«Գործ ունենք ռազմական հանցագործություններ իրականացնող պետության և ռազմաքաղաքական ղեկավարության հետ. Այս ամենն անպատժելիության հետևանք է». Գեղամ Ստեփանյան

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը սպանում էր հայ զինծառայողներին և անմարդկային վայրագությունների էր ենթարկում դիերը, նրանք սպանում էին նաև ռազմագերիներին՝ նկարահանում և տարածում էին։

Թշնամու այս  ձեռագիրը չի փոխվել նաև սեպտեմբերի 13-ին սկսած ռազմական գործողությունների ժամանակ՝ նախ, նկարահանում ու տարածում են, թե իբր բժշկական օգնություն են ցուցաբերում ուսից վիրավորված և գերեվարված հայ զինծառայողին, այնուհետև մի քանի օր անց նույն զինծառայողին հայկական կողմին փոխանցում են սպանված վիճակում։ Զոհված շատ զինծառայողների մարմիններ թշնամին պարզապես խոշտանգել է, այդ թվում՝ կանանց դիերը, ինչի մասին հայտարարեց ՀՀ ԳՇ պետը Ջերմուկում՝ Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագետների  հետ հանդիպման ժամանակ:

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական հանցագործությունները միջազգային հանրության կողմից չարժանացան խիստ պատժի, ինչն էլ Ադրբեջանին հնարավորություն  տվեց շարունակելու այդ հանցագործությունները։

«Միանշանակ  մենք գործ ունենք ռազմական հանցագործություններ, ռազմական ագրեսիվ գործողություններ իրականացնող պետության և ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Այս ամենը դարձել է իրենց գործելաոճը, որը և՛ 44-օրյա պատերազմին կար, և՛ 2016 թվականի ապրիլյան պատերազմում կար։ Այսինքն՝ հանցագործությունների այն բնույթը, որն արձանագրվել է ապրիլյան պատերազմի օրերին և 44-օրյայի ժամանակ, նույնն արձանագրում ենք նաև սեպտեմբերյան ագրեսիայի օրերին։ Այս ամենն անպատժելիության պատճառ ու հետևանք է, 44-օրյա պատերազմից արդեն երկու տարի է անցել, բայց ցավոք, մենք չտեսանք հստակ իրավական գնահատական Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական հանցագործությունների վրաբերյալ։ Չտեսանք նաև քաղաքական գնահատականներ միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից, և սա է հիմնական պատճառը, որ Ադրբեջանն իր վարքագիծը չի փոխել և շարունակում է  նույն ձեռագրով»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։

Կարդացեք նաև

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ առհասարակ հանցագործներին պատժում են, սակայն Ադրբեջանի դեպքում տեսնում ենք, որ որևէ պատիժ չսահմանվեց, ինչն էլ այդ երկրի համար «կանաչ լույս» վառեց, որպեսզի ագրեսիվացնի ու սաստկացնի իր հանցավոր պահվածքն ու վարքագիծը։

«Սա շատ պարզ ճշմարտություն է, որը, կարծում եմ՝ բավականին ընթեռնելի ու մատչելի ձևով հասցրել ենք միջազգային հանրությանը և կառույցներին և ակնկալել հստակ արձագանք, ցավոք, մինչև այժմ այդ արձագանքը չունենք»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։

Ըստ նրա, այն, որ ադրբեջանական կողմը վիրավոր գերեվարված հայ զինծառայողին սպանված է վերադարձնում հայկական կողմին, սա առաջին հերթին պետք է արժանանա իրավական գնահատականի։

«Սա հանցագործություն է՝ ուղղված մարդու կյանքի դեմ, և առաջին հերթին իրավական գնահատականի կարիք ունի։ Ունեմ տեղեկություններ, որ դատարան հայցեր են ներկայացվել հենց այս դեպքերով պայմանավորված։ Կան 44-օրյա պատերազմի ժամանակվա ներկայացված հայցեր, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս պահի դրությամբ քննության առարկա են։ Միանշանակ պետք է դատական ճանապարհով այդ ամենն ամբողջական քննության ենթարկվի, որպեսզի մեղավորներն իրենց պատիժը կրեն»,- ընդգծեց Գ. Ստեփանյանը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է սպասել, որ այս հանցագործությունների մեղավորները կպատժվեն, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց.

«Իհարկե, դատարանում քննվող գործերը երկար ժամանակ են պահանջում, և այս օրերին էլ քննությունը շարունակվում է Եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում։ Գրեթե վստահ եմ, որ կոնկրետ այն դեպքերով, որոնց մեր փաստերը բավականին ամուր են, այդ գործերով հաստատ հաջողություն ունենալու ենք»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես, նշված է. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ:

Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա»:

Տեսանյութեր

Լրահոս