«Դարձել ենք աշխարհաքաղաքական խաղերի գերի: Տպավորություն է՝ կարուձևի են դուրս եկել՝ մկրատով ձևում են մեր երկրի քարտեզը». Արման Թաթոյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է:
- Ադրբեջանն ունի առավել մեծ նպատակ, որն ամենևին էլ միայն Արցախը չէ, այլ ամբողջ Հայաստանը:
- 2020-2021 թվականներին Ադրբեջանի նախագահի ելույթներում այդ հստակ գիծը կար. իրենց ռազմավարական և քաղաքական նպատակն է Երևանը, Սևանը, Սյունիքը և Վայոց ձորի մարզը, որը նրանք Զանգեզուր են կոչում:
- Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն բավարարվելու նրանով, ինչ ձեռք են բերել պատերազմի արդյունքներով:
- Մեր հրապարակած քարտեզները, որոնք ունեն Ադրբեջանի զինված ուժերի ծառայողները՝ որպես գրպանի գրքեր, ապագա Ադրբեջանի քարտեզներն են. իրականում դրանք ՀՀ տարածքներն են՝ ադրբեջանական տեղանուններով:
- Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկվող սադրանքներն ու ագրեսիան նրանց համար ներքին քաղաքական գործիք են՝ պահպանելու իրենց դիրքն ու պաշտոնները սեփական երկրում:
- Բացարձակ անպատժելիությունը, ցինիկ արարքները, որոնք կատարում են, այս ագրեսիան պայմանավորված է Ադրբեջանի մղումներով և քաղաքականությամբ:
- Մարդու իրավունքների պաշտպան աշխատելիս Կառավարությունից բարձր մակարդակով ինձ ուղիղ պահանջ ներկայացվեց, որ ես այլևս չքննադատեմ ադրբեջանական ցուցանակները և ադրբեջանական զինվորականների ներկայությունը՝ ասելով, որ դա կապ չունի մարդու իրավունքների հետ, մյուս պատճառաբանությունն էլ այն էր, թե այդ ցուցանակների քննադատությունն առաջացնում է մարդկանց դժգոհությունը, որը քաղաքական դժվարություններ է ստեղծում ՀՀ իշխանությունների համար: Բավականին դժվար խոսակցություն էր, ես նույնիսկ հարց եմ տվել՝ արդյո՞ք սրանով պատժում են ՄԻՊ-ին, պատասխանն էր՝ այո, և սանկցիան էլ՝ մեզանից աշխատանքային ավտոմեքենաների 90 տոկոսը վերցնելու նախաձեռնությունն էր:
- Անվտանգային, կյանքի, սեփականության իրավունքի լուրջ խնդիրներ էին առաջանում գյուղերում ապրող մեր հայրենակիցների համար, և մենք պետք է փաստերով միջազգային հանրությանը ցույց տայինք այդ ապօրինությունները և դուրս շպրտեինք ադրբեջանական զինված ուժերին մեր երկրի տարածքից, փոխարենը՝ տարբեր պաշտոնյաներ առաջինից մինչև վերև անպատասխանատու, ձևախեղված հայտարարություններ էին անում, թե դրանք ադրբեջանական տարածքներ են, և մենք ոչինչ չենք կարող անել. դրանով լեգիտիմացնում էին, փաստորեն, Ադրբեջանի գործողությունները՝ հիմքեր ստեղծելով Ադրբեջանի համար առաջ տանելու իրենց նարատիվը:
- Պատգամավորներն (ԱԺ իշխող խմբակցության.- հեղ.) իրար հերթ չտալով՝ գնում էին Սյունիք, լայվ էին մտնում ու հայտարարում, թե այնտեղ շատ անվտանգ է:
- Այն ժամանակ փոխվարչապետը, որը հիմա պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցնում (Սուրեն Պապիկյանը.- հեղ.), հայտարարում էր, թե դրանք ադրբեջանական զինված ուժերի հենակետերն են, և մենք ոչինչ չենք կարող անել:
- Կառավարության ղեկավարը կառավարության նիստի ժամանակ հայտարարում է, թե գոյություն ունեն Հայաստանի վերահսկողության ներքո գտնվող ադրբեջանական տարածքներ. բա սա ՀՀ ղեկավարի խո՞սք է, բա սա ՀՀ պաշտպանության նախարարի խո՞սք է, որ ասի՝ մենք ոչինչ չենք կարող անել…
- Եթե դիմենք միջազգային դատարան, մեզ չե՞ն ասի՝ երկրի ձեր պաշտոնյաները ուրիշ բան են ասում…
- Այսօր ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներն ասում են՝ Գորիս-Կապան մայրուղին Ադրբեջանի տարածք է, հայկական տարածք չէ: Սա Հայաստանի անվտանգությունը խախտող հայտարարություն է, բացարձակ տգիտություն:
Կառավարող խմբակցության անդամ ես դու, չե՞ս գիտակցում, որ այդ դիրքորոշումը դիտարկվում է՝ որպես իշխանության դիրքորոշում, այս խոսքերի մեջ քրեական վարույթի դիտարկումներ չկա՞ն, դելիմիտացիա չի եղել, ինչպե՞ս կարելի է ասել, որ այդ տարածքն Ադրբեջանի տարածք է… դրանով վտանգում են այդ բնակավայրերի անվտանգությունը: Այդ մարդիկ ինչո՞ւ են մտնում իրենց չվերաբերող հարցերի մեջ: Հարցին պետք է մոտենալ անվտանգության տեսանկյունից, ժողովրդի կյանքի իրավունքի տեսանկյունից:
- Մենք հիմա դարձել ենք աշխարհաքաղաքական խաղերի գերի:
- Մենք խնդիրներ ենք ստեղեծել մեր երկրի անվտանգության համար:
- Նախ պետք է ադրբեջանական կողմին Հայաստանի տարածքից հեռացնելու պահանջ դնեինք և հեռացնեինք, հետո անցնեինք դելիմիտացիայի:
- Մենք պետք է աշխարհին իրական փաստերով ներկայացնենք, թե ինչ է տեղի ունենում, իսկ քանի որ մենք չենք ներկայացնում իրական փաստերը, միջազգային կառույցները մեզ մեղադրում են, թե՝ ինչո՞ւ չեք ուզում խաղաղություն լինի:
- Մենք պետք է ցույց տանք Ադրբեջանի իրական մտադրությունները, թեկուզ հենց խոշտանգումների օրինակներով, դրանք վառ ապացույցներ են:
- Ադրբեջանցիներն այս օրերին հրապարակում են արել Հայաստանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին. Կոնֆերանս են կազմակերպել «Հայաստանի պատերազմական հանցագործությունները ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ» խորագրով:
- Ադրբեջանի նախագահը մեզ հետ երբեք չի խոսել խաղաղության լեզվով, նա մեզ հետ խոսել է սպառնալիքի լեզվով:
- Տպավորություն է, որ կարուձևի են դուրս եկել՝ մկրատով ձևում են մեր երկրի քարտեզը:
- Այն, որ այսօրվա իշխանությունների քաղաքականությունը թույլ չի տալիս, որ մեր երկրի անվտանգությունն ամրապնդվի, դա փաստ է:
- Մեզ համար առաջնային նշանակություն ունի՝ բացառել այն պաշտոնյաների ներկայությունը երկրի կարևորագույն պաշտոններում, ովքեր իրենց քաղաքական շահերն ու պաշտոններն ավելի բարձր են գնահատում, քան երկրի անվտանգությունը: Դրանց հեռացնելու հիմքերը մենք ունեինք:
- Անվտանգությանը վերաբերող չափից շատ հարցեր հանրությունից գաղտնի են պահվում:
- Այն, ինչ այսօր ունենք՝ դա կոչում եմ «քաղաքական մեծամասնության դիկտատուրա», պետության բոլոր հնարավորություններն օգտագործում են իրենց կուսակցությունը զարգացնելու համար:
- Քաղաքական մեծամասնությունն անում է այն, ինչ ուզում է, ակնհայտ է, որ կառավարության ղեկավարը նրանց վերաբերվում է՝ ինչպես իր աշխատողներ, չկա խորհրդարանական վերահսկողություն կառավարության նկատմամբ, նույնը նաև Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) է:
- ԲԴԽ-ի դեպքում վրեժխնդրության գործոնը մեծ է. թե՛ այս նշանակումները, թե՛ այլ նշանակումներ ակնհայտ են դարձնում, որ կան քաղաքական հաշվարկներ:
Նրանցից որևէ մեկը չի ծառայելու այն պաշտոնի առաքելությանը, որին նշանակվել է: Դատավորներ են նշանակվում մերձավոր ազգականներ…
- Մենք ունեինք դեպք, երբ տղան քննելու էր հոր կողմից մերժված գործը՝ Դավիթ և Մհեր Արղամանյանների դեպքը:
- Ի՞նչ է նշանակում՝ քաղաքական գործունեությամբ զբաղվել, նկատի ունեք կուսակցակա՞ն գործունեություն, ոչ, ես հիմա չեմ զբաղվում դրանով, ես այս պահին նման որոշում չունեմ: Ես հիմա իրականացնում եմ ակտիվ հանրային գործունեություն՝ իմ քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելով, երկրին օգտակար լինելու արդյունավետ գործունեության ձևաչափ այս պահին սա եմ համարում՝ ներկայացնելով, թե ինչ խնդիրներ կան սահմանների, երկրի կառավարման, դատական իշխանության հետ կապված, և դրանց լուծումներն եմ առաջարկում:
- Երբ զգամ, որ եկել է ժամանակը, որ իմ դիրքորոշումը պետք է հայտարարեմ քաղաքականություն մտնելու մասին, ես դրա մասին կհայտարարեմ ինքնուրույն, իմ հստակ օրակարգով՝ հիմքում ունենալով իրավունքի գերակայությունը, մեր ներքին համերաշխությունը, որովհետև այսօր հասարակությունը բացարձակ պառակտված է, անելիքներ ունենք: Եվ, իհարկե, չափազանց կարևոր է ազգային արժեքների պաշտպանությունը, երկրի անվտանգության ապահովումը: