«Իրանը պատահական զգուշացումներ չի անում․ կան քայլեր, որոնք կարող է Իրանը նախաձեռնել»․ ինչի՞ է պատրաստ Իրանը բարդ սցենարների դեպքում
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ՀՀ գործընկեր և հարևան երկրներից Իրանն է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով ուղերձներ է հղում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ համաշխարհային տերություններին:
Այսօր ևս բացառություն չէր:
Սամարղանդում ընթացող ՇՀԿ անդամ-պետությունների ղեկավարների ընդլայնված կազմով գագաթնաժողովի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծեց, որ Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։
«Մենք միշտ ընդգծել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը և մերժել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը և տարածաշրջանը, նա նաև հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու լուծել այս երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները»,- ասել է Ռայիսին՝ այն դեպքում, երբ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ներկայություն ունեցող Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարները որևէ կերպ չանդրադարձան ստեղծված ծանր իրավիճակին:
168.am-ը մշտապես անդրադարձել է այն կարևորությանը, որը Սյունիքի մարզն ունի հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար: Այդ մասին անընդհատ հայտարարություններով են հանդես գալիս իրանցի բազմաթիվ պաշտոնյաներ: Սակայն այն, թե ծանր զարգացումների դեպքում ինչ կարող է ակնկալել Հայաստանն Իրանից, բարդ է թվում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Իրանը չունեն դաշնակցային բնույթի ծանրակշիռ փաստաթղթեր:
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ իրանական կողմն իր դիրքորոշումը ներկայացրել է բոլորին ու շարունակում է դա անել:
Ըստ նրա, դիվանագիտական ողջ գործիքակազմը, որով Իրանը կարող է ազդել Սյունիքում բռնկված իրավիճակի վրա, սպառված չէ:
Նրա խոսքով, Իրանում վստահաբար դիտարկվում ու հաշվի են առնվում հնարավոր բոլոր սցենարները՝ իրենց համապատասխան արձագանքող սցենարներով:
«Պարզ է, որ Իրանը պատահական զգուշացումներ չի անում: Ինձ համար ակնհայտ է, որ Ուզբեկստանում Պուտին-Ռայիսի հանդիպմանն այս հարցը քննարկվել է, կքննարկվի նաև մյուս բոլոր հանդիպումների ժամանակ: Հարցը դիտարկվում է՝ որպես կարմիր գծից էլ ավելի կարևոր հարց: Իրանն այսօր ռազմական առումով ամենաուժեղ տերություններից մեկն է, գործոն Մերձավոր Արևելքում, ապագայում այլ քաշային կատեգորիայի խաղացող աշխարհում: Այսօր կարծես ուղերձները տեղ չեն հասնում, բայց իրանական գործոնը չի կարող հաշվի չառնվել, կան քայլեր, որոնք կարող է Իրանը նախաձեռնել»,- նկատեց վերլուծաբանը:
Ըստ նրա, հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանն ունի անվտանգային ոլորտում դաշնակիցներ, բնականաբար Իրանը և դիվանագիտական, և այլ ոլորտներում չի շտապելու որևէ քայլի դիմել:
«Ցանկացած իրավիճակ երկու կողմի աշխատանք է, և սա որքան կարևոր, այնքան էլ բազմակողմ ու նուրբ հարց է: Կարծում եմ՝ որոշ լծակների սպառումից հետո իրանական գործոնը կարող է աշխատել, հատկապես, երբ Իրանում պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակում հատուկ ուշադրությամբ հետևում են հարևան գոտում ծավալվող իրադարձություններին ու ներկայիս զարգացումներին: Այս «զարկերակը շոշափելու համար» հյուպատոսություն բացվեց Սյունիքում, և Սյունիքը, արդեն երկու տարի է՝ ոչ միայն Իրանի, այլև այլ դերակատարների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Հնդկաստանի ուշադրության կենտրոնում է: Պարզապես տեղում լծակներ ունի ՌԴ-ն: Կարծում եմ՝ որոշումները և Իրանի ակտիվությունը կլինի զարգացումներին համապատասխան, իսկ որ այն կլինի զարգացումների դեպքում՝ հաստատ է»,- ասաց նա: