր թշվառությունների ու թուլությունների ապաստարան հայ կնոջ սուրբ կերպարից»:
Աննա Հակոբյան, մարդիկ դեմ են ձեր խոստացած խաղաղությանը, որը վառոդի հոտ ունի, որը ոչ մի պահ մոռացնել չի տալիս պատերազմը: Եվ եթե ձեր պատկերացմամբ, նա, ով որդի չի կորցրել, բարոյականության խնդիր ունի, սխալվում եք, եթե ձեզ թվում է, որ եթե մի քանի տարի հետո որդեկորույս մայրն իր վրայից հանի սև զգեստը, բայց ապրի բարոյական արժեքներով, դադարելու է հարգանքի արժանանալ, սխալվում եք:
Ի դեպ, սևը, ըստ նորաձևության լեգենդների, հարուստ, վսեմ գույն է, և դրա մեջ շատ լույս կա: Երկրներ էլ կան, որտեղ սպիտակն է սգո գույնը:
Նա խոսում է քննադատությունների, հնարովի կարծրատիպերի մասին՝ մոռանալով, որ հենց ինքն է քննադատել ու քննադատում այն որդեկորույս մայրերին, որոնք որդիներ ծնեցին։ Արդյոք բավական չէ՞ կեղծ օրակարգերով բաժանություններ մտցնել:
Զարմանալի է, որ որդեկորույս մայրերը հաճախ Աննա Հակոբյանի ոչ սուրբ լինելն ավելի շատ են կարողանում ներել, քան նա՝ նրանց սուրբ լինելը…