Տաշիրի ոստիկանները բնակարանային գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել
Սեպտեմբերի 22-ի ցերեկը Տաշիր քաղաքում անձրև էր գալիս, ու սա բնակարանային գողության հետ ոչ մի կապ չունի: Բայց` ամեն ինչ հերթով:
Սեպտեմբերի 22-ին, ցերեկվա ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները ստացան օպերատիվ տեղեկություն, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցում գողություն է կատարվում:
Օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց եկեղեցի: Մեծավան գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը միայնակ կանգնած էր եկեղեցու դռան մոտ: Ոստիկանությունում նա պատմեց, որ անձրևից պաշտպանվելու համար է մտել եկեղեցի, կարծել է, թե ոչ ոք չկա և օգտվելով առիթից` փորձել է բացել գանձանակը և հափշտակել եղած գումարը, սակայն այդ պահին նրան նկատել է մոմավաճառ կինը։
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, բնակարանային գողության վերաբերյալ ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ ստացվեց: 50-ամյա տղամարդը հայտնեց, որ բացել են Նորաշեն գյուղի՝ իրեն ի պահ հանձնված հանգուցյալ հորեղբոր տան պատուհանը և հափշտակել հագուստ ու կենցաղային իրեր:
Օպերատիվ խումբը մեկնեց Նորաշեն։ Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ։ Բաժնի քրեական հետախույզներն էլ ստացան օպերատիվ տեղեկություն, որն իրացրին սեպտեմբերի 24-ին: Արդյունքում հայտնաբերվեց ու ձերբակալվեց Մեծավանի բնակիչ, նույն 30-ամյա տղամարդը: Նա խոստովանեց, որ սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը ութի սահմաններում, ինքն է լուսամուտը բացել ու մտել Նորաշենի հիշյալ տուն, գողացել հագուստ ու կենցաղային իրեր, որոնք ընկերոջ մեքենայով տեղափոխել են Ստեփանավան ու վաճառել:
Այս դեպքի առթիվ ևս Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: