Բաժիններ՝

«Նիկո՛լ, բա ասում էիր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի․․․ նորից ճանապարհ ենք փակելու»․ բեռնատարների վարորդները՝ ճանապարհներին տեղադրված կշեռքների մասին

Այսօր առավոտյան Էջմիածին-Երևան մայրուղին փակած բեռնատարների վարորդները հանդիպել են Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանի և նախարարության աշխատակիցների հետ, քննարկել իրենց մտահոգող խնդիրները։

Հանդիպմանը ներկա վարորդներից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ պաշտոնատար անձանց հետ ընդհանուր հայտարարի չեն եկել, և, որ քննարկման կեսից վարորդներից շատերը լքել են դահլիճը․

«Նախ ասեմ, որ մեզ ի սկզբանե խաբել էին, ասել էին՝ նախարար Գնել Սանոսյանն էլ է հանդիպմանը ներկա լինելու, այնինչ նախարարության ինչ-որ բաժինների աշխատողներ էին եկել։ Հիմնական խոսակցությունը, հարցերն ուղղված էին մարզպետին, նա էր փորձում «բացատրել» նոր կարգը, իրավիճակը մեղմել։

Մարզպետը մեզ ասաց՝ ընդհանուր քաշ հասկացություն էլ գոյություն չունի՛, օսերով՝ սռնիներով պետք է քշենք, ընդհանուր քաշին չեն համաձայնում, ասում են, որ բարձում եք, մի կողմը շատ ծանր է լինում, որը նախատեսված չէ այդքան բեռի համար, դրա համար էլ ասֆալտը փչանում է։

Կարդացեք նաև

Մենք կշեռքավարին հարց տվեցինք՝ կա՞ 2 սռնիով ինչ-որ մի մեքենա, որ դու կարողանաս դրա պերեդոկի օսի վրեն բարձես 6-7 տոննա, ասաց՝ չեմ կարող ձեր հարցին պատասխանել․․․

Մենք խնդրեցինք, որ ավտոյի քաշը + բեռը միասին կազմի 18 տոննա, ոչ թե առջևի ու հետևի սռնիները առանձին կշռեն։ Մեր աչքերը ոսկու կշեռք չի, եթե սխալվենք ու 18 տոննայից ավելի շատ բեռ բարձենք, օրինակ՝ 19 տոննա, թող բռնեն՝ 10.000 դրամ ակտ գրեն, ամեն մի տոննայի համար լրացուցիչ 10.000 դրամ ակտ գրեն, ոնց որ արագաչափերի դեպքում է, ինչքան արագ է գնացել մեքենան, այդքան տուգանքը շատ է։

Բայց իրենք քնել-հելել, որոշել են, որ 200.000 տուգանք պետք է լինի։ Մի ռեյսից՝ իմ գազի փողը հանած, առնում եմ 10.000-12.000 դրամ, ես կարա՞մ 200.000 դրամ տանեմ՝ ակտ մուծեմ, 600.000-700.000 տամ պակրիշկա առնեմ, 40.000 տամ ԱՊՊԱ անեմ, 40.000 տամ տեխասմոտր անեմ, խելքին մոտ չի, էլի, չես կարող մուծել էդքան ակտը։

Ես մարդկանց գիտեմ, որ ապառիկով անվադող են առել, բայց գործ չի եղել, չեն կարողացել քշել, որ էդ ապառիկի փողերը փակեն, ուր մնաց՝ էդքան մեծ ակտ կարողանան մուծել․․․

Ասում են՝ մեքենայի առջևի անիվները, որ կանգնում են կշեռքի վրա, պետք է լինի 6-7 տոննա, ետևի անիվները՝ 11.5, բայց էսպես բարձելուց ետևինը լինում է 13 տոննա, ուրիշ ձև ուղղակի չի՛ կարող լինել։ Իրենք էլ ասում են՝ ասֆալտ տրորող կատոկը 11 տոննա է, դու բարձում ես 13-14 տոննա, ասֆալտի հերն անիծում ես։ Մեծ՝ 40 տոննա կշռող մեքենաների համար էլ ասում են՝ նրանց սռնիները շատ են, որ ընդհանուր բեռը բաժանում ես այդ սռնիների վրա, էլի ստացվում է 11.5 տոննա, եթե շատ է լինում՝ էլի ակտ ենք գրում։ Բայց այդպիսի բան չկա, իրենց ավտոների վրա աչք են փակում, միայն խեղճ գյուղացիների վրա է ուժները պատում»։

Հարցին՝ մարզպետը լսելով ձեր բերած օրինակները, ի՞նչ է պատասխանել, մեր զրուցակիցները պատասխանեցին, որ խնդիրը լուծելու համար ժամանակ են խնդրել, բայց այդ ընթացքում իրենք չեն կարողանալու նախկին ձևով աշխատել, պետք է սպասեն։

«Մարզպետն ասաց՝ Կառավարության անդամների հետ կխոսենք, կքննարկենք, կվերանայենք, ձեզ կտեղեկացնենք, բայց, եթե վաղը քշեք՝ տուգանվելու եք։ Դե պատկերացրեք, օրվա եկամտով տուն պահող մարդիկ ենք, մեր համար մի օրն էլ մեծ նշանակություն ունի, հազար հոգս ունենք հոգալու, հիմա պետք է նստենք տանը, հացի փող չաշխատենք, մինչև Կառավարությունը բարեհաճի որոշում կայացնի։ Իշխանությանը հետաքրքիր չէ, թե մենք ինչ վիճակում ենք հայտնվել, Նիկո՛լ, բա ժամանակին ասում էիր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, դուք տուգանքները ոչ միայն չհանեցիք, այլև նոր տուգանքներ եք սահմանել:

Որոշման հետ կապված էլ ոչ մի ժամկետ չեն նշել, էնքան որ փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ, կեսը ջղայնացան՝ թողեցին դուրս եկան, ընդհանուր հայտարարի չեկանք։ Կարճ ասած՝ մարզպետի հետ ունեցած հանդիպումն անարդյունավետ ենք համարում, եթե մեր խնդիրը չլուծեն, առաջիկա օրերին նորից ճանապարհը կփակենք»,- ասացին մեր զրուցակիցները։

Նրանք նաև փոխանցեցին, որ այսօր առավոտյան ճանապարհը փակելու համար ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան բեռնատարների տասնյակ վարորդներ փակել էին Էջմիածին-Երևան մայրուղին և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպում էին պահանջում։

Վարորդները դժգոհում էին տրանսպորտային միջոցների բեռնվածության թույլատրելի առավելագույն զանգվածի փոփոխությունից։

Նշենք որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեռ մայիսի 17-ին էր իրազեկել, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերի վերաբերյալ տեղեկությունը։

Ըստ այդմ՝

2 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 18 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցների դեպքում՝ 25 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցը, որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 26 տոննա։

4 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 ուղղորդող սռնիներով և որի տանող սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և օդաճնշական կամ նմանատիպ այլ կախոց, կամ երբ յուրաքանչյուր սռնու վրա տեղադրված են զույգ անվադողեր և յուրաքանչյուր սռնու առավելագույն բեռնվածությունը չի գերազանցում 9,5 տոննան, ուստի տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 32 տոննա։

2 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 3 սռնի ունեցող կցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա, 3 սռնի ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոց, 2 կամ 3 սռնի ունեցող կիսակցորդով թույլատրելի առավելագույն զանգվածը պետք է լինի 40 տոննա։

Տեսանյութեր

Լրահոս