Հյուսիս-կորեական արդարադատության նախարարի հայաստանյան տարբերակը

Օրերս Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի հյուրը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էր:

Ստորև ներկայացնում ենք Կարեն Անդրեասյանի տեսանկյունը որոշակի հարցերի վերաբերյալ՝ փորձելով Մարդու իրավունքների նախկին պաշտպան (2011-2016թթ.), այսօր արդեն՝ իշխող քաղաքական թիմի անդամին հիշեցնել ոչ վաղ անցյալի որոշ իրողություններ:

«Ես կասկածում եմ կամ ենթադրում եմ, որ համակարգում հիմա էլ դատավորներ կան, որոնք փորձում են քաղաքական հոտառությամբ շարժվել, և երբ նրանք տեսնում են, որ կարող է ինչ-ինչ քաղաքական ուժեր նորից «շեֆություն» լինեն, իրենք փորձում են հաճոյանալ, որ իրենց ապագա շեֆերն իրենց տիրություն անեն, որովհետև իրենց կատեգորիաները, ցավոք սրտի, տարիներ շարունակ եղել են այդպիսին: Բայց ընտրություններից հետո, օրինակ, մենք տեսանք, որ կան դատավորներ, որոնք Արմեն Չարչյանին գրավով բաց թողեցին, այսինքն՝ կան դատավորներ, որոնք շատ հանգիստ շարունակում են անել այնպես, ինչպես հարմար են գտնում, նույնիսկ, եթե իրենց պատկերացմամբ՝ դա մեր քաղաքական թիմին կարող է դուր չգալ: Ինչո՞ւ են այդպես անում, որովհետև գիտեն, որ մեր քաղաքական թիմը չի հետապնդում, չի պատժում, «պադյեզդներում» չի ծեծում, չի դադարեցնում դատավորի իրենց լիազորությունները»,- Հանրային հեռուստաընկերության եթերից հայտարարեց նախարար Անդրեասյանը:

Չենք վիճում, նախկինում, ավելին՝ բոլոր ժամանակներում, այո, եղել են քաղաքական հոտառությամբ  առաջնորդվող դատավորներ, որոնք ծառայել են օրվա քաղաքական իշխանությանը, բայց մի փոքրիկ «բայց» կա, որը համառորեն չի տեսնում կամ չի ուզում տեսնել նախկին ՄԻՊ-ը: Այդ դատավորները հիմա էլ այսօրվա իշխող քաղաքական ուժին են ծառայում, այնպես որ, այս առումով ոչինչ չի փոխվել:

Ինչ վերաբերում է չծեծելուն, չհետապնդելուն, չպատժելուն, առնվազն կոռեկտ չէ, երբ սրա մասին խոսում է մեկը, ում քաղաքական թիմի ղեկավարը դատավորներին վնգստացող էր անվանում, հրապարակում հավաքված բազմահազար քաղաքացիների առաջ կոկորդ էր պատռում, թե՝ «կա՞ էս երկրում մի դատավոր, որն իմ ասածը կհամարձակվի չանել», իր հրամանին չենթարկվող դատավորների նկատմամբ ամենաիսկական որս էր սկսել՝ ստուգելով ընդհուպ նրանց գիտական թեզերի պաշտպանությունը, դատավորներին իրեն ենթակա ԱԱԾ-ի միջոցով գաղտնալսել է, հետևել, Սահմանադրական դատարանի նախկին նախագահի ծեր հորն ու անչափահաս դուստրերին  քարշ տվել ԱԱԾ: Շարքը կարելի է անվերջ շարունակել…

Շարունակելով՝ նախարար Անդրեասյանն անդրադարձել էր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Արդարադատության նախարարության կողմից բերված կարգապահական վարույթների՝ մեկը մյուսի հետևից ջարդվելուն, խոսել էր դատավոր Արման Հովհաննիսյանի՝ նախօրեին կարճված գործից:

«Արդարադատության նախկին նախարարը բերել էր վարույթ, ուզում էր կարգապահական պատասխանատվության ենթարկել մի գործով, որը շատ կոնկրետ խախտում էր պարունակում, կապ չուներ ոչ մի քաղաքական խնդրի հետ, բայց այդ նույն դատավորն էր, որը որ, օրինակ, Արարատ Միրզոյանի վրա հարձակված մարդու կալանքը մերժել էր, միջնորդությունը, չէր կալանավորել: Մեր ԲԴԽ-ն հանգիստ կարճեց այդ վարույթը, և դատավոր Արման Հովհաննիսյանը խուսափեց որևէ պատասխանատվությունից»,- ասել էր Կարեն Անդրեասյանը:

Վերջինս, սակայն, հարցազրույցի ընթացքում այնքան վրդովված էր, որ ինչ-որ բան խառնել էր: Դատավոր Հովհաննիսյանն Արարատ Միրզոյանի ծեծի հետ որևէ առնչություն չի ունեցել, բացի դրանից էլ, նրա վերաբերյալ գործն անգամ վարույթ չի ընդունվել, այլ կարճվել է ԲԴԽ-ի կողմից միաձայն:

Զարգացնելով «համակարգն արատավորող» դատավորների թեման՝ Կարեն Անդրեասյանն ասել էր՝  էդ տեսակ դատավորները համակարգում 30-40-ն են 280-ից:

«Այս թիվը ես ուզում եմ հատուկ կրկնել, որովհետև 40 դատավորի պատճառով վարկաբեկում ենք մնացած 240-ին… Եվ, այո, համակարգում կան դատավորներ, որոնք առաջնորդվում են քաղաքական հոտառությամբ, քաղաքականացված են, իրենց տեսակով փչացած են: Որովհետև նույն փչացածությունն է, երբ դատավորն ինչ-որ քաղաքական կլանի համար, օրինակ, մարդասպանին կամ մարդասպանության փորձ անողին կալանք չի տալիս:   …Այդ փչացած դատավորների կողքը կային մոլորված դատավորներ, որոնք քաղաքական էս հեղափոխության, զանգերի բացակայության, էն շանսով, որ տվեց նաև վարչապետ Փաշինյանը էն հանդուրժողականության ու էդ լավ մթնոլորտի ժամանակ, իրենք արագ հասկացան, որ ժամանակն է գործել ազատ, անկախ, օրենքով: Եվ իրենք արագ ինքնամաքրվեցին: …Եվ հիմա կա մի հատ վատ, փոքր տոկոս, որը շարունակում է ոչ միայն լինել էդ փչացածության առաջամարտիկը, ոչ միայն փորձում է քաղաքական հոտառություններով խաղեր տալ, այլև նույնիսկ փորձում է էս պայմաններում, երբ բոլոր իրավապահներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում, էլի տակից փող վերցնել, փորձում են իրենց նախկին սիրեցյալ շեֆերին հետ բերել իշխանության, որ նույն թալանը, նույն իրենց սիրած մեթոդներով  շարունակել աշխատել»,- հարցազրույցի ընթացքում հայտարարել է Անդրեասյանը:

Վերևում արդեն խոսեցինք թե՛ այդ դատավորների, թե՛ Նիկոլ Փաշինյանի հանդուրժողականության մասին: Չկրկնվելու համար հավելենք միայն, որ տարօրինակ է, երբ որոշ շրջանակներում «լավ իրավաբանի» համարում ունեցող արդարադատության նախարարը ՀՀ Քրեական օրենսգրքում բացակայող հանցակազմի մասին է խոսում, որովհետև մարդասպանութան փորձ անվանումով հանցակազմ մեր Քրեական օրենսգրքում չկա: Լավ, ենթադրենք, դա պարզապես վրիպում է:

Իսկ ի՞նչ անուն տալ նրան, որ արդարադատության նախարարը հանցագործության մասին հաղորդում է տալիս, բայց դրա արձագանքը բացակայում է, որովհետև երբ խոսում ես այն մասին, որ կան դատավորներ, որոնք տակից փորձում են փող վերցնել, ապա դա հստակ հանցակազմ է, և առնվազն իրավապահ մարմիններին բավարար փաստական հիմքեր ներկայացնես այդ մասին ու տաս անուններ: Հակառակ դեպքում դա ընդամենն այս իշխանությունների՝ փաշինյանական ոճի մեջ հերթական ականջահաճո պոպուլիստական հայտարարությունն է:

Դատավորներին զտելու մասին էլ խոսեց Կարեն Անդրեասյանը: Ասաց, որ երկու ճանապարհ կա:

«Առաջինը կարգապահական վարույթներն են, որտեղ իմ նախարարությունն ունի բավականին լուրջ դերակատարում, եթե հիմա օրենքը չփոխվի… Ցավոք, պետք է արձանագրեմ, որ ԲԴԽ-ն շատ բացասական արձագանքներ է բերել նախարարների բերած բողոքներին: Այսինքն՝ նախարարը որոշել է, որ այնտեղ խախտում կա, եկել է ԲԴԽ և այնտեղ պարտվել է: Ես նոր եմ նշանակվել նախարար: Իմ նախորդը՝ պարոն Բադասյանը, վարույթներ է հարուցել, և, ցավոք սրտի, նախարարությունը մեկը մյուսի հետևից պարտություն է կրում:   …ԲԴԽ հիմիկվա կազմը ամբողջությամբ չեմ կարող ասել, որ լիարժեք, իդեալական իմ պատկերացրած մարդիկ են, բայց այնտեղ, իմ կարծիքով, կա որոշակի մեծամասնություն, որն ունի և մասնագիտական, և բարոյական բարձր արժեքներ: Նաև ի պատիվ պարոն Ջհանգիրյանի՝ պիտի ասեմ, որ ինքն ունի խիզախություն՝ կանգնել և խոսել և իր վրա վերցնել որոշակի պատասխանատվություն ամբողջ դատական համակարգի համար՝ նույնիսկ որպես պաշտոնակատար:  …Հիմա ես ունեմ 200 բողոք, դրանց մեջից արդեն ընտրել եմ ամենաուժեղ 10-12 գործերը, դրա վրա հիմա աշխատում են իմ լավագույն կադրերը, որ հետո ոչ մի ԲԴԽ անդամ, ոչ մի փաստաբան, էքսպերտ չասի՝ նախարարությունը թույլ բողոք է բերել: Մենք դա բերելու ենք, և ես հուսով եմ, որ մեր հաղթանակների տոկոսն աճելու է: Իսկ մեր հաղթանակն ինչն է՝ իսկապես խախտումներ թույլ տվող դատավորները պետք է դուրս մղվեն համակարգից, և ես դա փորձելու եմ անել իմ ամբողջ ներուժով՝ թե՛ նախարարական, և թե՛ անձնական»,- իր համար փաստորեն շատ ցավոտ թեման զարգացրեց նա:

Ասաց, որ անձամբ փորձելու է՝ ճիշտ զտում տեղի ունենա, հատ առ հատ բացահայտեն մոտավորապես այդ 40 դատավորներին և հատ առ հատ դուրս մղեն դատական համակարգից, որպեսզի քաղաքական հոտառությամբ առաջնորդվող, ամեն ընտրությունից հետո քաղաքական քամիներով էս կողմ, էն կողմ արվող դատավորներն իրենց տեղը գտնեն դատական համակարգից դուրս, ոմանք, հույս ունի՝ նաև քրեակատարողական հիմնարկներում:

Կարեն Անդրեասյանը սրանով փաստում է՝ իր առաջ դրել է նոր նշաձող, և նախկին նախարար Ռուստամ Բադասյանի ռեկորդն իրեն հանգիստ չի տալիս: Ինքն ավելի շատ կարգապահական վարույթներ է հարուցելու ու ամեն ինչ անելու է հաղթելու համար, չնայած դեռևս 2018թ. ԳՐԵԿՈ-ն ՀՀ-ին հանձնարարել է խիստ սահմանափակել Արդարադատության նախարարության կողմից միջնորդվող կարգապահական վարույթների թիվը:

Բացի դրանից, նա մոռանում է, որ պարտադիր չէ՝ ԲԴԽ կազմն իր քիմքին հաճելի լինի և իր համար հաճելի որոշումներ կայացնի:

Դե, իսկ «իմ նախարարություն» եզրույթն արդեն շատ բանի մասին է խոսում:

Վեթինգի թեման էլ չշրջանցվեց:

«Մենք ունենք վեթինգի հստակ ցանկություն: Ես հրավիրեցի ձեզ հայտնի ամենահարգարժան հասարակական գործիչներին, որոնք վերջին 3 տարին խոսել են վեթինգի մասին: Իրենց առաջարկեցի՝ եկեք որևէ արագ ճանապարհով, մի տարվա մեջ էդ վեթինգը կազմակերպենք: Իրենց մի մասից, ամենամեծ խմբից ստացա նամակ շատ պաշտոնական, որ՝ ձեր առաջարկությունը ռիսկեր ունի, լավը չի: Դուք դրանով կարող եք այնպես անել, որ ազնիվ վեթինգը դառնա իշխանահաճո վեթինգ: Այսինքն՝ ում ուզեք՝ պահեք, ում ուզեք՝ ճանապարհեք: Դրա համար առաջարկեցին սպասել սահմանադրական փոփոխություններին, դրանով դնենք ամենաարդար վեթինգի համակարգը, և դա անենք 2-3 տարում, դանդաղ, բայց արդար: Ես սրտի մրմուռով հանձնվում եմ այս առաջարկին, որովհետև չեմ ուզում՝ հիմա էլ ասեն՝ Կարեն Անդրեասյանի առաջարկով են դատավորները մնում կամ դուրս գալիս դատական համակարգից: Չեմ ուզում դա լինի Գագիկ Ջհանգիրյանի և որևէ այլ հարգարժան մարդու կամքով»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Այստեղ արդեն Անդրեասյանը հանդես եկավ՝ որպես մեծ դեմոկրատ, և երևի թե դատավորները պետք է շատ «գոհ» լինեն, որ ինքն այդքան հանդուրժող է, և առանց քննության գլուխներ չեն թռչում:

Բայց նա ավելի հեռուն գնաց:

«Ես կուզեի՝ էն դատավորները, որոնք ՄԻԵԴ-ում կրվել են, հեռանան: Բայց էն գործերը, որոնք կրվել են, հիմա կրվում են ՄԻԵԴ-ում, բայց դրանք կայացվել են 2018թ.-ից առաջ, հիմա իրավունք չունենք էդ դատավորներին հանենք, որովհետև Վենետիկի հանձնաժողովն ու մեր Սահմանադրությունն ասում են, որ հետադարձ ուժ չես կարող տաս: Հիմա ես մի հատ իրավաբանների խումբ եմ ստեղծել, որոնք ուզում են մշակել նախագիծ, որ մենք, այո, կարողանանք հետ գնալ: Դուք գիտե՞ք՝ քանի կասկածելի դատավոր դուրս կթռնի համակարգից, եթե ես էս օրենքն անցկացնեմ: Օրենքը փոխելու իմ առաջին դժվարությունը Վենետիկի հանձնաժողովն է: Իմ ձեռքը լիներ, ընդամենը կես ժամում վեթինգն արել վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, այս երկրում կա օրենք»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Սա, ինչպես ասում են, առանց մեկնաբանության: Բայց ամեն դեպքում կրկին հիշեցնենք, որ Հայաստանում հյուսիս-կորեական արդարադատության նախարար դառնալու երազանք ունեցող Կարեն Անդրեասյանը նախկինում եղել է մարդու իրավունքների պաշտպան, որքան էլ որ նա կարծես թե հիմա փորձում է հնարավորինս արագ մոռանալ իր կյանքի այդ շրջանն ու ասում է, որ ինքը էլ վաղուց ՄԻՊ չի ու քաղաքական թիմի անդամ է և ներկայացնում է նրանց շահերը:

Տեսանյութեր

Լրահոս