Մենք Հայաստանի հետ ենք. Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի վերջին ագրեսիան Հայաստանի դեմ: Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:
«Հայաստանը մեր համայնքի մի մասն է, կիսում է մեր արժեքները: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք պաշտպանելու այդ արժեքները: Մենք այստեղ ենք դատապարտելու ռազմական ագրեսիան, որը տեղի է ունեցել Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին: Մենք տեսել ենք հանցագործություններ և ցանկանում ենք նշել, որ մենք Հայաստանի հետ ենք և դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները: Ադրբեջանը ամբողջական պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար»,- ընդգծեց Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:
Պատգամավորի խոսքով՝ Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը Հայաստան է եկել հստակ նշելու, թե ով է ագրեսորը և ասելու, որ տեղեկացված են, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին:
«Մենք տեսնում ենք, որ կա հստակ ագրեսոր: Մենք այստեղ ենք, որ ասենք, որ դուք մենակ չեք, մենք մասն ենք միջազգային աչքի և ականջի: Եվ դրանք բաց են, որպեսզի ուշադրությամբ լսենք ձեզ: Նմանատիպ քրեորեն դատապարտելի արարքները, ինչպես օրինակ հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրությունը, պատերազմական հանցագործություններ են: Պատերազմական հանցագործությունները պետք է պատժվեն: Հայաստանի տարածքային ամբողջականությունը ամենակարևորն է այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Եվ միջազգային համայնքը պետք է դատապարտի, որպեսզի պաշտպանենք Հայաստանը»,- եզրափակեց Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը: