Ի՞նչ որոշում կհայտնեն Միրզոյանն ու Բայրամովը Լավրովին Աստանայում
Հայաստան-Ադրբեջան վերջին ամիսների Արևմուտքի միջնորդական ջանքերի վրա հիմնված բանակցային գործընթացը կխախտի մոսկովյան նախաձեռնությունը: Ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը կարծես որոշել է կոտրել ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ դիվանագիտական պասիվությունը Հարավային Կովկասում և կազմակերպել հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սակայն կողմերը ԵՄ առաջարկած խաղաղության համաձայնագրի փաթեթով են շարժվում դեպի համաձայնագրի ստորագրում: Նույնիսկ հայտնի է, որ ղեկավարների մակարդակով հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բրյուսելում հաջորդ ամիս, ինչպես նաև շրջանառվում են համաձայնագրի ստորագրման որոշ ժամկետներ: Այս իրավիճակում բարդ է հասկանալ, թե ինչ մոտավոր նպատակներ է հետապնդում և ինչ դիվանագիտական տեսլական ունի ՌԴ ԱԳ նախարարությունը: Մինչ դա հիշեցնենք, որ Բրյուսելի միջնորդական ջանքերը, թեև ակնառու կերպով չեն խոչընդոտվում Մոսկվայի կողմից, սակայն նաև չեն ողջունվում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջին ամիսների ընթացքում բրյուսելյան բանակցային գործընթացի և այդ օրակարգի վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել.
- Հայ-ադրբեջանական սահման ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու գաղափարը Ռուսաստանում համարում են ԵՄ-ի կողմից հերթական փորձ` ցանկացած կերպով ներդրվելու կարգավորման գործընթացում, նվազեցնելու Ռուսաստանի միջնորդական ջանքերը:
- ՌԴ-ն ելնում է նրանից, որ Երևանի ու Բաքվի միջև հաշտության, տարածաշրջանում ամուր խաղաղություն և երկարաժամկետ կայունություն հաստատելու միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարումն է:
- Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: ՌԴ-ն իր համապարփակ առաջարկները փոխանցել է Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
- «Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։ Մեր կարծիքով, դա ընդհանրապես կապ չունի ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ սրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են։ Դրանք ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի, որի տակ ոչինչ չկա։ Մենք՝ որպես միջնորդներ, աշխատում ենք, և այդ աշխատանքը տալիս է կոնկրետ արդյունքներ և ըստ այդմ գնահատվում է կողմերի կողմից»։
Հոկտեմբերի 7-ին Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով դիվանագիտական իր անանուն աղբյուրներին, ներկայացրել էր, թե ինչ հայեցակարգեր են առաջ քաշում Մոսկվան ու Եվրամիությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործում:
Ըստ թերթի՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը ենթադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր առկա խնդիրների լուծում, ընդ որում՝ Արցախի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի: Կարգավիճակի հետաձգման թեման արտացոլված է եղել պայմանագրի այն տարբերակում, որը Խովաևը ներկայացրել է կողմերին: «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ հայկական կողմը համաձայնություն է տվել այդ տարբերակին, մինչդեռ Ադրբեջանը մերժել է՝ պատճառաբանելով, որ Արցախի հարցը Բաքուն լուծված է համարում, և նրա կարգավիճակի հարցին Ադրբեջանում չեն ցանկանում վերադառնալ, որից հետո Մոսկվան թարմացրել է պայմանագրի իր տարբերակը. այժմ առաջարկվում է Արցախի հարցը շոշափել ոչ թե հենց պայմանագրում, այլ դրան կից լրացուցիչ արձանագրություններում:
«Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են դրան արձագանքել Բաքուն ու Երևանը»,- գրել էր «Կոմերսանտը»:
Եվրոպական բանաձևը, ըստ թերթի աղբյուրների, առավել համապարփակ է, և դրանում որևէ կերպ արձանագրված չէ Արցախի կարգավիճակի հարցը: Բրյուսելը հանդես է գալիս Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության օգտին՝ առաջարկելով դրանում միջազգային դերակատարների ներգրավվածության որոշակի մեխանիզմներ: Օրեր առաջ TOGARMA տելեգրամյան ալիքը ևս մանրամասներ էր հրապարակել Բաքվի ու Երևանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններից, որը, ըստ էության, ընդհանուր գծերով լիովին համընկնում էր «Կոմերսանտի» տեղեկության հետ, սակայն տարբերությունն այն էր, որ այս դեպքում նշվել էին կոմունիկացիաների բացման մանրամասներ, ըստ որոնց, ռուսական տարբերակում.
«2020թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջանցքի բացումը, այն է՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունն իրականացնում է ՌԴ-ի Անվտանգության ֆեդերալ ծառայության սահմանապահ ծառայությունը: ՀՀ սահմանապահներն այստեղ անելիք չունեն: Տարանցիկ մաքսատուրքերի հարցը կքննարկվի», իսկ բրյուսելյան տարբերակում՝ «Երկու հանրապետությունների միջև բոլոր կոմունիկացիաների բացում: Բոլոր բացվող կոմունիկացիաները վերահսկվում են բացառապես Ադրբեջանի և Հայաստանի ուժերով, ըստ այն տարածքների, որտեղով անցնում են դրանք: Այսինքն՝ եռակողմ ներկայություն չի նախատեսվում, պարզապես ընդհանուր հիմունքներով կոմունիկացիաներ»:
Ի դեպ, հայտնի դարձավ նաև, որ ըստ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Բաքուն Երևանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և այժմ պատասխան է սպասում Հայաստանից։ «Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացով, մասնավորապես, խաղաղ պայմանագրի կնքմամբ, հաղորդակցությունների բացմամբ և սահմանի սահմանազատմամբ»,- ընդգծել է Բայրամովը։
«168 Ժամ»-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Աստանայում առաջընթաց կողմերի միջև ակնկալելն անիմաստ է, քանի որ ՌԴ-ն փորձելու է իր խնդիրները լուծել և դուրս չմնալ բանակցային գործընթացից:
Նրա խոսքով՝ իրադարձությունների զարգացման երկու սցենար կարող է լինել: Մեկը, ըստ նրա, խիստ անցանկալի, որ Մոսկվան կարող է կոշտ դիրքորոշում հայտնել՝ փորձելով խափանել Բրյուսելի միջնորդությամբ գործընթացը, ուղղորդելով դեպի մոսկովյան հարթակ: «Սա, իհարկե, այս փուլում, երբ գործընթացում ներգրավված են Բլինքենը, Մակրոնը, Միշելը, մյուս կողմից՝ հայ-թուրքական գործընթացն է, արդեն իսկ առկա պայմանավորվածությունները, ԵՄ առաքելությունը սահմանին բավականին բարդ է իրականացնելը, քանի որ կստացվի արևմտյան ջանքերի և բոլոր հանդիպումների, պայմանավորվածությունների չեզոքացում:
Մյուս տարբերակն այն է, որ տեղի կունենա պարզապես հանդիպում, Մոսկվան հերթական անգամ հանդիպում կիրականացնի, սակայն այն, ըստ էության, կլինի ավելորդ: Սա էլ մի փոքր անտրամաբանական է թվում, թեև ռուսական քաղաքականությունը հասկանալը բարդ է ու անտրամաբանական, սակայն Ռուսաստանի մասնակցությունը գործընթացում արդեն չկա, և ինչպես պետք է փորձի դիվանագիտական դիրք վերականգնել ՌԴ ԱԳ նախարարը՝ շատ բարդ է պատկերացնելը: Սա նման է շարժման մեջ գտնվող գնացքի ետևից վազելուն, չափազանց ուշացած քայլ է»,- ասաց նա:
Իսկ ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ն Հարավային Կովկասում տիրապետում է լծակների, ու Աստանայի հանդիպումը երևի թե կարևոր կլինի այն իմաստով, որ Մոսկվան կստանա պատասխան իր առաջարկներին: Ըստ նրա, իսկապես որոշ իմաստով սա կարելի է համարել ուշացած նախաձեռնություն, որը նաև օբյեկտիվ աշխարհաքաղաքական պատճառներ ունի:
«Հատկապես վերջին օրերին պատերազմն Ուկրաինայում բավականին թեժ ընթացք ունի, ՌԴ-ն Անվտանգության խորհրդի նիստեր է իրականացնում, ողջ ռեսուրսն ուղղվում է պատերազմի ու վերջին ահաբեկչության բացահայտման վրա: Այս ընթացքում ՌԴ-ն պասիվ, սակայն ջանքեր ունեցել է Հարավային Կովկասում, ունեցել է հատուկ ներկայացուցիչ, ով ներկայացրել է այդ առաջարկները: Այլ հարց է, որ այս հակամարտությունը և կողմերի միջև խնդիրները սովորաբար պահանջում են բարձրաստիճան ներգրավվածություն և հարմար աշխարհաքաղաքական իրավիճակ: Արևմուտքը պահը որսացել է այս իմաստով և բավականին առաջընթաց է գրանցել բանակցություններում, Մոսկվան խնդիր ունի այս պահին, սակայն հաշվի առնելով ՌԴ խնդիրները՝ դա այդքան մեծ ու անհաղթահարելի խնդիր չէ»,- նշեց նա: