«Ադրբեջանական մամուլում չեմ տեսել, որ մեկնաբանվի՝ որպես թուլության նշան, ուղիղ հակառակը». Աննա Հակոբյանը՝ իր խաղաղության կոչերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք»  հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։

«Factor.am» կայքի հարցը՝ Աննա Հակոբյանին։

– Դուք ասացիք, որ բոլորի առաջ հիմնադրամը բաց է՝ փոխանցումների առումով, և ովքեր որ ցանկանում են, կարող են փոխանցումներ անել։ Ձեզ համար անձամբ գումարի ծագումը նշանակություն ունի՞, այսինքն՝ օրինակ, չի բացառվում, չէ՞, որ այդ գումարները պետբյուջեից գողացված միջոցներ լինեն։

– Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, եթե փոխանցում են, և ծառայեցնում ենք պետությանը և պետության քաղաքացիներին, իհարկե։ Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև ես մտածում եմ, երբ որ գումարը մեզ հասավ, կապ չունի՝ ինչ ձևով հասավ, նրա ձեռքով մեզ է փոխանցվում։ Մենք, միևնույն է, ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Դրա համար անձամբ ինձ համար կարևոր չէ, որովհետև այդ գումարը եթե ինչ-որ ձևով էլ հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան՝ եթե գա, հասնի մեզ։ Հաստատ էդ առումով կարող եմ վստահեցնել։ Բայց կան նաև բանկային հարաբերություններ, որ բանկերն իրենք են ստուգում։ Կենտրոնական բանկն է ստուգում թե այդ գումարը, հատկապես այլ երկրներից արված փոխանցումներն ինչ ծագում ունեն, ինչին մենք ենթարկվում ենք պարզապես։ Եթե նման խնդիր է առաջանում, մենք ոչինչ անել չենք կարող, եթե կասկածելի որևէ գումար է, որը բանկն ինքը թույլ չի տալիս, էդ դեպքում մենք անելիք չունենք։

Փոքրիկ, մի հատ չնչին այդպիսի դեպք ունեցել ենք, որ փոխանցողը կասկած է հարուցել, շատ դետալների չեմ տիրապետում, բանկը խնդիր է առաջացրել։

«Հայ ձայն» կայքի հարցը՝ Աննա Հակոբյանին։

– Դուք «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում հաճախ խաղաղության կոչեր եք հնչեցնում, որը մի կողմից՝ շատերի կողմից ողջունվում է՝ որպես վարչապետի տիկնոջ կողմից խաղաղության կոչ, բայց ադրբեջանական հանրության շրջանում, մամուլում, շատ հաճախ՝ նաև քաղաքական տարբեր շրջանակներում մեկնաբանվում է՝ որպես թուլության նշան։ Արդյո՞ք սա ձեզ չի մտահոգում, և այս առումով թեկուզ հենց այդ նախաձեռնության շրջանակներում Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործունեությունը։

– Գիտեմ՝ որտեղ է մեկնաբանվում՝ որպես թուլության նշան։ Ադրբեջանական մամուլում չեմ տեսել, որ մեկնաբանվի որպես թուլության նշան, ուղիղ հակառակը։ Կարող են, իհարկե։ Յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել, ինչպես ինքն է ուզում։ Ձեր հարցը ո՞րն էր… Ճիշտն ասած՝ պետք է ասեմ, որ չի մտահոգում, ինչո՞ւ, որովհետև որքան ես եմ տեղյակ, և իմ դիտարկումներն են ցույց տալիս, շատ ճիշտ է ընկալվում։ Եվ բոլորն են շատ ճիշտ ընկալում այս արշավը, և առավել ևս Հայաստանի սահմաններից դուրս շատ են կարևորում և շատ են ողջունում և շատ լավ են ընդունում։

Ադրբեջանական հանրությունը ինձ տվյալ դեպքում քիչ է հետաքրքրում, առհասարակ չի հետաքրքրում։ Չգիտեմ՝ ինչ եք ուզում լսել։ Ինքն ամեն ինչ պարզ է այս արշավի շրջանակներում։ Ես արդեն բազմից ասել եմ՝ խոսքը նրա մասին է, որ պետք է հակամարտությունը լուծվի խաղաղության ճանապարհով, որ մենք՝ որպես կին և մայր, անկախ մեր ազգությունից, պետք է կոչ անենք ղեկավարներին, սեղանի շուրջ նստողներին, պատերազմի որոշում կայացնողներին՝ երբևէ չանցնել այդ սահմանը կրկին և փորձել հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ես լավ չեմ պատկերացնում որևէ կնոջ կամ մոր, անկախ իր ազգությունից, որ հակառակը պնդի, որ ասի՝ ոչ, մենք դեմ ենք դրան, պատերազմը սկսեք, և թող մեր որդիները գնան ու զոհվեն պատերազմում։ Ես նման բան չեմ պատկերացնում։

Եթե պատերազմ լինի, սա ուղղակի պետք է ժամանակագրությունը և իրերի խրոնոլոգիան ճիշտ ընկալել… Մենք ուղղակի սա կոչ ենք անում՝ կանխելու պատերազմը, ինչը կրկին յուրաքանչյուր տրամաբանություն ունեցող մարդ պետք է ողջունի  պատերազմը կանխելուն ուղղված ցանկացած գործողություն, որովհետև պատերազմ սկսելը շատ հեշտ է, երևի վայրկյանների հարց է, չէ՞, պատերազմ սկսելը։

Պատերազմի կանխմանն ուղղված գործողությունները երկարաժամկետ են, և նույնիսկ հայտնի էլ չէ՝ դրանք արդյունավետ կլինե՞ն, թե՞ չեն լինի։ Բայց այս գործընթացն ուղղված է միայն պատերազմը կանխելուն, և երբ որ պատերազմ լինի, սա արդեն ուժը կորցրած է, սա արդեն իմաստ չունի, և սա նշանակում է, որ ոչ միայն մենք, մեր որդիները, ամբողջ ազգը, այլ մենք՝ կանայքս, պետք է մեր ձեռքը զենք վերցնենք և պաշտպանենք մեր հայրենիքը։ Դա նույնիսկ ասելու ենթակա չէ։

Այսինքն՝ ես ոչ ոքի նույնիսկ այդ մասին չպետք է ասեմ, ես այնքան վստահ եմ դրանում, որ նույնիսկ չեմ կարծում, որ այստեղ նստած լրագրողներից որևէ մեկն է դրանում կասկածում, կամ հանրության մեջ որևէ մեկն է դրանում կասկածում, որ ես պետք է դրա մասին հավելյալ խոսեմ։ Պարզ է, որ պատերազմ լինելու դեպքում՝ ինչ կլինի, մենք դա ապացուցել ենք, հայ ժողովուրդը դա ապացուցել է իր պատմության ընթացքում, վերջերս ենք դա ապացուցել, բայց ես չեմ ուզում, որ մենք նորից դա ապացուցենք։ Ես ուզում եմ, որ մենք խուսափենք այդ պատերազմից։ Դա նույնպես հնարավոր է, դրա համար ուղղակի պետք է ջանք գործադրել, ես իմ բաժին ջանքը գործադրում եմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս