Բաժիններ՝

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է 2,5 մլն դոլարի հովանավորչական պայմանագիր կնքել «Ադիդաս»-ի հետ

Առաջիկա օրերին Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBA) պատրաստվում է 2,5 մլն դոլարի հովանավորչական պայմանագիր կնքել «Ադիդաս»-ի հետ և այդպիսով ազգային ֆեդերացիաներին օգնել մարզական հանդերձանքով ապահովելու հարցում։ Այս մասին հայտարարել է IBA-ի՝ սեպտեմբերի 25-ին Երևանում կայացած կոնգրեսում ևս չորս տարի պաշտոնավարելու քվե ստացած նախագահ Ումար Կրեմլյովը՝ կոնգրեսին հաջորդած ասուլիսում։

Երևանում կայացած IBA-ի արտահերթ համաժողովի պատվիրակները ձայների մեծամասնությամբ մերժեցին կազմակերպության նախագահի նոր ընտրություններ անցկացնելու առաջարկը և վերահաստատեցին իրենց աջակցությունը գործող ղեկավարին։

Ըստ էության, երևանյան համաժողովը հրավիրվել էր հենց միջազգային ֆեդերացիայի գործող նախագահի հետագա պաշտոնավարության նպատակահարմարության հարցը քննարկելու և անհրաժեշտության դեպքում նոր ընտրություններ անցկացնելու նպատակով։ Քննարկումներն անցան թեժ մթնոլորտում։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները պնդում և հորդորում էին քվեարկել նոր ընտրություններ անցկացնելու օգտին՝ համարելով, որ դա կնպաստի IBA-ում թափանցիկության և ժողովրդավարության հաստատմանը։ Առաջարկությանը կտրականապես դեմ արտահայտվեցին Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի շատ երկրների ներկայացուցիչներ, որոնք հայտարարեցին, որ մայիսի 14-ին Ստամբուլում կայացած համաժողովում ընտրելով Կրեմլյովին՝ արդեն հաստատել են իրենց դիրքորոշումը, որը մտադիր չեն փոխել։

Արդյունքում՝ ձայների 36 կողմ, 106՝ դեմ, 4՝ ձեռնպահ հարաբերակցությամբ համաժողովը դեմ արտահայտվեց արտահերթ ընտրության անցկացմանը։ Կրեմլյովի աջակիցները հայտարարեցին, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան երբևէ այդքան բաց ու հասանելի չի եղել, ինչպես հիմա։

Արտահերթ ընտրությունների հարցը օրակարգում էր հայտնվել մայիսյան համաժողովում ծագած խնդրի պատճառով. IBA-ի համապատասխան հանձնաժողովը որոշ խախտումներ հայտնաբերելու հիմնավորմամբ մերժել էր IBA-ի նախագահի թեկնածու նիդեռլանդացի Բորիս վան դեր Ֆյորստի մասնակցությունն ընտրություններին։ Վերջինս դիմել էր Լոզանում գործող Մարզական արբիտրաժային դատարան, որը իրավաչափ չէր համարել Ֆյորստի հեռացումը ընտրություններից և նշել նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։

Գործող կանոնակարգի համաձայն՝ Ումար Կրեմլյովը IBA-ն ղեկավարելու է մինչև 2026 թվականը։

Տեսանյութեր

Լրահոս