Բաժիններ՝

Անկառավարելի, գիր ու գրականությանը չկապվող երեխաներ չկան՝ պետք է ցանկացած աշակերտի հետ «լեզու գտնենք». մանկավարժ

Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում է ուսուցչի միջազգային օրը: 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ 1966թ. հենց այս օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն է եղել:

Տարեցտարի ավելի է բարդանում ուսուցիչների աշխատանքը, դժվարություններ են առաջանում աշակերտներին համակարգչից, հեռախոսից «կտրելու», գիր ու գրականությանն էլ ավելի մոտեցնելու հարցում:

168.am-ը Հայաստանի մարզերի, մայրաքաղաքի ու արտերկրում աշխատող ուսուցիչներից փորձեց պարզել, թե ի՞նչ խնդիրների են այս առումով բախվում ուսուցիչները, ինչպե՞ս են «լեզու» գտնում աշակերտների հետ:

Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի տարրական դասարանների ուսուցչուհի Ռուզան Մարաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիմա երեխաներն այդքան էլ ընթերցասեր չեն, բայց մոտիվացնելու համար հաճախ կազմակերպում են մրցույթներ՝ «Ո՞վ է ամենաընթերցասերը», այցելում գրադարաններ, իսկ դասղեկական և ինքնուրույն ընթերցանության ժամերին ընթերցում են հեքիաթներ, քննարկում, փորձում ներկայացնել դերային խաղով։

Կարդացեք նաև

Կրասնոդարի պետական լրացուցիչ կրթության «Ցենտրալնի» ստեղծագործական զարգացման կենտրոնի հայրենագիտության ուսուցչուհի Կարինե Կատանյանի փոխանցմամբ՝ այս խնդիրն ավելի ակնառու է Սփյուռքի կրթօջախների համար, քանի որ հայերենն այստեղ համարվում է լրացուցիչ, ոչ պարտադիր կրթություն, հետևաբար՝ մեծ է ուսուցչի պատասխանատվությունը երեխաներին գրավելու, դասի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, ոգևորելու հարցում։

«Սփյուռքի կրթօջախների գերխնդիրն է՝ ոչ միայն համալրել աշակերտների քանակը, այլ նաև պահպանել այն։ Այստեղ մեծ դեր ունի ոչ միայն փորձառու ուսուցչի հմտությունը, այլև փորձարկված մեթոդների, ուսումնական ձեռնարկների ճիշտ գործածությունը։ Այս ամենի առկայությունը պետք է համալրվի նաև ուսուցչի ստեղծագործ մտքի հետ, քանի որ նույն խմբում կարող են սովորել հայերենի տարբեր իմացությամբ, մակարդակի երեխաներ, որոնք պահանջում են անհատական, ստեղծագործ մոտեցում։ Պատահական չէ, որ Սփյուռքի շատ ուսուցիչներ ունեն տարիների ընթացքում մշակած իրենց հեղինակային մեթոդները, դիդակտիկ նյութերը, խաղերը, նույնիսկ ուսումնական ձեռնարկներն ու դասագրքերը։ Լրացուցիչ կրթությունն ուսուցչին տալիս է լայն հնարավորություն՝ ապահովելու երեխաների հետաքրքրասիրությունները։

Ուսուցչի ճիշտ մոտեցումը նպաստում է երեխաների նախասիրությունների ձևավորմանը, դառնում հայրենասիրության դրսևորման նախապայման՝ գրավիչ դարձնելով հայերենի դասերը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, եթե ուսուցումը ճիշտ է կազմակերպվում, հաշվի են առնվում երեխաների մի շարք առանձնահատկություններ, ապա այն գրավում է նրանց, և նրանք հաճույքով են հաճախում հայերենի դասերին։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել իմ սիրելի գործընկերներին այս գեղեցիկ տոնի առթիվ։ Ուսուցչի աշխատանքը նվիրում է պահանջում, առավել ևս՝ Սփյուռքում։ Սա մեր պայքարն է, մենք պետք է ապահովենք Հաղթանակը՝ պահպանելով մեր ազգային գենը, լեզուն, մշակույթն օտարության մեջ։ Խաղաղ երկինք, հզոր Հայրենիք բոլորիս»,- ասաց Կարինե Կատանյանը:

Երևանի Հովհ. Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանն այնքան էլ չի ընդունում գիր ու գրականությանը դժվարությամբ կամ ընդհանրապես չկապվող, անկառավարելի աշակերտներ բնութագրումները:

«Որպես մանկավարժ՝ կարծում եմ, որ անկառավարելի, գիր ու գրականությանը չկապվող երեխաներ չկան: Չկան այնպիսի երեխաներ, որոնց ընդհանրապես հնարավոր չէ ընդգրկել ուսուցման գործընթացի մեջ: Այստեղ երկու գործոն կարող է լինել. կամ երեխան իր բոլոր առանձնահատկություններով բացահայտված, հասկացված չէ, կամ ունենք իր աշխատանքի՝ հմտությունների մեջ թերացող մանկավարժ: Եվ, իսկապես, «լեզու գտնել» հասկացությունը շատ տեղին է: Մենք պետք է ցանկացած աշակերտի հետ «լեզու գտնենք», և դրա համար մեզ պետք է օգնեն բոլոր մեթոդական հնարները, մոտեցումները: Մանկավարժը պետք է լինի այն հմուտ հոգեբանը, որը պետք է կարողանա սողոսկել ամենամութ անկյունները և հասկանալ, թե որն է խնդիրը, որ երեխան ուսման պրոցեսի մեջ դժվարությամբ է ընդգրկվում: Շատ կարևոր է նաև դպրոց-ծնող կապը:

Չպետք է լինեն հայացքների, կարծիքների բախումներ, քանի որ կիզակետում երեխան է, իսկ բախումների արդյունքում առողջ անհատին կորցնում ենք: Եթե դպրոցը մի բան է պահանջում, իսկ տանը երեխան այդ պահանջի նկատմամբ անտարբերություն է տեսնում, նկատում է, որ ծնողը հակառակվում է, բնականաբար, արդեն երեխան չի հասկանում ճիշտն ու սխալը և կարող է երրորդ ընտրություն կատարել, ինչն էլ իր հերթին, հնարավոր է՝ հանգեցնի անդառնալի իրավիճակի, ու մենք կորցնենք առողջ քաղաքացու, որի ձևավորմանը միտված է ամբողջ կրթական գործընթացը»,- պարզաբանեց Լիլիթ Ասլանյանը՝ ընդգծելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ՝ մեծացել են աշակերտների պահանջները:

«Մեծ է նաև ինֆորմացիայի հոսքը, և երեխաները կարող են տեղեկատվություն ստանալ տարբեր, հատկապես՝ օնլայն հարթակներում: Եվ այն ուսուցիչները, ովքեր 30-40 տարի դասավանդում են, պետք է ժամանակներին համընթաց քայլեն: Շատ լավ է, որ ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստումներ, ատեստավորում, և դա հնարավորություն է, որ ուսուցիչը վերազինվի նոր մեթոդական հնարներով, գործիքաշարով, որպեսզի կարողանա այսօրվա սերնդին և ժամանակներին համապատասխան պատշաճ, հետաքրքիր դասեր մատուցի»,- եզրափակեց Լիլիթ Ասլանյանը:

Տեսանյութեր

Լրահոս