Վախի գինը. ինչո՞ւ է Աննա Վարդապետյանը տագնապած սեփական անվտանգության համար
Դատելով անվտանգության այն աննախադեպ միջոցառումներից, որ իրականացվում են իշխանական տարբեր մակարդակներում, իշխանությունների վախերը հասել են աննախադեպ մակարդակի: Թե ինչո՞վ է դա պայմանավորված, կամ միգուցե գալիքին են նախապատրաստվում, դժվար է ասել: Փաստ է, որ իշխանության բոլոր օղակներում բոլոր ոլորտների դերակատարները բավականին զգուշավոր են դարձել:
Երեկ 168.am-ը գրել էր այն մասին, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն այնքան է սարսափած սեփական անվտանգության համար, որ շենքում շրջում է բացառապես անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ: Դա էլ դեռ քիչ է, ԲԴԽ անդամները նախագահի աշխատասենյակ մտնելուց առաջ պետք է ստուգվեն մետաղական դետեկտորով:
Մեր տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանը միակը չէ, ով դողում է սեփական առողջության ու անվտանգության համար: Ոչ պակաս մտահոգ է նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
Վերջինս, օրինակ, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), ուր դասախոսական զբաղվածություն ունի, դասի առնվազն մի քանի թիկնապահներով է գնում: Այս հանգամանքն այնքան արտառոց էր ԵՊՀ-ի համար, որ բուհ-ի երկարամյա աշխատակիցները տարակուսած էին:
«Իրավապահ համակարգի ղեկավարների ճնշող մեծամասնությունը ԵՊՀ-ում դասավանդել է: Սակայն 30 տարվա մեջ չի եղել դեպք, որ որևէ մեկի անվտանգության աշխատակիցը շենքի տարածքում երևա, ուր մնաց՝ այսքան շատ լինեն»,- ասաց ԵՊՀ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Աննա Վարդապետյանը, սակայն, իրեն անվտանգ չի զգում նաև դատախազության շենքում: Այստեղ նույնպես «ասողները» գլխավոր դատախազի անվտանգության աշխատակիցներն են: Նրանք են որոշում՝ ով և ինչպես պետք է մտնի դատախազի աշխատասենյակ:
Մասնավորապես համակարգում ասելիք է դարձել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հետ կապված պատմությունը, երբ վերջինիս Աննա Վարդապետյանի աշխատասենյակ մտնելու համար պարտադրել են հանել ձեռքի ժամացույցը: Եվ անգամ նրա փաստարկները, թե իր ժամացույցը պետական պարգև է, իրավիճակը չեն փոխել՝ կհանես՝ կմտնես, չէ՝ չէ:
Իհարկե, այս դիպվածը կարող է այնքան էլ կապ չունենալ անվտանգային միջոցառումների հետ, կամ միգուցե գլխավոր դատախազը վախենում է «ձայնագրվելուց»: Չէ՞ որ այս իշխանությունները բավականին շատ ու հաճախ են ձայնագրում նաև յուրայիններին: Ի դեպ, մեկը մյուսի վրա «գրելու», միմյանց «ձայնագրելու», տեսագրելու, մյուսին ինֆորմացիա փոխանցելու ավանդույթի սկիզբը հենց գործող իշխանություններն են դրել՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բայց հենց հասան իրենց տներին, արդեն դա սկսեց անհանգստացնել նրանց:
Իրականում վախը շատ տհաճ ու քայքայիչ զգացողություն է, սակայն դա գինն է այս քաղաքական իշխանության մասը կազմելու, և դա Նիկոլ Փաշինյանի կառավարության ու թիմի յուրաքանչյուր անդամի ընտրությունն է: