
Ծանրորդ Գոռ Մինասյանն արդեն հանդես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանը Ասիայի առաջնությունում հանդես է գալիս Բահրեյնի թիմի կազմում:
Այս օրերին Բահրեյնում ընթանում է Ասիա ծանրամարտի առաջնությունը:
Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում և ներկայացնում է Բահրեյնը:
Այս մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռևս չի կատարել, ոչ ԿԳՄՍ-ն, ոչ ՀԱՕԿ-ը և նույնիսկ ֆեդերացիան:
Ավելի վաղ` հուլիս ամսին, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, որ աշնանը ուսումնամարզական հավաքից հետո նույն քաշային կարգում ուժեղ ծանրորդներից երրորդ տեղը զբաղեցրած մարզիկը իրավունք կստանա այլ հավաքականի կազմում հանդես գալ:
Գոռ Մինասյանն իր քաշային կարգում երկար տարիներ լավագույնների մեկն է: Նա Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի առաջնության կրկնակի, Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն: