Ի՞նչ վիճակագրության մասին է խոսքը, երբ Սյունիքի խոտհարքների կեսն արդեն չկա, վարելահողերը վտանգված են. Աշոտ Հարությունյանը՝ Վահան Քերոբյանին
«Պարենային անվտանգությունն ապահովելիս կառավարությունը ծրագրերը նախագծում է այնպես, որպեսզի ապահովվի նաև բարձր արտադրողականությունը, և գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունները և ընկերությունները կարողանան շահութաբեր աշխատել»,- 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ի պատասխան հարցադրմանը, թե շարունակ խոսում են գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի մասին, սակայն ականատես ենք լինում ոլորտի անկման, և դիտարկմանը, որ այդ անկման մասին հերթական արձանագրումն է արել Համաշխարհային բանկն իր վերջին զեկույցում՝ նախարար Քերոբյանը նկատեց, որ խնդիրը բացառապես հաշվարկի մեթոդաբանության մեջ է. գյուղատնտեսությունն աճում է:
«Այսօր մեր գյուղատնտեսության վիճակագրությունը վիճակագրություն չէ, այլ գնահատականներ են. մենք հիմա այդ փոփոխությունները կատարում ենք, որպեսզի կարողանանք գյուղատնտեսության մեջ ունենալ ավելի ճշգրիտ տվյալներ»,- պարզաբանեց նա:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց՝ թեև մեթոդաբանության խնդիրներ կան, բայց ամեն անգամ ակնհայտ հարցերը սխալ հաշվարկներով պայմանավորելը ճիշտ չէ:
«Անընդհատ ասել՝ թիվը սխալ է, ու գնալ առաջ, դա վատ է. դա լսել ենք մեկ ամիս առաջ, վեց ամիս առաջ և մեկ տարի առաջ: Ի՞նչ եք ձեռնարկել, ո՞վ է այդ թիվը սխալ վերուծում, թող պատասխան տա: Այսինքն մի քանի գերատեսչություն 1+1×2 չեն կարողանում հաշվե՞լ: Այսօր գյուղատնտեսություն չկա, արդյունք չկա, կրախի առաջ կանգնած ենք՝ եկել են, թե՝ 1+1×2 սխա՞լ է:
Ի՞նչ վիճակագրության մասին է խոսքը, երբ Սյունիքի արոտների, խոտհարքների կեսն արդեն չկա, վարելահողերն այսօր վտանգված են, տեղ կա՝ բեքահավաք չեն կարողացել անել, նման խնդիրներ կան նաև Գեղարքունիքի մարզի Սևանի ավազանում, կամ երբ երկար ժամանակ տեղումներ չեն եղել և հնարավոր չի եղել հողը վարել, որ աշնանացանը ճիշտ կազմակերպվի. ի՞նչ թվերի մասին է խոսքը: Հետո թվով չի, էլի. թող թիվը պակաս լիներ, բայց խաղողը բարձր գնով մթերած լինեին. այսօր խաղողի այգիները քանդում են համատարած»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հավաստի չի համարում նաև 168.am-ի հետ զրույցում էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի այն պնդումները, թե օպերատիվ տվյալներով՝ այս տարի ցորենի արտադրությունը շուրջ 145.000 տոննա է կազմում՝ նախորդ տարվա 97.000 տոննայի փոխարեն:
«Եթե դա իրականություն լիներ, համար առաջին ուրախացողը ես կլինեի, բայց էդ թիվը ո՞նց են ստացել: Նման թիվ եղել է 2016-2017թթ., երբ նոր սերմեր էին գալիս հանրապետություն, եղանակը բարենպաստ էր, պարարտանյութն էլ մատչելի գնով տալիս էին: Այժմ 50.000 հեկտար պարարտացնելու համար պահանջվում է մի քանի հազար տոննա պարարտանյութ. այս տարի այդքան պարարտանյո՞ւթ են ներկրել ՀՀ, ու գյուղացին կարողացել է այդ բարձր գներով վերցնի ու տա հողի՞ն. Ձե՞ռք եք առնում»,- հավելեց Աշոտ Հարությունյանը: