ԱՆ նոր նախագիծ՝ պացիենտն ինքնուրույն կընտրի բժշկին, նրա թույլ տրված սխալի դեպքում կսահմանափակի վերջինի գործունեությունը
ՀՀ Առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի հիմնավորման, այս և հարակից օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 9.1-րդ կետի պահանջով:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչն էլ իր հերթին՝ հիմք կհանդիսանա վերջինների ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար:
Նշվում է, որ ներկայումս բուժաշխատողներն անհատական լիցենզիա չեն ստանում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիա ստանում են բժշկական հաստատությունները:
Բազմաթիվ զարգացած երկրներում բժշկական կրթության համակարգում առկա են որակի վերահսկման տարատեսակ գործիքներ։ Բժշկական բուհերում, հետբուհական կրթության, բժիշկների շարունակական զարգացման կրթական փուլերում առկա են որակի վերահսկման տարաբնույթ մեխանիզմներ։ Բազմաթիվ զարգացած և առաջատար առողջապահական համակարգեր ունեցող երկրներում մարդկային ներուժի որակի ապահովման ռազմավարական ուղղությունները ներառում են՝ կրթական հաստատությունների հավատարմագրումը, միօրինականացված կրթական ծրագրերի առկայությունը, ուսումնական գործընթացներում ստանդարտների առկայությունը և դրանց հետևելը, շարունակական զարգացման ծրագրերի բովանդակության, կառուցվածքի սահմանումն ու մշտադիտարկումը, բուժաշխատողների կոմպետենտությունների գնահատումը մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու նպատակով։
Մի շարք երկրներում լիցենզավորման գործընթացի համար պատասխանատու մարմիններն ակտիվորեն ներգրավված են հետբուհական կրթական գործընթացների մշտադիտարկման ու բարելավման մեջ։ Քանի որ բժշկական կրթությունն ակադեմիական բաղադրիչից բացի՝ ներառում է նաև գործնական հմտությունների բավականին մեծ բաղադրիչ, առաջանում է ակադեմիականից գործնականին սահուն անցում ապահովելու անհրաժեշտություն։
Այս անցումն ապահովելու համար ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Բելգիայում, Իսպանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում բժշկական կրթության տարբեր փուլերում կազմակերպվում են կենտրոնացած քննություններ։ Առավել հաճախ այդ քննություններն առնչվում են մասնագիտական կոմպետենտություններին և համընկնում են բժշկական հետբուհական կրթության սկզբին և ավարտին, երբ մասնագետը հաստատում է իր կոմպետենտությունը և ստանում է բուժառուների հետ աշխատելու իր թույլտվությունը (լիցենզիան)։ Լիցենզավորվելով ու մասնագետների ռեգիստրում գրանցվելով՝ բուժաշխատողը հաստատում է ու բնակչության համար հասանելի է դարձնում բժշկական օգնություն իրականացնելու իր կոմպետենտությունը։
Նախագծով առաջարկվում է օրենքը լրացնել նոր հասկացություններով (անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա)` սահմանելով վերջիններիս հասկացությունները:
Անհատական լիցենզիան տրվում է ավագ բուժաշխատողներին, որի հիման վրա վերջիններս ինքնուրույն մասնագիտական գործունեություն են իրականացնում, իսկ անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է կլինիկական օրդինատուրայում (կլինիկական ռեզիդենտուրայում) ուսումնառող անձանց: Ընդ որում, լիցենզիան տրամադրվում է բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու վերաբերյալ ավարտական փաստաթղթի (պետական նմուշի դիպլոմի) հիման վրա: Անցումային անհատական լիցենզիայի ներդրման արդյունքում կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը) հնարավորություն է ստանում բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել և բժշկական հաստատությունում գրանցվել որպես աշխատող և վարձատրվել դրա համար, ինչը ներկա պահին հնարավոր չէ անել:
Նախագծով սահմանվում է, որ հետբուհական կրթության ավարտից հետո կլինիկական օրդինատորները (կլինիկական ռեզիդենտները) հանձնում են կենտրոնացված մասնագիտական քննություն, որի հիման վրա անցումային անհատական լիցենզիան փոխարինվում է անհատական լիցենզիայով:
Հարկ է նշել, որ անհատական լիցենզիան պահպանելու համար զուգահեռաբար բուժաշխատողը պետք է անցնի հավաստագրում, ինչը, այլ պայմանների հետ հաշվի առնելով, բուժաշխատողի լիցենզիան գործողության մեջ մնալու պայման կհանդիսանա:
Անհատական լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով և յուրաքանչյուր հնգամյա փուլում երկարաձգման հնարավորությամբ:
Անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, հնարավորություն ընձեռել պացիենտին իրացնելու բժշկին ինքնուրույն ընտրելու իր իրավունքը, բժշկի կողմից թույլ տրված սխալի դեպքում սահմանափակել վերջինիս գործունեությունը` լիցենզիայից զրկելու միջոցով, իսկ կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին) իրավունք կտրվի բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում մատուցել` դրա դիմաց վարձատրվելով: