Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին՝ զերծ մնալ ՀՀ որոշ տարածքներ այցելելուց
Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններ այցելելուց՝ հնարավոր ռազմական նոր էսկալացիայի պատճառով։ Զգուշացումն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 23-ը։
«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններ (ներառյալ ադրբեջանական էքսկլավը՝ Նախիջևանը) և Վայոց ձորի, Սյունիքի և հարավային Գեղարքունիքի շրջաններ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ևս ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Մասնավորապես, ԱՄՆ-ն հորդորել է խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ այցելությունից, ինչպես նաև՝ խուսափել Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ, ինչպես նաև՝ M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի հյուսիս երթևեկությունից: