«Ի՞նչ գործ ունես երկրի ղեկավարի պաշտոնին, եթե Ալիևը պետք է քարտեզ ցույց տա». Տիգրան Վարդանյան
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի կարծիքով՝ վերջին ՏԻՄ ընտրությունները հերթական անգամ սեպ խրեցին հասարակության մեջ:
«Անձամբ ինձ համար անընդունելի է, որ հատկապես վերջին մարտական գործողություններից հետո, երբ 200-ից ավելի տղաներ զոհվեցին, Իշխանասարում էլի ընտրվեց ՔՊ-ն: Ինձ համար շատ զարմանալի էր, ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք հայեր են ընտրել այդ մարդկանց այնտեղ, որովհետև երբ հենց քո Իշխանասար գյուղի համար 60 տղա իր կյանքը տվել է, և որի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն այս անլվա իշխանություններն են, ինչպե՞ս կարող եք իրենց ընտրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Տիգրան Վարդանյանը, միևնույն ժամանակ, նկատեց, որ ընդդիմությունը հերթական անգամ թերացել է. «Մենք չենք կարողացել մարդկանց հետ պատշաճ մակարդակի խոսակցություններ վարել, օրինակ՝ Իշխանասարում: Բայց նաև եկեք՝ մեղքն ամբողջությամբ չբարդենք ընդդիմության վրա, որովհետև կան մարդիկ, ովքեր, ըստ իս, եթե որևէ հայրենանվեր գործիչ մասնակցի ընտրություններին և Իլհամ Ալիևը, որովհետև ինձ համար տարբերություն չկա Ալիևի և Նիկոլի մեջ, էլի գնալու են՝ ընտրեն»:
Նրա մոտ այնպիսի տպավորություն է, որ հասարակության մի հատված ավելի շատ նախընտրում է ատել նախկիններին, քան սիրել սեփական պետությունը. «Իրականում, կապ չունի՝ դու Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից ես, պետություն կա, չէ՞, նժարին դրված: Արցախն անվերադարձ կորցրել ենք այս իշխանությունների օրոք և հիմա էլ կորցնում ենք Հայաստանը: 2021թ. մայիսի 12-ից օկուպացված է ՀՀ սուվերեն տարածքը և շարունակում է օկուպացվել, հիմա էլ Բաքվից ու Թուրքիայից լսում ենք, որ այս խեղկատակը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի, որը հավելյալ տարածքների կորուստ է ենթադրում»:
Անդրադառնալով Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթին, նա նշեց, որ Հայաստանը հերթական անգամ միջազգային հարթակում խայտառակ եղավ.
«Դու երկրի ղեկավար ես հանդիսանում, բայց թշնամի երկրի ղեկավարին ասում ես՝ քարտեզը ցույց տուր: Դու քարտեզ չունե՞ս, չգիտե՞ս քո պետության սուվերեն տարածքը, քո սահմանները, ի՞նչ գործ ունես այնտեղ դու, կամ ի՞նչ գործ ունես երկրի ղեկավարի պաշտոնին, եթե Ալիևը պետք է քարտեզ ցույց տա: Իրենք իրենց քարտեզը ցույց են տալիս, իրենք ասում են՝ Կոնդն էլ է մերը: Հիմա նույն Նիկոլ Փաշինյանին հարց՝ եթե հիմա Ալիևը կամ Չավուշօղլուն ասեն՝ քո Երրորդ մասի տունը մեր պապենական տունն է, տալո՞ւ ես, կամ՝ Իջևանի քո գյուղը ևս իրենց տարածքն է, տալո՞ւ ես: Ըստ իս, նա քարտ-բլանշ է տալիս Ալիևին՝ հերթական հարձակման համար: Ինքն ամեն ինչ անում է, որպեսզի հերթական ռազմական գործողությունները, որոնք տեղի ունենան ՀՀ նկատմամբ, արդարացվեն, ինչպես Փաշինյանը հետևողականորեն մաքրում է 44-օրյա պատերազմի ամբողջ մեղքն Ադրբեջանի և Թուրքիայի վրայից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում