Աշխատաշուկայում կան մի շարք մասնագիտություններ, որոնց գրավչությունը բարձրացնելու խնդիր է առաջացել. ԿԳՄՍ նախարարությունը վերանայել է ցանկն ու լրացրել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նշվում է, որ նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է ոլորտում իրականացվող բարեփոխումներից՝ միտված մասնագիտությունների գրավչության բարձրացմանը:
Անհրաժեշտությունը ծագում է նաև ոլորտային զարգացման ռազմավարության ծրագրերով սահմանված խնդիրների լուծման միջոցառումների կատարումն ապահովելու պարտականությունից: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի № 1886-Լ որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունից, Հայաստանի Հանրապետության արդյունաբերական զարգացման գերակա ոլորտներին աջակցելու կարիքից, ինչպես նաև աշխատաշուկայում կատարվող փոփոխություններից, ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստման պահանջարկից:
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի № 1035-Ն որոշման հավելվածներով հաստատված են 100 մասնագիտություններ, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի աշխատավարձին և դրան հավասարեցված վճարումների մասով եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունն աճել է՝ բացառությամբ որոշ (շուրջ 20) մասնագիտությունների, ինչն արտահայտվել է տվյալ մասնագիտություններով բուհերում սովորող ուսանողների քանակի աճով:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ աշխատաշուկայում կան մի շարք մասնագիտություններ, որոնց գրավչությունը բարձրացնելու խնդիր է առաջացել՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը, մասնավորապես այն, որ երկրի տնտեսության զարգացման գործընթացում գյուղատնտեսության ոլորտն ունի բարձր պահանջարկ, սակայն չկան բավարար քանակով որակավորված մասնագետներ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունն ունի մի շարք մրցակցային առավելություններ, այդ թվում՝ երկրի պատմությունը, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում արտոնյալ պայմաններով մուտք գործել Եվրասիական տնտեսական միության մեծ շուկա: Որպես առավելություն՝ պետք է նշել նաև գյուղական և քաղաքային բնակավայրերի միջև փոքր հեռավորությունները, գյուղատնտեսական բարձրարժեք մշակաբույսերի վեգետացիայի երկար տևողությունը և վաղահաս բերքի աճեցման համար բարենպաստ ագրոկլիմայական գոտիները, հարուստ գյուղատնտեսական ժառանգությունը (Հայաստանը՝ որպես խաղողագործության և ծիրանի ու կեռասի մշակույթի հայրենիք) և, ամենակարևորը՝ բարենպաստ էկոլոգիական պայմանները՝ բարձրորակ ջուրն ու բարձրադիր տարածքները, որոնք ապահովում են առավել համեղ գյուղատնտեսական արտադրանք:
Վերոհիշյալով պայմանավորված՝ վերանայվել է ՀՀ կառավարության որոշման մեջ ներառված մասնագիտությունների ցանկը՝ հաշվի առնելով նաև պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող այլ ոլորտները, այդ թվում՝ առողջապահությունը:
Կարգավորման նպատակն է՝ խթանել սովորողների (ուսանողների) ուսուցումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներն ու մասնագիտությունները, ոլորտների ռազմավարության ծրագրերից բխող կարիքների բավարարումը:
Նախագծով ներկայացված մասնագիտությունները ներառվել են «Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն», «Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն», «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն» և « Ծառայություններ (սերվիս)» ոլորտներից:
«Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն» ոլորտը լրացվել է «Գեոմատիկա» մասնագիտությամբ: Մասնագիտության գրավչության բարձրացումը մեծ նշանակություն կունենա ուժային կառույցների, Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների, պետական գույքի կառավարման նախագծային, խորհրդատվական և շինարարական ընկերությունների համար, ինչպես նաև «Գեոմատիկա» մասնագիտությամբ որակյալ կադրերի առկայությունը հնարավորություն կտա ստեղծելու կադրային բազա, ինչը մոտ ապագայում մեծ պահանջարկ է ունենալու: ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագրի 6.5 կետով նախատեսված ազգային տարածական տվյալների միասնական ենթակառուցվածքի ստեղծման և այն կառավարման գործընթացում ներդրման համար «Գեոմատիկա» մասնագիտության շրջանավարտները տարբեր ոլորտներում կարող են ապահովել նախատեսված աշխատանքների արդյունավետ իրականացումը։
«Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն» և «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն» ոլորտներում կատարված լրացումները պայմանավորված են ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի № 1886-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունով սահմանված առկա խնդիրներից և այդ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներից:
«Ծառայություններ (Սերվիս)» ոլորտում ավելացվել է « Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունը: Մասնագիտության ներառումը պայմանավորված է ճգնաժամերի կանխման, կանխարգելման և դրանց ծագման դեպքում հետևանքների վերացման, փրկարարական աշխատանքների կազմակերպման ու կառավարման, պատերազմի հետևանքներից բնակչության պատպանության արդյունավետ իրականացման գործընթացների կարևորությամբ:
Նախագծում փոփոխություններ են կատարվել նաև Հավելված 2-ում, մասնավորապես՝ ներառվել են «Ավտոմեքենաներ և տրակտորներ», «Բուսական և կենդանական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» և «Զ.01.02 Բուսաբուծության, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն» մասնագիտությունները:
Վերոհիշյալ մասնագիտությունների ներառման նպատակը ևս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ հաստատված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների կատարումն է:
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կընդլայնվի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը: