«Այս չտեսներն ուրախանում էին, ասում էին՝ գիտե՞ս՝ ինչ օլիգարխի հետ ենք վիսկի խմել. կապերս խզել եմ նրանց հետ». Լևս Դավթյան

Դերասան Լևս Դավթյանի համար շատ դժվար է եղել «Իշխանություն» և «Իշխանություն 2» ֆիլմերում մարմնավորել հեղափոխությամբ իշխանության եկած և երկիրը կործանման հասցրած երկրի ղեկավարի կերպարը:

«Իրականում, երբ «Իշխանություն» ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացա, այն ժամանակ դեռ պատերազմը չէր եղել, և մարդիկ դեռ իշխանություններին հերոսացնում էին, բավականին շատ թվով արտիստներ հրաժարվում էին նույնիսկ փոքրիկ դեր խաղալ ֆիլմում: Բայց երկրորդ ֆիլմում արդեն մարդ էին ման գալիս, որ ֆիլմում նկարահանվեն: Երբ ինձ առաջարկը եղավ, ես արդեն ընդվզում էի ռեժիմի դեմ, զգում էի, որ կեղծիք է, խաբում են, համաձայնեցի: Առաջին ֆիլմում կերպարը մի քիչ հում էր, երկրորդում՝ ամբողջական նյուանսներով, ավելի հասունացած կերպար է: Դրանից հետո իրադարձություններ եղան, որոնք լրիվ բացահայտեցին այս չարիքին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ այդ կերպարը երբեք լավը չի դառնա, անհույս է:

«Ինքը լավ է ճանաչում ժողովրդին, ինքը գիտի՝ ինչ բառեր ասի մարդկանց, կարող է միանգամից ասել՝ ստորագրելու եմ, 10 րոպե հետո ասի՝ ես նման բան չեմ ասել, դա ասել են այլմոլորակայինները, ու մարդիկ քոմենթներում կգրեն՝ այո, ճիշտ է, դա ասել են այլմոլորակայինները: Այդքան իր ֆենոմենը չէ, ինչքան հակաուժն է ավելի թույլ. Եթե լինի խարիզմա, անձնազոհություն, հերոսություն ունեցող դրական կերպար, որը կհակադրվի սրա հետ, մարդիկ լավը կտեսնեն, կգնան լավի հետևից, բայց քանի դեռ կա այս մեկը, որը մարդկանց ականջին հաճո բաներ է ասում, մարդիկ էլ դա լսում են, դրանից բավարարվում են, պետք չէ այդ մարդկանց մեղադրել: Իրենք թիրախային խմբերով անընդհատ մեսիջներ են ներարկում մարդկանց:

Կարդացեք նաև

Օրինակ՝ ադրբեջանցիները հարձակվում են, սրանց ագիտատորներն ասում են՝ էլի ռոբասերժական կլանն այնպես արեց, որ ադրբեջանցիները հարձակվեն, և լուրջ եմ ասում՝ 400 հոգի գրում է՝ այո, ճիշտ ես, պետք է սպանել դրանց: Տեսեք՝ ինչ պրիմիտիվ բան է, որին այդ մարդիկ հավատում են: Դրա մեղավորն էլ չգիտեմ՝ ով է, երևի մեր նախկին ղեկավարներն ավելի շատ կենտրոնացած են եղել բանակի վրա, բանակցությունների վրա, այդ հարցերի շուրջ երևի շատ չեն մտածել, որ այս մարդիկ հետո կարող է ոտքի կանգնեն ու սարսափելի բան լինի»,- ընդգծեց նա:

Լևս Դավթյանն ընդգծեց՝ միշտ ասել է այն, ինչ մտածել է. «2014թ. հարցազրույց եմ տվել և ասել եմ, որ ամեն ինչ վատ է, որ երկրում պետք է բաներ փոխվեն, որ եղած փոփոխություններն էլ իմիտացիաներ են, որ այս երկրում ես լավ ապագա չեմ տեսնում, բայց հիմա որ հետ եմ նայում, ասում եմ՝ լեզուս պապանձվեր, մենք ի՞նչ իմանայինք, որ այս քաոսի մեջ ենք հայտնվելու: Ես 2018թ. հրապարակ դուրս չեմ եկել, որովհետև ներքին մտավախություն ունեի, որ այստեղ ինչ-որ մի բան այն չէ, այս կենսագրությամբ մարդը ո՞նց կարող է երկիր ղեկավարել: Այդ շարքերում ունեի բազմաթիվ լավ ընկերներ, նույնիսկ՝ ընտանիքներով կապված ընկերներ, ովքեր այսօր պատգամավոր են, նախարար են, ու ես իրենց ազնիվ մղումների վրա չէի կասկածում: Բայց եղավ այն, ինչ եղավ: Մարդիկ տեսան փող, պաշտոն ու մոռացան արժանապատվության և հեղինակության մասին: Ես նրանց հետ բոլոր կապերս խզել եմ:

Փորձեր եղել են, ինձ ասել են՝ կարո՞ղ է դու հիմար ես, չե՞ս ուզում լավ ապրել, բարձր աշխատավարձ ստանալ, ես պատասխանել եմ՝ ոչ, որովհետև այդ 7 տառը ճակատիս գրած ապրելը չի կարող ոչ մի աշխատավարձ ծածկել: Մարդիկ կան՝ ասում են՝ դե, ընտանիք են պահում, բա ի՞նչ անեն. Տղերք, հետո ձեր փոքրիկ բալիկները մեծանալու են, այդ տեսանյութերը տեսնելու են, ամեն ինչ համացանցում պահպանվում է, ձեր տղան հարցնելու է՝ պապա ջան, ինչո՞ւ են ձվով խփում գլխիդ, ինչո՞ւ են քեզ մեղադրում անմեղ տղերքի սպանության մեջ. այդ հարցերին պետք է պատասխանել»:

Նա նշեց, որ մշակույթի և արվեստի տարբեր ներկայացուցիչներ նեղ շրջանակներում դժգոհում են իշխանություններից, բայց հետո գնում ու այդ մարդկանց հարսանիքն են վարում. «Սկզբունքներ կան, չէ՞, պետք է դրանք պահել: Եթե դու այսօր այդ մարդկանց հայհոյում ես, վաղը փողի համար գնում ես, վաղը որ ձեր ղեկավարն ինչ-որ թուրք լինի՝ գնալու եք թուրքի հարսանիք վարե՞ք, թե՞ պետք է պայքարեք այդ ամենի դեմ: Ո՞նց կարելի է գնալ՝ մի մարդու լավ մաղթանքներ հղել, հարսանիքին երգել, հետո ասել՝ վայ, սրանք վատն են, տղերքին տանում՝ կոտորում են: Անձնական զրույցներում ասում են՝ փող եմ աշխատում, իմ ընտանիքն ո՞վ է պահելու: 2018թ. նպատակահարմար էր փողոց դուրս գալ, հոտը զգում էին, ավելի շատ մարդ իրենց կսիրեր: Իսկ ես թքած ունեմ, եթե ինձ սիրի գրագետ, կրթված 100 հանդիսատես, ինձ համար դա ավելի թանկ է այդ 100 հանդիսատեսը, քան 400-500 հազարը»:

Նա նաև հավելեց․«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այս նույն իրողությունները լինեին Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք, ինչ կկատարվեր։ Իմ այդ նախկին ընկերները, որոնք հիմա պաշտոններ են զբաղեցնում, ասում են՝ մենք մեր երեխաներին չենք թողնելու մանկապարտեզում զինվորական շորեր հագցնեն, որովհետև այդ միլիտարիզմը վատ բան է, երեխային պետք է սովորեցնել, որ պետք է խաղաղ ապրել, լավ երկրում ապրել: Բոլորս էլ ուզում ենք խաղաղ ապրել, բայց դուք տեսա՞ք, թե ինչի բերեց ձեր այդ տեսակետը: Ո՞վ չի ուզում՝ խաղաղություն լինի, բայց ինչի՞ հաշվին, ինչի՞ գնով: Տեսա՞ք, որ չեղավ ձեր խաղաղությունը, տեսա՞ք, որ թշնամին նույնն էր ու չի փոխվելու: Թուրքը չի փոխվելու, ու այդ նույն բանը «խաղաղությունից» հետո է լինելու: Այդ մարդիկ, ովքեր քարոզում են, թող պատրաստ լինեն, որ հանկարծ սահմանները բացեցին, դրանց բերեցին-լցրեցին Երևան, գիշերները իրենց կանանց ու երեխաների կողքից պետք է հեռու չգնան, որովհետև թուրքը մնում է թուրք, մի օր իր թրքությունն անելու է»:

Երկրում առկա իրավիճակից ելքը նա տեսնում է իշխանափոխությամբ. «Կարևոր մարդու դեմը պետք է առնել, մնացածը պատճառահետևանքային են, հօդս են ցնդելու, այդ բոլորը, որ նոր են կոստյում հագել, նոր ժամանակներն էլ ուրախանում էին, ասում էին՝ գիտե՞ս՝ ինչ օլիգարխի հետ ենք վիսկի խմել: Դե, չտես են, էլի, ինչ չէին արել կյանքում, հիմա արդեն կարողանում են անել: Դրանց վրայից հանում ես Ն.Փ.-ն, ու դառնում են այն նույն ոչ մի բանը, ինչ որ եղել են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս