Քննչական կոմիտեից՝ Քրեակատարողական ծառայություն. նախկին փոխքաղաքապետի եղբոր նոր պաշտոնը
Երեկ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Նիկոյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար:
Արամ Նիկոյանը նոր մարդ չէ պետական ծառայության համակարգում: Այս նշանակումից առաջ մինչև այս տարվա մայիսի 14-ը եղել է ՀՀ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարը:
Աշխատանքից ազատվել է Դիմադրության շարժման կազմակերպած մեծամասշտաբ հանրահավաքների առաջին օրերին:
168.am-ը ժամանակին անդրադարձել է այդ ազատման պատմությանը:
Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ մեր տեղեկություններով՝ ՔԿ նախագահ, օրումեջ տարատեսակ բարձր պաշտոնների նշանակվող Արգիշտի Քյարամյանը հավասարակշռությունը կորցրել է այն բանից հետո, երբ նրա սեղանին են դրել գլխավոր քարտուղարի եղբոր՝ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության ցույցերին մասնակցելու լուսանկարները: Այսինքն՝ ՔԿ գլխավոր քարտուղարի ընտանիքի անդամի՝ եղբոր մասնակցությունը Դիմադրության շարժման հանրահավաքներին ճակատագրական է եղել վերջինիս համար:
Ինչևէ, 4.5 ամիս անց Արամ Նիկոյանը նոր պաշտոն ունի:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Արամ Նիկոյանը Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի եղբայրն է: Փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր: Փոխքաղաքապետի պաշտոնում աշխատել է 6 տարի: Հայկ Մարությանի ընտրվելուց հետո ՀՀԿ-ական փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը մերժել էր Մարությանի առաջարկը՝ շարունակել քաղաքապետարանում աշխատանքը ոչ թե փոխքաղաքապետի պաշտոնում, այլ՝ որպես իր խորհրդական։ Հենց նա էր Դիմադրության շարժման հանրահավաքների ակտիվ մասնակիցը: