Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ողբերգական մահվանից 3 տարի անց վարույթը շարունակում է կասեցված մնալ
Ուղիղ երեք տարի առաջ՝ 2019թ. սեպտեմբերի 26-ին, հուղարկավորեցին ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանին:
Հայկ Հարությունյանին, ով շուրջ 10 տարի ղեկավարել էր նախ Ներքին գործերի նախարարությունը, ապա անվանափոխված Ոստիկանությունը, հուղարկավորեցին սովորական սգո սրահից, բարձրաստիճան ղեկավարության ոչ մի ցավակցություն չհնչեց, հարգանքի տուրք չմատուցվեց:
2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը մահացած հայտնաբերված Հայկ Հարությունյանի դին գլխի շրջանում հրազենային վնասվածք ուներ:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ՝ նախկին քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել էր դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել էին արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:
Առգրավվել էին Բջնի գյուղում գտնվող նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Քննչական կոմիտեից հայտնել էին, որ տեսագրությունը ենթարկվել է զննության:
«Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»,- նշել էին ՔԿ-ից։
Թեպետ Հայկ Հարությունյանին ճանաչող որևէ մեկն այդպես էլ չհավատաց ինքնասպանության վարկածին, բայց գործն այդ վարկածով էլ շարունակեց քննվել: 2021 թ. դեկտեմբերին, սակայն, Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու գործի վարույթը կասեցվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ)։ Քննչական կոմիտեից «Հետքի» հարցմանն էին պատասխանել:
Այսօր 168.am-ի հարցին՝ ի՞նչ վիճակում է Հայկ Հարությունյանի գործով վարույթը դեպքից 3 տարի անց, պատասխանեցին՝ վարույթը շարունակում է կասեցված մնալ:
«Քննվում են բոլոր վարկածները, սակայն հիմնական վարկածն ինքնասպանության հասցնելն է»,- ասացին Դատախազությունից:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին «Ժողովուրդ» օրարթերթը գրել էր, որ «նախաքննական մարմինը՝ ՀՀ քննչական կոմիտեն, Հայկ Հարությունյանի հարազատներին տեղեկացրել է, որ որոշում է կայացնելու կարճել քրգործը: Սակայն նախկին ոստիկանապետի հարազատները, մասնավորապես՝ Հայկ Հարությունյանի եղբորորդին, այդ որոշման հետ համամիտ չի եղել և հայտնել է, որ կան բացեր, որոնք նախաքննական մարմինը քննության առարկա չի դարձրել, ուստի պետք է լրացնել դրանք: Նա, մասնավորապես, միջնորդություններ է ներկայացրել Քննչական կոմիտե` ասելով, որ պետք է Հայկ Հարությունյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները լինեն քրեական գործում»:
Փաստացի Հայկ Հարությունյանի գործով վարույթը չի կարճվում միայն վերջինիս հարազատների պնդմամբ. գտնվել է առավել անշառ միջանկյալ միջոց: