Չավուշօղլուի հայտարարությունը փաստում է՝ Նիկոլն ինչ-որ խոստումներ է տվել Ալիևին և Էրդողանին. Հրանտ Բագրատյան
«Այն, որ սահմանին Ալիևը կրակում է, մենք զոհեր ենք տալիս, հետևանք է նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել 2020 թվականին ու չի արել: Չավուշօղլուի նախօրեի խոսքը դա հաստատեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակի շուրջ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ նախօրեին արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր, որին Հայաստանը թեև ուշացած, բայց դրական է պատասխանել: Նա նշել էր, որ Ադրբեջանն ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը, որը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքը։ Չավուշօղլուն հավելել էր, որ խաղաղությունը պահպանող ջանքերը պետք է արագացվեն։ Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրականորեն է ազդում նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։
Հրանտ Բագրատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Չավուշօղլուի այս դիտարկումները փաստում և բացատրում են, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ինչո՞ւ է Ալիևը համաձայնել, որ Ղարաբաղը գոնե մնա և միջանցք ունենա դեպի Հայաստան: Ալիևը նկատի է ունեցել, որ Հայաստանով միջանցք կստանա դեպի Նախիջևան: Դրա մասին ես ասել եմ ավելի վաղ: Այսինքն՝ իրականում այդ պայմանավորվածությունը եղել է: Այն, որ սահմանին Ալիևը կրակում է, մենք զոհեր ենք տալիս՝ բացառապես հետևանք է նրա, որ Նիկոլը խոստումներ է տվել 2020 թվականին Ալիևին և Էրդողանին ու խոստումը չի կատարել»:
Դրա վտանգները բացատրելով՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ Ղարաբաղը՝ ի տարբերություն Նախիջևանի, Ադրբեջանը չի ճանաչել որպես Հայաստանի սուվերեն տարածք: «Սա մեկ ու ամենակարևորը: Եվ երկրորդը, ի սկզբանե եղել է Ղարաբաղի ինքնորոշման խնդիր: Նախիջևանն անկլավ չէ, Նախիջևանը սահմաններ ունի Իրանի և Թուրքիայի հետ, Իրանով կապ ունի Ադրբեջանի հետ, Հայաստանը ևս կարող է կապ տալ: Հայաստանը կարող է կապ տալ, ճանապարհ տալ, բայց ոչ թե միջանցք: Այնպես որ, Չավուշօղլուի այդ հայտարարությունը փաստում է, որ առանց հասկանալու վտանգները՝ Նիկոլն ինչ-որ խոստումներ է տվել Ալիևին և Էրդողանին»,- ընդգծեց Բագրատյանը:
Հիշեցնենք նաև, որ Al-Monitor պորտալն օրեր առաջ մանրամասներ էր հաղորդել Պրահայում Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։
Ըստ աղբյուրի, Փաշինյանն Էրդողանից աջակցություն է խնդրել հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանների գծանշման հարցում, իսկ Էրդողանն իր հերթին՝ Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և բացել «Զանգեզուրի միջանցքը»։