Արգիշտի Քյարամյան. Նիկոլից Նիկոլը

Մայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակում հանուն Արցախի ու Հայաստանի փրկության մեկնարկած շուրջօրյա հանրահավաքները, անհնազանդության երթերն ու տարատեսակ այլ ակցիաները, պարզվում է, հոգեխանգարմունքի մեջ են գցել հայրենի ուժային կառույցների ղեկավարներին: Ըստ ամենայնի հայտարարվել է «Նիկոլից ավելի Նիկոլ» լինելու մրցավազքի մեկնարկի մասին, և ճիշտ ժամանակն է՝ ամեն գնով Նիկոլ Փաշինյանին երախտագիտություն հայտնելու համար:

Հասկանալի է, որ մարդիկ, ովքեր իրենց ողջ աշխատանքային կենսագրության «փառապանծ» էջերի, կարիերայի անհավանական ու անկանխատեսելի բարձունքներին հասնելու համար պարտական են լոկ մեկ անձի ու նրա իշխանությանը, ամեն ինչ պետք է անեն նրա իշխանությունը գեթ մեկ օրով երկարաձգելու համար:

«Նիկոլի պաշտամունքի» հետևորդների առաջամարտիկն այս պահին ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է, ով այնպիսի նախանձելի ոգևորություն է ցուցաբերում իր հավատարմությունը նրան ցույց տալու համար, ինչպիսին չի անում անգամ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

168.am-ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատվել են ՀՀ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար, կոչումով գեներալ Արամ Նիկոյանն ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանը:

Այս պաշտոնյաները աշխատանքից ազատվել են այն բանի համար, որ նրանց հարազատներին, ընտանիքի անդամներին տեսել են Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքների ժամանակ:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ ՔԿ նախագահ, օրումեջ տարատեսակ բարձր պաշտոնների նշանակվող Արգիշտի Քյարամյանը հավասարակշռությունը կորցրել է այն բանից հետո, երբ նրա սեղանին են դրել գլխավոր քարտուղարի եղբոր և Ավանի քննչականի պետի կնոջ լուսանկարները Ֆրանսիայի հրապարակում: Կարգադրել է անմիջապես աշխատանքից ազատվելու դիմումներ գրել: Այժմ գլխավոր քարտուղարի ժ/պ է նշանակվել նրա տեղակալը՝ Կարեն Հովհաննիսյանը:

Քննչական կոմիտեի արդեն նախկին գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը ՔԿ նախկին պետ Հայկ Գրիգորյանի օրոք է նշանակվել այդ պաշտոնում: Համակարգում ասում են, որ թե նա, և թե Ավանի քննչականի նախկին պետ Վարդան Ավագյանը բավականին պարկեշտ, բանիմաց, պրոֆեսիոնալ անձնավորություններ են:

Ի դեպ, Վարդան Ավագյանի կինը, մեր տեղեկություններով, աշխատում է երգչուհի Սիրուշոյի՝ ՀՀ 2-րդ նախագահի հարսի ստեղծագործական թիմում, և հենց աշխատանքային պարտականություններով պայմանավորված է վերջինս ներկա գտնվել Ֆրանսիայի հրապարակում, երբ Սիրուշոն այնտեղ կարճատև համերգով հանդես եկավ: Այդ ճակատագրական լուսանկարն է հենց պատճառ դարձել, որ Վարդան Ավագյանն ազատվի աշխատանքից:

Վարդան Ավագյանի փոխարեն Ավանի քննչականի պետի ժ/պ նշանակվել է Ազատ Դանիելյանը:

Արգիշտի Քյարամյանը բավականին աստվածավախ մարդ է. նրան հաճախակի կարելի է տեսնել եկեղեցում, պատարագների ակտիվորեն մասնակցելիս: Կարելի էր մտածել, որ այդ աստվածավախությունն իր դրոշմը պետք է ունենար նրա վարքագծի վրա, բայց ըստ ամենայնի Քյարամյանի աստվածավախությունն ու քրիստոնեական վարքականոնն ավարտվում են այնտեղ, որտեղ բախվում են Նիկոլ Փաշինյանի շահերի հետ:

Արգիշտի Քյարամյանի անձնական ողբերգությանն ու մանկական տրավմաներին չենք անդրադառնում՝ դրանք թողնելով իր խղճին. յուրաքանչյուր հերթական պաշտոնը ստանալիս հավանաբար հիշում է այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս