Արարատ Միրզոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն ընդգծել է ագրեսոր պետությանը հստակորեն դատապարտելու կարևորությունը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը` ուղղված քաղաքակրթությունների միջև ներդաշնակությանը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանմանը:
«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից ագրեսոր պետությանը հստակորեն դատապարտելու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: Հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև համայն մարդկության համար։