Գյումրիի փոխքաղաքապետը ազատման դիմում է գրել. գործունեությունը շարունակելու է ԱԺ-ում
Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը հոկտեմբերի 10-ին պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:
«Այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Ազգային ժողովում։
Իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ իներցիոն կառավարումից խուսափելու համար անհրաժեշտ է կառավարման նոր համակարգեր ներդնել, չվախենալ ռեֆորմներից (ինչքան էլ դրանք ցավոտ լինեն), չառաջնորդվել անձնական ամբիցիաներով. նշվածին մասամբ հասել եմ։
Ի հեճուկս բոլոր հուշագրերի՝ շատ կարևոր է գործել միասնական թիմով՝ հակառակ դեպքում ունենալու ենք մասնատված կառավարում, որը շատ դեպքերում խոչընդոտում է ծրագրերի իրականացմանը և անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար։
Իմ աշխատանքի ընթացքում մեծ դեր է ունեցել մեր թիմը, որը վստահել և աջակցել է ինձ իմ նախաձեռնություններում։ Մենք համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ և վստահ քայլերով գնում ենք առաջ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց համարել են թիմի անդամ և կանգնել իմ կողքին. վստահեցնում եմ՝ ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ։
Հաջողություն եմ մաղթում իմ բոլոր գործընկերներին, պարոն Պապիկյանին և պարոն Սամսոնյանին՝ այս բարդ և պատասխանատու գործում։
Ավագանու առաջին նիստի ժամանակ ես ասել եմ հետևյալը.«Ուզում եմ նաև կարևորել ընդդիմության դերը։ Յուրաքանչյուր իշխանություն իր աշխատանքում հաջողում է միայն կառուցողական ընդդիմություն ունենալու պարագայում և համոզված եմ, որ մենք աշխատելու ենք միասին միայն ի շահ քաղաքի և կեղծ օրակարգերը չեն խոչընդոտելու Գյումրու զարգացմանը, քանզի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության միակ նպատակը լինելու է դա》։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին՝ այս խոսքերը ճիշտ ընկալելու և համատեղ աշխատանքի համար։
Սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ ձեզ՝ ձեր վստահության և գնահատականի համար։ Ուզում եմ նշել, որ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և անկախ ձեզանից դուք միշտ մասնակցել եք իմ կառավարման գործընթացին՝ բարձրաձայնելով իմ թերացումները և դրական գնահատելով արվածը, որը ուժ և վստահություն է տվել ինձ նոր ծրագրերի իրականացման համար։ Այս ընթացքում մեր թիմով շատ ծրագրեր հասցրեցինք անել, բայց շատերն էլ մնացին անավարտ, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
Հավաստիացնում եմ, որ ես և իմ գործընկերները շարունակելու ենք բոլոր կիսատ թողած ծրագրերը և ավելին՝ օգտագործելով օրենքով ինձ տրված լիազորությունները, աշխատանքս օրենսդիրում միտված է լինելու ի նպաստ մեր քաղաքի զարգացմանը և պատվախնդիր գյումրեցու համար արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Չէ՞ որ Գյումրին բոլորիս Տուն-քաղաքն է»,- գրել է նա: